Եթե մի օր հանկարծ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը որոշեն խոսել...

Եթե մի օր հանկարծ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը որոշեն խոսել...

Քաղաքական հակառակորդների դեմ քրեաիրավական լծակներ կիրառելը նոր երեւույթ չէ՝ այն կիրառվում է, որպես կանոն, բոլոր բռնապետական եւ ավտորիտար երկրներում։ Ճիշտ է՝ պատմությունը բազմիցս ապացուցել է այդ գործելաոճի անհեռանկարայնությունը եւ դաժանորեն պատժել է նման մեթոդների սիրահարներին, բայց, միեւնույն է՝ ուրիշների սխալներից շատ քչերն են կարողանում դասեր քաղել։ Իսկ քրեաիրավական մեթոդները կիրառելու գայթակղությունից զերծ մնալու համար մարդը՝ բռնապետը, միանձնյա ղեկավարը, սուպերվարչապետը, պետք է լայն մտահորիզոն ունենա, տեսակով դեմոկրատ լինի, հասկանա իր պատմական առաքելությունը եւ, վերջապես՝ ամոթի զգացում ունենա։ Երբ մարդը կորցնում է չափի զգացումն ու իրեն Աստված է զգում, դժվար է նրանից սպասել, որ իր բարձունքից հասարակ մահկանացուներին կնկատի ու նրանց շահերով կառաջնորդվի։ Կամ՝ կհիշի, որ ինքն էլ, ի վերջո, շարքային մահկանացու է, եւ պաշտոնն էլ հավերժ չէ։ Ցավոք, մեր 30-ամյա պատմության ընթացքում մեզ բախտ չի վիճակվել այդպիսի ղեկավար ունենալ։

Մեր բոլոր ղեկավարները հմտորեն «կիրառել» են Քրեական օրենսգիրքն իրենց քաղաքական հակառակորդների դեմ։ Ընդ որում, դա արել են ոչ միայն այն պատճառով, որ չեն հանդուրժել քննադատություն եւ քաղաքական ընդդիմության հանդեպ պաթոլոգիկ ատելություն են տածել, այլեւ իրենց անկում ապրող ռեյտինգը բարձրացնելու եւ հանրության ամենացածր խավի պահանջները բավարարելու համար են գնացել այդ քայլերին։ 1994-ին՝ հրադադարի պայմանագրից 7-8 ամիս անց, հայացքներով դեմոկրատ ու հայտնի գիտնական, իսկ 1991-ից ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եթեր դուրս եկավ, թեւքերը քշտեց ու Դաշնակցության «մահախոսականը» կարդաց, ինչին հաջորդեց ՀՅԴ կուսակցության կասեցումը, լրատվամիջոցների ջախջախումն ու դաշնակցականներով բանտերը լցնելը։ Մի քանի տարի հանրությունը հետեւում էր «Դրո»-ի ու 31-ի դատավարությանը, ՀՅԴ-ականներն ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ակցիաներ էին կազմակերպում, բայց կուսակցության վերաբացումը եւ բանտերից նրանց պարագլուխներին ազատ արձակելը եղան միայն իշխանափոխությունից հետո՝ 1998-ին, Քոչարյանի նախագահ դառնալուց հետո։

Քաղաքական հակառակորդներին ոչ մի ղեկավար, իհարկե, չի սիրում։ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ հարցում շատ չէր տարբերվում իր նախորդից․ թեեւ մասսայական ձերբակալություններ նրա ժամանակ չեղան, բայց եղան Վանո Սիրադեղյանի հետապնդումն ու Տեր-Սահակյանի խմբավորման դատավարությունը, 2 տարի բանտում անցկացրեց Աշոտ Բլեյանը, «Ա1+»-ը փակվեց եւ այլն։ Այնպես որ, կարելի է ասել՝ ձեռագիրը գրեթե նույնն էր։ Այդ տարիներին տնտեսական կապիտալը լիովին վերահսկվում էր նախագահականից, մամուլի դեմ ճնշումներ կային, եւ ամենակարեւորը՝ ընտրական գործընթացները կառավարվում էին եւ ուղղորդվում ՀՀ նախագահի կողմից։
Սերժ Սարգսյանի ժամանակներն էլ դեմոկրատական չէին՝ միայն 2015 թվականին ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված հրապարակային հաշվեհարդարը բավական է, որ հասկանալի լինի՝ նույն ձեռագիրն է, նույն ոճը։ Այս շրջանում հատկապես լայնորեն կիրառվում էին անցանկալիների նկատմամբ հարկային ստուգումներ իրականացնելու, հակառակորդներին «առնելու», կեղծ ընդդիմություն ձեւավորելու մեթոդները։

Ապա եկավ Նիկոլի ժամանակը։ Կարելի էր ենթադրել, որ ընդդիմությունից իշխանություն գնացած, բանտով ու դատարաններով անցած Նիկոլ Փաշինյանը կտարբերվի նախորդներից՝ չի գնա քրեական մեթոդներով քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու ճանապարհով։ Ավելի լայնախոհ կլինի ու դեմոկրատ, ի վերջո՝ երիտասարդ է, նախկին խմբագիր է, մաշկի վրա զգացել է անօրինական հետապնդումների ողջ ծանրությունը։ Պարզվեց՝ սխալվել ենք։ Նա գերազանցեց  բոլոր նախկիններին։ Բոլոր նրանք, ովքեր համարձակվում են Նիկոլ Փաշինյանին ասել՝ աչքիցդ վերեւ հոնք կա, անմիջապես հայտնվում են իրավապահների տեսադաշտում։
Վիտալի Բալասանյանը քննադատեց նրան, անմիջապես ծանուցումներ ստացավ ՀՔԾ-ից, որ ներկայանա ու պատմի Մարտի 1-ի դեպքերի մասին, որոնց ժամանակ անգամ Երեւանում չի էլ եղել՝ լսել է ուրիշներից, կարդացել մամուլում։

Դավիթ Շահնազարյանը խոսեց բանակցային գործընթացը տապալելու եւ Ղարաբաղի հարցը փակուղի մտցնելու մասին, մեր անվտանգությանը սպառնացող վտանգներից, անմիջապես հրավիրեցին ԱԱԾ՝ արի, բացատրություններ տուր եւ այլն։
«Հայաստան» հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանին մի անգամ բռնեցին, բաց թողեցին, քանի որ, պարզվեց, վնաս չէր պատճառել հիմնադրամի բյուջեին՝ փողը վերցրել, հետո տեղն էր դրել։ Նա բանտից դուրս եկավ, սկսեց քննադատել իշխանություններին ու Փաշինյանին, անմիջապես նորից բռնեցին։

Ամեն անգամ ԲՀԿ-ի կողմից մի թեթեւ «անհնազանդությունը» պատժվում է Ծառուկյանի բիզնեսներում խոշոր ստուգումներով, նրա շինարարությունը դադարեցնելով, բերած ներդրողներին երկրից վտարելով, մերձավորների դեմ քրեական գործեր հարուցելով։
Դատավոր Դավիթ Գրիգորյանն ազա՞տ արձակեց Ռոբերտ Քոչարյանին՝ խուզարկեցին գրասենյակն ու քրեական գործ հարուցեցին մի կասկածելի դիմումի համաձայն։
Հ5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին՝ քրեական գործերի փաթեթ են դեմ տվել։

Հրայր Թովմասյանը հօգուտ Քոչարյանի որոշում է կայացրել, պետք է հրաժարական տա։ Հրաժարական չի՞ տալիս՝ հորն ու աղջիկներին կտանեն ԱԱԾ, ապա իրեն կհարցաքննեն ու գործ կհարուցեն մի նոտարի ցուցմունքի հիման վրա։

Աղվան Վարդանյանը Քոչարյանի պաշտպանությունն է ստանձնել եւ Փաշինյանի՞ն է քննադատում, հենց կառավարության նիստում «հանկարծ» Փաշինյանը հիշում է մանկատների սաների բնակարանների 20-ամյա մի պատմություն, Հ 1-ն էլ ռեպորտաժ է պատրաստում դրա մասին՝ առանց որեւէ փաստական հիմքի, չնայած, եթե սոցապնախարարին կարելի է մանկատների սաների բնակարանների տենդերի համար մեղադրել, ուրեմն Արայիկ Հարությունյանը պետք է Գեւորգ Լոռեցյանի, իսկ Արսեն Թորոսյանն իր փոխնախարարի կողքի խցերում վաղուց նստած լինեին։
Արթուր Վանեցյանը, որի անունը վանկարկում էին անցած տարվա հանրահավաքներում, եւ նա Նիկոլ Փաշինյանին շատ մոտ էր, իր հրաժարականից եւ Փաշինյանին ուղղված քննադատությունից հետո նույնպես հայտնվեց սեւ ցուցակում՝ ողջ իշխանական թիմն ու ֆեյքախառը զանգվածը հարձակվեցին նրա վրա, սկսեցին վարկաբեկել նրան։ Վանեցյանի հետ կապված կազմակերպություններն ու անձինք հայտնվեցին իրավապահների թիրախում, լրատվամիջոցներից մեկը թույն «հետաքննություն» արեց՝ պղնձամոլիբդենային կոմբինատի հետ նրա կապը բացահայտելու համար, «Դինամո» մարզադաշտին հարակից ծաղկավաճառները բերման ենթարկվեցին, եւ, իրենց իսկ վկայությամբ, փորձեցին նրանցից ցուցմունքներ կորզել, թե Վանեցյանին են «մուծվել»։

Քրեական գործ հարուցվեց, եւ կալանքի սանկցիա սահմանվեց «Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներից մեկի՝ Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ։ Քանդվեց Օպերայի «Ջազվե» սրճարանը, եւ կալանավորվեց «Սպայկա» ընկերության տնօրենը, որից 2 միլիարդ եւ ավելի գումար գանձեցին, որից հետո տնօրենին ազատ արձակեցին, բայց հարուստ եւ կայացած ընկերությունը սկսեց սնանկանալ։

Իրավապահները ներխուժեցին «Երեւան թըդեյ», ձվեր նետեցին «Հայելի» ակումբի վրա, հարձակվեցին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողների վրա։   
Քրեական գործեր հարուցվեցին Դիլիջանի, Իջեւանի, Մասիսի քաղաքապետերի վրա։
Այսինքն՝ բոլոր այն պարագաներում, երբ հնչել է քննադատություն Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանությունների հասցեին, կամ որեւէ պաշտոնյա չի ենթարկվել իշխանությունների հրահանգին եւ աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, հաջորդել են հալածանքն ու հետապնդումը։ Եվ եթե մի օր ՀՀ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը կամ Քննչական կոմիտեի ղեկավարը որոշեն խոսել եւ պատմել, թե հեղափոխությունից հետո կոնկրետ ինչ հրահանգներ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, մեր առաջ կբացվի այն խայտառակ պատկերը, թե ինչպես է նախկինում հալածված ընդդիմադիրը կիրառում նախկինների մեթոդները, ինչպես է խառնվում իրավապահների աշխատանքին եւ իր քաղաքական հակառակորդներին հետապնդում՝ միջոցների մեջ խտրություն չդնելով ու անօրինական հրահանգներ իջեցնելով։

Հասկանալի է, որ քանի դեռ իշխանության գլխին ես, այսպես կոչված, «ծովը ծնկիցդ» է, եւ քեզ թվում է՝ հավերժ վայելելու ես սուպերվարչապետության հմայքները, բայց խելքը մարդուն տրված է, որպեսզի գիտակցի՝ մի օր ամեն ինչ ավարտվում է, այդ թվում՝ հանկարծահաս հրաշքով գլխիդ ընկած իշխանությունը։ Եվ գալիս է պատասխանատվության պահը։