Շատ կարեւոր է նաեւ ուսուցիչներին մոտիվացնելը

Շատ կարեւոր է նաեւ ուսուցիչներին մոտիվացնելը

2021թ․ փետրվարին, ՀՀ կառավարության որոշմամբ, հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետեւ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվեցին նաեւ առարկայական բոլոր չափորոշիչները: Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-ի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում, որտեղ արդեն մեկնարկել է վերապատրաստումների փուլը։ 

Բնագիտամաթեմատիկական եւ ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, վերապատրաստումներն իրականացնում է «Այբ» հիմնադրամը։ Հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը կմեկնարկի հուլիսի 23-ից, որը կիրականացվի ԿԶՆԱԿ-ի կողմից։ 

Սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած, մինչեւ նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր:

Քանի որ չափորոշիչի փորձարկման համար պահանջվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, ապա փորձարկվող դպրոցներում կբացվեն նոր լաբորատորիաներ, դպրոցները կստանան համակարգչային սարքավորումներ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ ցանկալի կլիներ, որ փորձարկումը չսահմանափակվեր մեկ մարզով, որովհետեւ այս պարագայում ողջ ծանրությունն ընկնում է մեկ մարզի վրա, որն ունի իր առավելությունն ու թերությունը։ «Առավելությունն այն է, որ հնարավորություն է լինում ավելի կոմպակտ աշխատել, այսինքն, հասկանալ հարեւան՝ մեծ թե փոքր դպրոցներն ինչ խնդիրներ ունեն, բայց, իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ գոնե մի քանի մարզերում փորձարկվեր, որպեսզի տարբեր պատկեր ստացվեր։ Այդ տարբերակով ավելի մեծ հնարավորություններ կունենայինք»։

Ս․ Խաչատրյանի դիտարկմամբ, ամենամեծ խնդիրն այն է, որ ուսումնական նյութերը, որոնք պետք է մշակվեն, լինեն որակյալ․ «Բայց դրա մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ հանրային չեն, քանի որ փորձարկվում են ու նեղ շրջանակների համար են։ Մյուս խնդիրն այն է, որ փորձարկումը տեղի է ունենում ոչ բոլոր դասարաններում, հետեւաբար՝ մյուս դասարանների նյութը չի փորձարկվում»։ 

Ըստ փորձագետի՝ ոչ պակաս կարեւոր է, որ փորձարկումը չկրի ձեւական բնույթ եւ տա լավ հետադարձ կապ, որպեսզի երբ հաստատվեն վերջնական չափորոշիչները, իսկապես լինեն որակյալ․ «Եթե ամեն ինչ լավ կազմակերպվի, սա հնարավորություն է։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ ուսուցիչներին մոտիվացնելը, ես, օրինակ, չգիտեմ՝ որն է Տավուշի մարզի ուսուցիչների մոտիվացիան, եթե վերամբարձ ասենք՝ նրանք պետք է շահագրգռված լինեն որակյալ բովանդակություն ունենալով, բայց այդպես չէ։ Ես չգիտեմ՝ այդ ուսուցիչներին, որոնք պետք է փորձարկեն չափորոշիչները, ինչո՞վ են խրախուսում, որովհետեւ նոր նյութ փորձարկելը բավական ծանր աշխատանք է, ուսուցիչը հայտնվելու է անծանոթ իրավիճակներում։ Մի բան է, երբ դու գործող դասագրքով տարիներ շարունակ դասավանդել ես, մեկ այլ բան, երբ դա նոր նյութ է, եւ ուրիշ ձեւով պետք է անես։ Հետո՝ կարող է նոր չափորոշիչով ինչ-որ բան նախկինում եղել է 8-րդ կամ 9-րդ դասարանում, հիմա տեղափոխվել է 10-րդ դասարան եւ նորից փորձարկվում է, ինչը որոշ աշակերտների համար կարող է լինել կրկնություն»։ 

Ամենակարեւոր խնդիրը, որը նախարարությունը պետք է լուծի, աշխատանքային ճիշտ մթնոլորտն է՝ համոզված է Ս․ Խաչատրյանը, քանի որ միայն այդ դեպքում ուսուցիչներն իսկապես կցանկանան փորձարկել եւ նախարարությանը տալ ճիշտ հետադարձ կապ, արդյունքում դրա հիման վրա նախարարությունը կկարողանա ավելի վերջնական տեսքի բերել չափորոշիչները։

Համաձայն Հանրակրթության նոր չափորոշիչի՝ մինչեւ 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը, սովորողների գնահատումն իրականացվելու է բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Ս․ Խաչատրյանի կարծիքով, սա մի կողմից լավ է, որովհետեւ հնարավորություն է տալիս ուսուցիչներին խուսափել կեղծ թվանշաններից։

«Ինչո՞ւ, որովհետեւ այսօր շատ ուսուցիչներ աշակերտներին նշանակում են դրական թվանշան, որպեսզի նրանք չմնան նույն դասարանում, վերաքննություն չհանձնեն, հիմա՝ այս տարբերակով, նրանք դրանից կազատվեն։ Այսինքն՝ եթե երեխան 2 թվանշանին է արժանի, ուսուցիչը կարող է նրան «2» նշանակել, միեւնույն է՝ նա չի մնալու նույն դասարանում։ Այս տարբերակով ուսուցիչների վրա ճնշումն էլ կնվազի ծնողների եւ այլ մարդկանց կողմից, որպեսզի երեխային ընդառաջեն ու դրական գնահատեն։ Բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա․ մենք ունենք աշակերտներ, որոնք սահմանային վիճակում են, այսինքն՝ դրականի եւ բացասականի մեջտեղում են, դրա համար իրենք մի քիչ սովորում են, որ հանկարծ անբավարար չստանան։ Հիմա այստեղ կա ռիսկ, որ այդ աշակերտները կարող են այլեւս չսովորել եւ մտածել՝ 5 կստանան, թե 4 կամ 3, միեւնույն է՝ նույն բանն է, ի՞նչ է փոխվում։ Այսինքն՝ սահմանային վիճակում գտնվող աշակերտները կարող են սովորելու մոտիվացիան կորցնել, եւ այստեղ մենք կարող ենք խնդիր ունենալ, որը լուրջ հարց է, որովհետեւ ուսուցիչներին առանց այն էլ հեշտ չի տրվում մեր երեխաներին սովորեցնելը, ու եթե դասարանում եւս 10 տոկոսով ավելանա չսովորողների թիվը, ապա դա կարող է բավականին բացասաբար ազդել»,- եզրահանգում է փորձագետը։