Եկել է փայ մտնելու ժամանակը. «Նոր Զովքը»՝ հերթական թիրախ

Եկել է փայ մտնելու ժամանակը. «Նոր Զովքը»՝ հերթական թիրախ

Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է հրահանգել ՊԵԿ-ին՝ գործ սարքել «Նոր Զովք» խանութների ցանցի դեմ, իսկ իրավապահներին՝ կալանավորել այդ ցանցի սեփականատիրոջն ու ղեկավարներին, բայց փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել։ «Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել, երեկ մի ռեպորտաժ տեսա, ասացի՝ մեկնաբանությունները նայեմ, մարդիկ գրում էին, որ էս սուպերմարկետին բռնել են, որ էն մյուսի գործերը լավ գնա։ Ասում են՝ էլի սարքեցիք։ Ոչ ոք չի ասում՝ դա իրականությո՞ւն է, թե՞ ոչ։ Ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երեւան Սիթին», «Քարֆուրն» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչն ինչի համար է եղել։ Բոլորը պետք է վճարեն հարկերը, հարկերի չվճարումը պետք է պետական համարժեք արձագանք ստանա»,- Գերմանիայում հայտարարել է Փաշինյանը:

Նրա ասածն այն է, որ խանութների ցանցի դեմ արշավ սկսելու երկու բացատրություն կա. մեկն այն է, որ ինքը հանձնարարել է ՊԵԿ-ին եւ Քննչական կոմիտեին՝ շուկայից դուրս մղել «Նոր Զովքին», դրանով կատարելով նրա մրցակիցների պատվերը, մյուս պաշտոնական վարկածն է՝ խանութների այս ցանցը փորձել է հարկեր թաքցնել, ՊԵԿ-ն էլ վերականգնում է արդարությունը: Բայց չէ՞ որ կա նաեւ երրորդ տարբերակը, որն ավելի իրական է. Փաշինյանը «Նոր Զովքի» սեփականատիրոջից պահանջում է իր բաժինը, պարզ ասած՝ ուզում է փայ մտնել այդ ցանցում: 
«Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տեւական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային եւ վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքն անձանց դեմ որպես պատիժ կիրառելու եւ ընկերությանը նյութական եւ ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։ Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը, «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունն իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից»,- ասված է «Նոր Զովքի» փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Փաստաբանները չեն հասկանում, թե ինչ անհրաժեշտություն կար կալանավորել «Նոր Զովքի» ամբողջ ղեկավար կազմին, իսկ ընկերությանը զրկել գործունեություն ծավալելու հնարավորությունից: Իսկ գուցե շատ լավ էլ հասկանում են, բայց վախենում են բարձրաձայնել: Եթե Փաշինյանի նպատակը լիներ պետությանը պատճառված 4 միլիարդ դրամը վերադարձնելը, նա ուղղակի ընկերությանը կպարտավորեցներ այդ գումարը վերականգնել պետական բյուջե, եթե, իհարկե, դատարանն ապացուցված համարեր, որ ընկերությունն այդքան գումարի հարկային պարտավորություն է թաքցրել պետությունից: Կամ՝ որտեղի՞ց Փաշինյանին այդ թիվը, ինչո՞ւ է նա հստակ նշում այդ 4 միլիարդը, որը 10 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար է: Նման բան հնարավոր է, եթե Փաշինյանն այդ 4 միլիարդը համարում է, որ շուտով կդառնա իր սեփականությունը՝ եթե գումարով, երբ իր կողմից հրահանգավորված օպերացիան հաջող ավարտ ունենա:

Իհարկե, նորմալ պայմաններում պետությունը հենց այդպես էլ կվարվեր. ՊԵԿ-ը կդիմեր դատարան եւ կպարտավորեցներ վերականգնել պետությանը պատճառված վնասը: Բայց Փաշինյանը կալանավորել է տվել ընկերության ղեկավար կազմին ու ցույց է տալիս, որ պատրաստ է կործանել այդ ընկերությունը, եթե նրանք չհամաձայնեն իր առաջարկած պայմանին. «Նոր Զովքում» 10 միլիոն դոլարի չափով փայ են տալիս եւ ազատ են արձակվում՝ շարունակելով Փաշինյանի հետ համագործակցված աշխատելը: Մենք չգիտենք, թե որքան է գնահատվում «Նոր Զովքը», եւ այդ 10 միլիոնը «Նոր Զովքի» քանի տոկոսն է, այսինքն՝ Փաշինյանը քանի տոկոսի փայ է ուզում ընկերությունից, գուցե՝ 10, գուցե՝ 20, բայց որ նրա ուզածն այդ ընկերությունից սեփական մասնաբաժին ունենալն է, դրանում չի կարող կասկած լինել:

Կհամաձայնի՞ «Նոր Զովքի» սեփականատերը կամ սեփականատերերը՝ Փաշինյանին ընդունել իրենց շարքերը, որի դիմաց կստանան ազատություն եւ բիզնեսով զբաղվելու թույլտվություն, մենք կիմանանք առաջիկայում: Որովհետեւ ունենալով պետական տեռորի բոլոր միջոցները`ՊԵԿ եւ իրավապահ մարմիններ, Փաշինյանն իսկապես անելանելի վիճակի մեջ է դրել այս ընկերությանը. կա՛մ նրանք դիմադրում են Փաշինյանին եւ կորցնում են ամբողջը, կա՛մ ամբողջը չկորցնելու վախից համաձայնում են հրաժարվել մասից: Սովորաբար տեղի է ունենում երկրորդ տարբերակը, քանի որ գործարարները գնահատում են իրենց ազատությունն ու իրենց փողերը եւ գործարքի են գնում: Եթե «Նոր Զովքի» սեփականատերերն առաջիկայում ազատվեն, եւ ընկերությունը շարունակի իր գործունեությունը, ուրեմն գործ ունենք Փաշինյան-«Նոր Զովք» գործարքի կայացման հետ: Կամ՝ «Նոր Զովքի» սեփականատերերը պետք է համարձակություն ունենան եւ հայտարարեն, թե Փաշինյանն իրենցից ինչ է պահանջում:

Փաշինյանի ախորժակը գնալով մեծանում է, եւ նա անընդհատ եկամտի նոր աղբյուր է փնտրում, նման այն հրեշին, որն ամեն հերթական զոհին կուլ տալուց հետո ավելի է մեծանում, եւ նրա ախորժակը բավարարելու համար ավելի ու ավելի մեծ զոհողություններ են պահանջվում: «Նոր Զովքը» հերթականն է զոհերից, բայց ոչ վերջինը: Մյուս ընկերությունները եւ գործարարները թող պատրաստվեն հաջորդը լինելուն, ՊԵԿ-ն ու քննչական մարմինները միշտ կկարողանան գործեր կարել ու կալանավորել սեփականատերերին, ընկերության ղեկավարներին ու աշխատակիցներին ու նրանց ազատության դիմաց պահանջել փող եւ մասնաբաժին: Որեւէ մեկի սեփականության իրավունքը Հայաստանում երաշխավորված չէ, որեւէ մեկի ունեցվածքն իր սեփականը չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ամբողջ Հայաստանի սեփականատերը լինել`29,8 հազար քառակուսի կիլոմետրի կամ դրանից մնացածի սեփականատերը:

ՀԳ. Վրացի գործընկերներս ասում են, որ Միխայիլ Սահակաշվիլին եւս գնաց այդ ճանապարհով՝ կալանավորելով եւ ունեզրկելով հազարավոր վրաց գործարարների ու տիրանալով նրանց սեփականությանը: Սահակաշվիլին հիմա արդարանում է, թե ոչ մի սեփականություն էլ չունի եւ նույնիսկ իր տունն է վաճառել, բայց նման փայերն անմիջապես չեղարկվում են փայատիրոջ իշխանազրկման դեպքում: Իվանիշվիլին հաջողության հասավ բիզնեսին ապահովություն եւ սեփականության իրավունքի պաշտպանություն խոստանալով, հենց դրանով է պայմանավորված նրա իշխանության ամրությունը: Այն բիզնեսմենները, ովքեր հիշում են Սահակաշվիլու գործած հարկային ու ուժային տեռորը, ամեն կերպ դիմադրում են նրա վերադարձին, իսկ նրա անազատության մեջ գտնվելը համարում են միանգամայն արժանի հատուցում իր գործած վայրագությունների դիմաց:


Ավետիս Բաբաջանյան