Վերջին զրույցը Մարտունու քաղաքապետի հետ

Վերջին զրույցը Մարտունու քաղաքապետի հետ

Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի երկրորդ օրն էր` սեպտեմբերի 20-ը։ Արդեն մեկ տարի է անցել այդ օրվանից` Արցախը բռնազավթված է ռազմական հանցագործ Ալիևի կողմից, իսկ հազարավոր տարիների ընթացքում երբեք չհայաթափված Արցախը, այս «աննախադեպ» իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու պատճառով հայաթափվել է։

2023-ի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան սկսեցինք տագնապալի լուրեր ստանալ՝ թշնամին հարձակվել է Արցախի վրա, ինտենսիվ ու դաժան հրետակոծության են ենթարկվում բնակելի շենքերը, այդ երկու օրվա ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ սպանվեցին՝ կանայք, երեխաներ։

Փորձում էի կապ հաստատել Արցախի տարբեր շրջաններում բնակվող, պաշտպանական գործին ակտիվ մասնակցություն ունեցող համայնքապետերի, քաղաքապետերի, պատգամավորների ու պարզապես հասարակ մարդկանց հետ՝ հասկանալու համար, ինչ է կատարվում, որքանո՞վ են ապահով պատսպարվել։
Կապվեցի Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հետ։ Նա մտահոգ էր, սակայն խոսում էր հավասարակշռված, կենտրոնացած ու հանդարտ։ Այնքան հանդարտ էր խոսում, որ չպատկերացրեցի` հենց այդ պահին Մարտունու պաշտպանությունն էր կազմակերպում։ 

Ադրբեջանցիներն ընդգծված ձևով չէին սիրում Սաղյանին։ Դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Սաղյանն էր, որ իր հմուտ ղեկավարությամբ քաղաքի պաշտպանությունն այնքան լավ էր կազմակերպել, որ ադրբեջանական զինուժը չէր կարողացել գրավել Մարտունին։ Մարտունին ծանր քարի նման կանգնած էր թշնամու կոկորդին։ Մոնթեի արձանն էր կանգնած Մարտունի քաղաքում ու ադրբեջանցիները նույնիսկ ռուսներին էին դիմել՝ արձանն ապամոնտաժելու համար, բայց Մոնթեի արձանը կանգուն մնաց` մինչև հայաթափումը։ Սաղյանն անձամբ թույլ չտվեց, որ Մոնթեի արձանը ապամոնտաժվի։ Նաև կատակով ասում էր, որ ադրբեջանցիները Մարտունուց վրեժ են լուծում, որովհետև Մոնթեի քաղաքն է։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունին ամենաշատը տուժած քաղաքներից էր։

Սեպտեմբերի 19-ը ինձ համար միշտ ասոցացվում է Մարտունու նվիրյալ Ազնավուր Սաղյանի հետ․ հայ, որը թե որպես քաղաքապետ, թե որպես զինվոր ու հրամանատար մինչև վերջ  ծառայեց իր քաղաքին, իր քաղաքացիներին, Արցախին ու Հայաստանին։

«Հիմա խառը ժամանակներ են, շատ բաների մասին պետք չի գրել»,- մեր վերջին հեռախոսազանգի ժամանակ` սեպտեմբերի 19-ին ասաց Սաղյանը։

Նրա դիրքորոշումը հստակ էր՝ թշնամու դեմ պետք է կռվել ու դաժան կռիվ տանել, թիկունքում իրենց ընտանիքներն են, եւ եթե Արցախն ընկավ՝ նրա թիկունքում գտնվող Հայաստանն էլ կընկնի։ Սաղյանի ձայնի մեջ ցավ էր զգացվում, մենակ էին մնացել` իրենց տասնապատիկ գերազանցող թշնամու դեմ այն պարագայում, երբ արցախցի տղամարդիկ հիմնականում ստիպված էին ոտքով դիրքից դիրք կամ մի թաղամասից այլ թաղամաս տեղափոխվել, հեռախոսային կապը երջանիկ պատահականությամբ էր երբեմն գործում, երբեմն էլ ամբողջությամբ էր խափանված, չկար բենզին, չկային դեղամիջոցներ՝ վիրավորներին գոնե առաջին օգնություն ցույց տալու, արյունը կանգնեցնելու ու ցավազրկելու համար։ Ու այս ամենին ավելանում էր ամիսներով թերսնումը, սովն ու առանց Մայր Հայաստանի Զինված Ուժերի աջակցության մնալը։ Սաղյանի ձայնում հենց վերջին՝ առանց աջակցության մնալու ցավն էր շոշափվում, սակայն չկար դժգոհություն, տրտունջ։ Միայն վճռական ու մինչև վերջ կռվելու որոշումն էր՝ անկախ ելքից, չկա այլ ելք՝ վերջին կռիվը պետք է պատվով ավարտել։ 

Մեր զրույցից ընդամենը 3 ժամ հետո իմացա, որ Սաղյանը զոհվել է։ Թշնամու դիպուկահարը սպանել էր Սաղյանին հենց դիրքում։ Հերոս քաղաքապետին ադրբեջանցիները ոչնչացնելու ուրիշ ճանապարհ չունեին, քան դիպուկահարի միջոցով վնասազերծելը։ 

Զոհվելուց շատ ժամանակ անց միայն կարողացան Ազնավուր Սաղյանի աճյունը տեղափոխել Երևան ու հուղարկավորել Եռաբլուրի զինվորական պանթեոնում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու 20-ին վերջին կռիվը տղերքը պատվով տվեցին․․․