Նասրինա Ռեզայի. Իրանական պոեզիա

Նասրինա Ռեզայի. Իրանական պոեզիա

Երիտասարդ բանաստեղծ եւ գրող Նասրինա Ռեզային ծնվել է 1991-ին, Թեհրանում: Իր առաջին բանաստեղծությունները 2016-ին հավաքել է մի տետրում՝ «Բառերը կապտեցրել են մարմինս» խորագրով, որն Իրանի գրական շրջանակներում մեծ ճանաչում է բերել հեղինակին: Ապա՝ երկու տարի անց, տպագրել է իր պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Արքայադուստրերի ողնաշարը չի ձեւախախտվում» խորագրով, որը, ըստ իս, ունի նույն թարմ շունչն ու գրավիչ լեզուն, ինչը որ ունի Նասրինայի պոեզիան:

***

Բոլոր տղաներին
Գնդակի բերանը ղրկեցիր,
Հրամանատա՛ր.
Հիմա ասա՝
Ետ վերցնելու համար
Այն գիրկը, որ
Հայրենիքս էր,
Ո՞ւր պիտի զորք ուղարկեմ:

***
Թեւերդ 
Բանակ է մի հզոր.
Ամեն անգամ 
Երբ քո գիրկն եմ գալիս,
Դառնում եմ գերի:

***
Որսալու համար ոչ մի զենք չունի
Այն կինը, որի աչքերի շունը
Հաչալ չգիտի.
Բերանիդ այդ ոսկորը 
Երկաթի կտոր է,
Որ հալվել է
Մարմնիս հնոցում,
Իսկ տեսապակու դեմ
Կարմիր շապկիցս դեպի ցած սահող
Երջանկությունը 
Նախապես գրված այն սցենարն է,
Որի ուժը չի պատում
Իրականություններին:
Ետ նստիր մի քիչ.
Թող այս տեսանյութը
Ցուցադրի այն պահերը, որ
Չեն պահպանվել նրա հիշողության մեջ:

Մենակությունը  
Մի կին է, որ
Հայելու առջեւ 
Հայտնաբերում է դեմքի
Կնճիռները առաջին:

***
Կանգնած էր գահավիժումը
Ու նայում էր երկնքին:
Վերջապես
Տախտակամածի վրա կանգնած մարդուն
Իր գիրկն առավ:
Այն օրվանից 
Ամեն գիշեր
Ձեռքերը մի բանվորի
Սենյակիս պատերի ետեւից
Սեղմում է կոկորդս...
Ձեռքեր,
Որ մնացին իմ տան 
Աղյուսների արանքում:

Ձեռքերս
Ուղարկում եմ այն մարդու հասցեին,
Ով դրանք ստանալու համար
Ձեռքեր
Չունի:

***
Գրազ եկանք՝
Սենյակիս վրա...
Ես պարտվեցի.
«Մենակությունը»
Գրավեց սենյակս:

***
Այնքան սառն ես,
Որ դեռ չգիտեմ՝
Երբ գրկում ես ինձ,
Արթու՞ն եմ, թե՞
Նորից 
Երազում 
Քո նկարի մետաղե
Շրջանակն եմ գրկել եւ շոյում:

***
Ինձանից մի ուզիր
Մեռնելս մոռանամ.
Այն օդում, 
Որի թթվածինը
Ինքնասպանության նպատակ ունի,
Այնքան էլ չի տարբերում`
Շունչը քաշե՞ս, 
Թե՞ պահես...
Մենք 
Այն մեռածներն ենք,
Որ աճում են,
Սիրահարվում 
Եվ ծնում են այլ մեռածներ
Ու չեն նկատում,
Որ բոլորն էլ բնակվում են 
Մի ընդհանուր գերեզմանում:

***
Երկինքը բերել է 
Իր սենյակի առաստաղի տակ
Այն կինը, որ
Ծխախոտի ծխով
Ամպեր է ստեղծում:

***
Ապագան
Այլայլված դեմքով 
Եվ ոտքերը սեղմող կոշիկներով
Գալիս է,
Անցնում քո վրայով 
Ու գնում:

***
ՄԵԿ
Մենակությունս 
Երբեւէ
Չըմբռնեց ոչ ոք.
Մենությունս
Ա՛յն դանակը նկատեց միայն, 
Որ երբ հասավ ոսկորներիս,
Ինքնասպան եղավ:

ԵՐԿՈՒ 
Ածելին
Սիրահարվեց երակիս,
Ու ե՛ս զոհվեցի:

ԵՐԵՔ
Ածելին
Որոշել էր դիմել ինքնասպանության...
Երակս քաշեց իր վրա:

***
Ինչ-որ ձայն է լսվում,
Շպրտում է ինձ այն արտերը,
Որոնց վայրի ձիերը
Հեռանում են սրընթաց
Դեպի սեւ վարսերն այն կնոջ,
Որը ձիավարելու երազանքը
Ամեն օր
Փռում է,
Կտրում եւ կարում:
Թմրում են մատները 
Գլխում վազող ձիերի 
Սմբակների ձայնի տակ:

Կնոջ 
Կարի մեքենայի դռռոցը 
Ցավեցնում է ուղեղս:

***
Կոշտուկավոր մատնածայրերի շոյանքը
Այտերիս
Ամենասիրային բանաստեղծությունն է,
Որ մի բանվոր
Կարող է գրել
Դեմքիս վրա:

***
Գնալդ ինձ 
Բանաստեղծ է դարձրել.
Ուժս չի պատում մտքիս,
Բառերը
Կապտեցրել են ողջ մարմինս:

***
Այնքան չի տարբերում,
Թե ուր ես կանգնած,
Երբ օտարությունը
Ներխուժել է մինչեւ քո տուն,
Իսկ պողոտան 
Սկիզբ է առնում ոտքերիդ ծայրից:

Տակավին վախենում եմ խորհելուց.
Ինչ-որ մեկը
Ծիկրակում է երազներս,
Ու ես 
Այն կնոջն եմ նմանվում,
Որ օտարական զինվորի ձեռքը
Նրա գլխից 
Քաշել է իր գլխաշորը:

***
Այն պողոտան,
Որ ինձ հետ տուն բերեցի,
Կպչել էր կոշիկներիս հատակին:
Սավանները
Շոշափում էին կոպտությունը օտարի,
Եվ պատերը
Սարսափահար
Երես էին թեքել:

Երբ երջանկությունս վեր էին քաշում,
Հմայված էի`
Ինչ-որ աստղի փայլը նայելով,
Որն ընդամենը գազ էր շիկացած:

Երանի ձգողությունը
Այնքան ուժ ունենար,
Որ երկրում պահեր խաղաղությունը:

Բուժօգնության մեքենայի կանչը
Չի լսվում այլեւս:

***
Գոնե
Նավը սուզվելուց առաջ
Արձակիր ձեռքերիս շղթաները
Քո ձեռքից,
Որ մահվանից առաջ
Ինձ ապարդյուն 
Պատեպատ տալու համար
Ելք ունենամ:

Այն սառցե լեռը, որ հալվում է արդեն,
Մարմինն է այն մարդու,
Որ իր կնոջ աչքերի առջեւ
Տանուլ է տալիս թղթախաղը
Այն քաղաքում, ուր այնքա՜ն մութ է,
Որ գիշերն անգամ չի երեւում:

Փղձկոցը,
Սեւ գլխաշորը գլխին քաշած,
Հեռանում է ինձանից:

***
Արեւը
Քո ողնաշարից է բարձրանում:
Դու
Անկասկած
Ամենասարսափելի լեռն ես,
Որի շրթունքներից 
Գահավիժումն են կարող համբուրել:
Քո մարմինն ունի այնպիսի գագաթ,
Որը երբեք 
Չեմ կարող ծռել
Մի հրաբուխ, 
Որ հանգիստ չունի:
Եվ գրկիդ լավան
Այրել է մարմինս.
Ես եմ մնացել,
Եվ մոխիրն իմ հոգու.
Զարմանալի չէ.
Ամենասարսափելի լեռները միշտ
Հմայիչ դեմք ունեն:

Պարսկերենից թարգմանեց իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ Վահե ԱՐՄԵՆԸ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ