«Զարթոնք» կուսակցությունը Փաշինյանի «մուրճային» սպառնալիքների հարցով պատրաստվում է դիմել ՍԴ

«Զարթոնք» կուսակցությունը Փաշինյանի «մուրճային» սպառնալիքների հարցով պատրաստվում է դիմել ՍԴ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը նույնիսկ հրավերի դեպքում չի պատրաստվում հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հրապարակի» հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահն ասաց նաև, որ հանդիպման հրավեր դեռևս կառավարությունից չի ստացել։

«Ինձ թվում է՝ պատասխան գիտեն, դրա համար էլ հրավեր չեն ուղարկում», - ասաց Զոհրաբյանը։

«Զարթոնք» կուսակցությունն ընտրությունների հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։

«Քննարկում ենք Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ունենանք, նոր քննարկենք՝ դիմենք, թե չդիմենք։ Բայց նախնական, դիմելու մտադրությունն ավելի բարձր է», - ասաց Արա Զոհրաբյանը։

«Ընդհանուր ընտրական գործընթացի կազմակերպման մեջ ենք լուրջ խնդիր տեսնում։ Եվ մենք ասում ենք, որ «Քաղաքացիական պայամանգիրը» 50 տոկոսից ավելի չի հավաքել։ Իսկ եթե հավաքել է, ապա դա հավաքել է, մեր կարծիքով, խախտումների արդյունքում։ Ամենակարևոր փաստարկը, որով կդիմենք, ատելության քարոզը, բռնության կոչերը, որոնք հոգեբանական ճնշումներ են։ Որը բնական է, որ ընտրողի վրա ազդում է», - ընդգծեց նա։ 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատուի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի ցուցադրությունն ու դրանով սպառնալն ազդել է քաղաքացու ազատ կամքի վրա։

«Օրինակ՝ քաղաքացին գնում է ընտրություն կատարելու, ինքը տեսնում է զայրացած իշխանություն, որը մուճը ձեռքին սպառնում է աջուձախ, և ինքը մտածում է, որ կարող է իր ընտրությունը վերահսկվել։ Այս դեպքում կարող է քաղաքացի լինել, որ վախով գնա ու ընտրի իշխող կուսակցությանը։ Իր ազատ կամքի վրա են ազդում ոչ օրինական մեթոդներով», - եզրափակեց քաղաքական գործիչը։