ՀԱՊԿ-ի փոխարեն Եվրամիություն

ՀԱՊԿ-ի փոխարեն Եվրամիություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ասելով, Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կրկին ընդլայնված մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա պարոն Պեսկովի ասածը կարող է և կյանքի կոչվել: Բայց կարող է նաև կյանքի չկոչվել, եթե պոտենցիալ այդ իշխանափոխությունը շոշափի զուտ վարչապետի անձը: Ու նոր իշխանությունը շարունակի Հայաստանի արտաքին ուղղվածության փոփոխության գործընթացը, որի սկիզբը դրվել է 2018-ին Նիկոլի կողմից: Ընդ որում, այն անձի, ում, ինչպես վերջերս պարզվեց կամ ավելի ճիշտ հաստատվեց, պաշտպանել է Ռուսաստանի ղեկավարությունը: Եվ դա այն ժաանակ, երբ դեռևս չէր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը: Ու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հույս ուներ, որ Արևմուտքը չի ցանկանա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ու, ըստ այդմ, կկասեցնի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ներառելու գործընթացը: Այսինքն, Նիկոլին պաշտոնից հեռացնելը խնդիր չէր առաջացնի Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանում ևս հասկանում էին, որ Նիկոլի շնորհիվ հայոց բանակն այն բանակը չէր, որ սովոր էր ադրբեջանցիների մեկ սահմանային կրակոցին պատասխանել մի քանիսով՝ լռեցնելով նրանց: Ու այդ պատճառով էլ 44-օրյայի խայտառակ արդյունքները ռեվիզիայի ենթարկելու ունակ չէր: Համենայն դեպս, մոտակա մի քանի տարիների ընթացքում:

Սա էր, որ չընկալվեց Ռուսաստանի ղեկավարության կողմից: Դրան գումարվեց նրա կողմից իրեն ոչ ադեկվատ պահելու գործընթացը ադրբեջանական հետագա ագրեսիաների ընթացքում: Չնայած Նիկոլի վարչապետությամբ Հայաստանը նրանց համար դարձել էր անկանխատեսելի: Հիշենք լճի համար, անմարդաբնակ տարածքների համար (և այլն) մենք չենք կռվելու: Հիշենք նաև, որ 2021-ին, զորքերն Աֆղնստանից դուրս բերելիս, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորները չպետք է կռվեն ուրիշների փոխարեն: Նույնը, բնականաբար, մտածում էին Մոսկվայում՝ թեև չէին հայտարարում այդ մասին: Ռուսական դիրքորոշմանը գումարվեց 2022-ի սկզբին ՀԱՊԿ-ի կողմից ղազախական գունավոր հեղափոխության փորձի կասեցումը, որ ճակատագրի ծաղրով իրականացվեց նիկոլական Հայաստանի ղեկավարությամբ (պայմանական ղեկավարությամբ): Իմիջիայլոց, այս երևույթին մեր վերլուծաբանները շատ քիչ են անդրադառնում՝ երբ խոսում են ՀԱՊԿ-ից աստիճանաբար դուրս գալու՝ Նիկոլի գործողությունների մասին: Այնինչ, դա այն գիծն էր, որից հետո Նիկոլն իր ղեկավարած երկիրն այլևս չէր պատկերացնում ՀԱՊԿ-ի կազմում: Նախ, որ իր հետ մասնավոր զրույցներում արևմտյան ղեկավարները չէին կարող չհիշատակել այդ դրվագը: Եվ երկրորդ, նրա մեջ չէր կարող չծնվել վախը, որ մի ոչ գեղեցիկ (իր համար) օր մոտավորապես նման երևույթ կարող էր առնչվել իրեն: Իսկ մենք գիտենք, որ ինքն առաջնորդվում էր ինչպես «դուխով»՝ երբ հաջողակ էր, այնպես էլ աննորմալ վախերով՝ այն բանից հետո, երբ խեղճացավ Իլհամի առաջ: 

Ասվածը նշանակում է, որ Նիկոլի վարչապետությամբ Ռուսաստանի «հայ բարեկամները» որևէ ժամանակ չեն վերսկսի իրենց ընդլայնված մասնակցությունը՝ հօգուտ ՀԱՊԿ-ի զարգացման: Դրա մասին է վկայում նաև ավելի վաղ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնության վերաբերյալ փաստաթուղթը հանելու՝ Հայաստանի խնդրանքը: Ինչի մասին իմացանք վերջերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հայտարարությունից: Դրա փոխարեն Նիկոլը շարունակում է Եվրոպական Միության հետ մեձեցումը, իսկ դրա վկայությունն էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունն է: Դրանում հայտնել են, որ նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան է ժամանելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։