Անիվը ետ կպտտվի՞. 09.11.2020-ի Մոսկվայից դեպի 29.10.2020-ի Ժնեւ

Անիվը ետ կպտտվի՞. 09.11.2020-ի Մոսկվայից դեպի 29.10.2020-ի Ժնեւ

Երեւանում միտինգներ են: Հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներում են` իրավացիորեն բողոքելու համար նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության դեմ, այնուհետեւ` այդ հայտարարության ներքո ստորագրած Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար: Իհարկե, դա հայտարարություն է, համաձայնագիր չէ, այն որեւէ պարտավորություն չի ստեղծում եւ ոչ մի հետեւանք չի ենթադրում չկատարման դեպքում: Ինչպես դեռ նոյեմբերի 10-ին ենք կանխատեսել, հնարավոր է առկա դիվանագիտական անցուդարձի արդյունքում հրադադարի հաստատումը եւ ռուս խաղաղապահների տեղակայումը մնան նոյեմբերի 9-ի հայտարարության միակ իրագործված կետերը վերջնահաշվում: 
Միջազգային ատյաններում` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ ողջունել են հրադադարի հաստատումը, անգամ շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին այդ ջանքի համար, բայց միայն այդքանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցվող պայմանագրային կարգավորումների ընդգրկումը նոյեմբերի 9-ի հայտարարությունում որեւէ մեկը հավանության չի արժանացրել` Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բարձրաձայնել են իրենց կտրուկ վերապահումները` Ելիսեյան պալատի եւ պետդեպի մակարդակներով, եւ միանգամայն հնարավոր է Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով հայտարարություն կհնչի առ այն, որ տարածքների վերադարձի, կոմունիկացիների ապաշրջափակման եւ մնացյալ խնդիրները հրադադարի հայտարարությամբ կարգավորվել չեն կարող: Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները ժամանում են Մոսկվա, որտեղ այսօր կամ վաղը կայանալու է նրանց հանդիպումը եւ միանգամայն սպասելի է, որ հնչի համատեղ հայտարարություն: 

Հուսանք վերջին անգամ` Փաշինյանի մասին

Այդուհանդերձ, Մոսկվայից Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությանը սպասելով հանդերձ, ներկա պահին սեղանին է նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Եվ այդ հայտարարությունը անժխտելի կերպով փաստում է, որ Փաշինյանը իր անհեռատեսության, միջազգային մեկուսացման, անհասկացողության ու անպատասխանատվության արդյունքում ոչ թե հոկտեմբերի 30-ին Ժնեւում է հասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտ քայլերի ու ժամանակացույցի հայտարարմանը, ինչի մասին ազդարարված էր դեռ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնից (այդ մասին մանրամասն գրել ենք «29.10.2020, Ժնեւ, ԼՂՀ հակամարտության վերջնագի՞ծ» hոդվածում), երբ Հայաստանը միանշանակորեն գերադասելի ու շահեկան դիրքերում էր, Շուշին մեր վերահսկողության ներքո էր եւ այլն, այլ ճարահատյալ, գրեթե անընդունելի պայմաններով հրադադարի է համաձայնել Մոսկվայում, նոյեմբերի 9-ին: 
 

Ինչու Ղարաբաղյան կարգավորման էպոպեայի վերջնագիծը, որ պետք է հատվեր Ժնեւում, հոկտեմբերի 29-ին ի դեմս հակամարտության կարգավորման քայլերի հաջորդականության եւ ժամանակացույցի վերջնական համաձայնեցման եւ հրապարակման` տեղի չունեցավ: Սա է հարցերի հարցը: Սակայն ինչպիսին էլ լինի պատասխանը, հենց միայն Ժնեւ-Մոսկվա փոխատեղման փաստը աներկբա ու անվիճարկելի է դարձնում Փաշինյանի հեռանալու անհրաժեշտությունը:

Եթե Փաշինյանը գիտակցել է, որ քաղաքականապես, գուցե նույնիսկ ֆիզիկապես կարող է զոհվել նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը ստորագրելու համար, ուրեմն պետք է հասկանա, որ իր հետագա պաշտոնավարումը իբրեւ վարչապետ անհնար է թեկուզ օպտիկայի տեսակետից, որովհետեւ իր դեմքն այլեւս զոհված զինվորներն են, Դադիվանքից իջեցված խաչերը եւ նոյեմբերի 9-ի հայտարարության ներքո իր ստորագրությունը: Իսկ այդ դեմքով վարչապետ Հայաստանը չի կարող հանդուրժել: Իր պաշտոնավարությամբ, անգամ իր գոյությամբ ինքն արդեն վիրավորում է Հայաստանին: Եթե ռամկական ծագմամբ Փաշինյանի փոխարեն ավելի բարձր ծագման ու ազնվական էությամբ մարդ լիներ, այսպիսի իրավիճակում երեւի այլ ընտրություն չէր ունենա, քան ինքնասպանություն գործելը:

Սակայն Փաշինյանն ազատ է ընտրելու իր մորթապաշտ գոյությունը երկրագնդի վրա շարունակելու տարբերակը: Սակայն այդ դեպքում նա պարտավոր է դիմել ՀՀ նախկին երեք նախագահներից յուրաքանչյուրին եւ անձամբ խնդրել, որ նրանցից մեկը, ում իրենք հարմար կհամարեն, ժամանակավորապես ստանձնի ՀՀ վարչապետի պարտականությունները` պարտավորվելով, որ «Իմ քայլը» կընտրի որոշված թեկնածուին, իսկ ներկա ճգնաժամի հաղթահարումից հետո, ամենաուշը մինչեւ տարեվերջ ԱԺ-ն կգնա ինքնալուծարման եւ երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

Ինչո՞ւ նախկին նախագահներից մեկը
Ինչու Փաշինյանը պետք է դիմի եւ խնդրի, որ նախկին նախագահներից, կամ ծայրահեղ դեպքում նախկին ԱԳ նախարարներից մեկը (Վահան Փափազյան, Վարդան Օսկանյան,  Էդվարդ Նալբանդյան) ժամանակավորապես ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Որովհետեւ Փաշինյանը եթե դեռ անմեղսունակության վիճակի չի հասել, պետք է գիտակցի, որ փողոցից ձեւավորված իր իշխանությունը աղետ էր ի սկզբանե, եւ չէր կարող Հայաստանն այլ տեղ առաջնորդել, քան ներկա հանգրվանը: Հետեւաբար երկու անգամ նույն ջուրը չմտնելու, երկրում նորից փողոցից իշխանության ձեւավորում թույլ չտալու համար, ինքը պետք է վարչապետի պաշտոնը զիջի այլ անձի եւ հեռանա, առջեւում ամրագրելով արտահերթ խորհրդարանակական ընտրությունները:

Իսկ ինչու իշխանությունը պետք է հանձնվի նախկին նախագահներից կամ ծայրագույն դեպքում ԱԳ նախարարներից մեկին: Որովհետեւ իրենց պաշտոնավարության ընթացքում այդ մարդիկ ապացուցել են, որ ունեն այնքան հեղինակության, կշիռ, կապեր, որ կարող են ընկալուչը վերցնել, զանգահարել Վաշինգտոն, Փարիզ, Մոսկվա, եւ իրենց կլսեն, իրենց խոսքին արժեք կտան, իրենք խնդիր կկարգավորեն: Հատկապես Փարիզ եւ Վաշինգտոն, որովհետեւ այսօր Երեւանի փողոցներում ցույցերը կամ անհայտ կազմով «Փրկության կոմիտեն» չէ որ ապահովելու են նոյեմբերի 9-ի հայտարարության վերաֆորմատավորումը, այլ դիվանագիտական դաշտում Փարիզի եւ Վաշինգտոնի միջամտությունը եւ արձանագրումը, որ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցվող Խաղաղության համապարփակ համաձայնագրի կարգավորումները չեն կարող ամրագրվել որեւէ այլ կերպ, քան Մինսկի խմբի համաձայնագրով: (Երեւանի փողոցներում հնչող հայտարարությունն՝ այն ստորագրած կողմերի հետ վերաբանակցելու մասին, ձեռնածություն է ցուցարարների համար, ուրիշ ոչինչ): 

 Նոյեմբերի 9-ի հայտարարության վերաֆորմատավորման ուղղությամբ հարկավոր է աշխատանք, որը Փարիզի եւ Վաշինգտոնի ուժերով արդեն ընթացքի մեջ է, ներառյալ Փարիզից հասանելի դարձած տեղեկությունը, որ Ֆրանսիան պնդում է ԼՂԻՄ տարածքի ամբողջականության երաշխավորումը: Բայց անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ աշխատանքներից բացակա չլինի: Մանավանդ որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի եւ ՌԴ արտգործնախարարների մակարդակով ԼՂ խնդրի որոշիչ քննարկում է սպասվում, եւ հնարավոր է այդ հանդիպման համար Մոսկվա ժամանի նաեւ ԱՄՆ պետքարտուղարը կամ փոխպետքարտուղարը: 

Իսկ բոլոր այս դիվանագիտական վճռորոշ անցուդարձին մասնակից լինելու համար ոչ միայն Փաշինյանը պետք է հեռացած լինի, այլեւ` բառացիորեն ընկալուչը վերցնելու եւ Վաշինգտոն ու Փարիզ զանգելու կարող մեկը պետք է վարչապետի պաշտոնում լինի: Մի խնդիր, որի իրագործումը Երեւանի փողոցներում ցույցերը առաջնորդող կուսակցականների  կարողություններից վեր է: Իրենց թվից մի քանի պրո-ռուսական ֆիգուրներ գուցե կարող են Մոսկվա, Կրեմլ զանգել, մոտավորապես նույն վիճակով, ինչպես Փաշինյանն էր զանգահարում, բայց Ելիսեյան պալատի ու Սպիտակ տան հետ ինչպե՞ս են աշխատելու… Իսկ այս օրերին կարեւորը հենց Փարիզն ու Վաշինգտոնն են, որովհետեւ նրանց միջամտությամբ եւ պնդմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարող է վերաֆորմատավորվել:    Դրա համար որքան կարեւոր է Փաշինյանի հեռանալը, ավելի կարեւոր է հաջորդ վարչապետի անձը: Նախկին նախագահներից ով էլ իրադրությունը գնահատելով համաձայնի այս պահին պատասխանատվություն ստանձնել, պետք է խնդրենք, որ դա անի: Ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանն էր ասում` ազգովի խնդրենք: