Human Rights Watch-ը ՀՀ կառավարությանը կոչ է արել ապահովել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը՝ հեռախոսազանգերի վերահսկման դեպքում

Human Rights Watch-ը ՀՀ կառավարությանը կոչ է արել ապահովել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը՝ հեռախոսազանգերի վերահսկման դեպքում

HRW-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ Հայաստանի պառլամենտի կողմից մարտի 31-ին ընդունած լրացումները, կապված բջջային հեռախոսազանգերի վերահսկման հետ, սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը եւ հասանելիություն ապահովում իշխանություններին՝ վիրուսի ազդեցության տակ գտնվող մարդու բժշկական տվյալների հանդեպ, որոնք գաղտնի են։ «Հայաստանի կառավարությունը բախվել է արտակարգ իրավիճակի հետ, կապված հանրային առողջության հետ եւ տեխնոլոգիաները կարեւոր դերակատարություն ունեն հանրային առողջապահական ինֆորմացիայի տարածման եւ բուժծառայությունների հասանելիության համար»,- ասված է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիայի հայտարարության մեջ։ Վերջինս շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես անեն, որպեսզի այդ զանգվածային հսկողությունը չոտնահարի մարդկանց իրավունքները։ Միջազգային իրավապաշտպան կառույցում գտնում են, որ իշխանությունների համար հասանելի դառնալիք ինֆորմացիան կարող է պարունակել գաղտնի, եւ անձի մասին, նրա գտնվելու մասին, վարքագծի եւ գործողությունների մասին տեղեկություններ, ու թեեւ պանդեմիայի զսպման համար անձնական կյանքի իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կառավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի այդ սահմանափակումները լինեն օրինական եւ համաչափ։ Բացի այդ, կառավարությունը պարտավոր է խիստ սահմանափակումներ կիրառել հավաքվող ինֆորմացիայի եւ դրա նպատակների մասով, սահմանափակումները տարածելով նաեւ այն գործակալության կամ պաշտոնյաների վրա, որոնք կարող են հասանելիություն ստանալ այդ ինֆորմացիայի հանդեպ։ Human Rights Watch-ը նաեւ կարծում է, որ կառավարությունը պետք է խիստ հսկողություն սահմանի՝ ինֆորմացիայի արտահոսքից խուսափելու համար եւ պաշտպանի մարդկանց թվային անվտանգությունը։ Human Rights Watch-ում նաեւ ֆիքսել են, որ արտակարգ դրության տեւական պահպանման դեպքում կառավարությունը պետք է անընդհատ հետամուտ լինի, իմանալու համար, թե արդյոք ոչ ակտուալ ինֆորմացիան արդեն ոչնչացվել է։