Ստուգումներ կիրականացվեն 140 ուսումնական հաստատությունում

Ստուգումներ կիրականացվեն 140 ուսումնական հաստատությունում

Ուսումնական հաստատություններում կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերն ու ռիսկերի մեթոդաբանությունը կվերանայվեն ու կլավարկվեն: Ինչպես տեղեկացրել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ 2023 թվականի ծրագրով նախատեսված է ստուգումներ իրականացնել 140 ուսումնական հաստատությունում, որոնցից 120-ը դպրոցներ են, 9-ը՝ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական, 11-ը՝ նախադպրոցական հաստատություններ: Ըստ Մատիկյանի, արդեն 37 ուսումնական հաստատությունում ստուգումներ կատարել են: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է 500-ից ավելի խախտում: Գերակշռում են տնօրենին ներկայացվող պահանջների խախտումները:

«Բնականաբար, տարվա ընթացքում ստուգումներ իրականացվում են նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, դիցուք, դիմում-բողոքների կամ պետական մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա: 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստուգումներ են իրականացվել 37 ուսումնական հաստատությունում: Այս պահին արդեն մշակվել են դրանցից 30-ում իրականացված ստուգման արդյունքները: Յոթ ուսումնական հաստատությունների արդյունքներ մշակման փուլում են եւ կներկայացվեն երկրորդ եռամսյակի ընթացքում: Արձանագրվել է օրենսդրության շուրջ 502 խախտում՝ 30 ուսհաստատությունում»,- ասել է կրթության տեսչական մարմնի ղեկավարը։

Վաղարշակ Մատիկյանի խոսքով՝ իրականացվել են նաեւ գնահատման այլ գործողություններ, որոնց հիման վրա տրվել են ցուցումներ, արդյունքների մասին տեղյակ են պահվել ուսումնական հաստատությունների լիազոր մարմինները, ինչպես նաեւ ԿԳՄՍՆ-ն:

«Արձանագրվել են նաեւ կրթության կազմակերպման գործընթացի խախտումներ: Դիտարկվում են, թե արդյոք ուսումնական հաստատությունների խորհուրդները պատշաճ ձեւով ներգրավվա՞ծ են կառավարմանը, թե՞ ոչ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե խորհրդի աշխատանքը միայն ֆորմալ բնույթ է կրում, ապա տնօրենի աշխատանքի վերահսկողությունը տուժում է»,- ասել է Վ․ Մատիկյանը: