Դիմելու ենք դատարան, բայց դա երկարաժամկետ գործընթաց է. հիմա է պետք պահանջատեր լինել

 Դիմելու ենք դատարան, բայց դա երկարաժամկետ գործընթաց է. հիմա է պետք պահանջատեր լինել

Քաղաքացիներին իրազեկում ենք, որ կա փաստաբանական թիմ, որը կարող է անվճար օգնություն ցուցաբերել։ Նախարարի հետ հանդիպում չենք էլ պահանջում, քանի որ նկատում ենք, որ գերատեսչությունում շարունակում են դրսևորել ապակառուցողական վարքագիծ։ Այս մասին քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց մեկնարկած հերթական բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Հիշեցնենք՝ ակցիան նախաձեռնել է «Ազատ կամքը»։

«Բոլորդ գիտեք, որ Հունվարի 22-ից սննդի կենտրոններ, մշակութային օջախներ և մարզասրահներ քաղաքացիները պետք է մուտք գործեն կամ պատվաստված, կամ թեստավորված։ Իրավաբանորեն օրինակ եթե անձը փորձի մուտք գործել մարզասրահ առանց պատվաստվելու, ստուգողները չեն կարող տուգանել մարզասրահի կազմակերպությանը, այլ անհատին, հետևաբար նախարարի հրամանը շրջանցելու հնարավորություն է տալիս։

Նույնը գործատու-աշխատողի դեպքոմ։ Գործատուների վրա դրված չէ պարտականություն՝ իրենց աշխատողներին պատվաստեն կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնեն։ Գործատուների մի մասը այս նախարարությունից  ավելի մոլեռանդ իր աշխատողներին ստիպում է պատվաստվեն, ընդ որում կեղծ տեղեկություններ են տարածվում, թե կտուգանեն 500 հազար դրամով, բայց վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանք նախատեսում է քաղաքացիների համար 10-20 հազար դրամ, եթե օրինակ չի պատվաստվել, կամ սերտիֆիկատ չունի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 40-120 հազար դրամ։ Սա է տույժի չափը։ Բայց լեգենդներ են տարածվում, թե եթե աշխատողը պատվաստված չէ, գործատուին են տուգանելու, բայց իրականում գործատուն գրանցամատյանը վարեց՝ խնդիր չկա։Իրավական առումով հնարավո՞ր է սահմանափակումներից ազատվել, հնարավոր է։ Դիմելու ենք դատարան, վիճարկելու ենք որոշումը, բայց քանի որ սա նորմատիվ իրավական ակտ է, վարչական դատարանում է այն քննվում  հատուկ ռեժիմով, իսկ դա երկարաժամկետ գործընթաց է։ Հիմա հենց հասարակությունը պիտի պահանջատեր լինի»,- հավելեց նա։