Չի կարելի ձեւացնել, թե ոչինչ էլ չի պատահել
Ո՞վ է այսօր մտավորականը, կա տեսակետ, որ մտավորականությունից սպասելիքներ ունենալը սովետական կաղապար է, անկախ երկրի մտավորականը չպետք է առաջնորդի հանրությանը: Բայց մենք Սիլվա Կապուտիկյան ենք ունեցել, ով 2004 թ. ապրիլին, երբ բիրտ ուժով ցրեցին ընդդիմության հանրահավաքը, ի նշան բողոքի, նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց նրա ձեռքից ստացած «Սբ Մեսրոպ Մաշտոց» մեդալը։ 2013-ին Սերժ Սարգսյանը գրող Լեւոն Խեչոյանին պարգեւատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով, սակայն նա հրաժարվեց ստանալ մեդալը՝ բացատրելով. «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի են հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:
Նախօրեին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն էր, եւ մարդիկ քննարկում էին նրա իշխանամետ կեցվածքը: Իրական մտավորականը կարո՞ղ է լինել իշխանական, թե՞ նա պետք է ընդդիմադիր լինի եւ քննադատի իշխանություններին:
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը կարծում է, որ Մանսուրյանի կեցվածքն անընդունելի է։ «Եթե դու իսկապես արժեք ես քեզանից ներկայացնում, ապա կարիք չունես խոնարհվել ինչ-որ մեկի առաջ, հատկապես խոնարհվել մի իշխանության առաջ, որը հանձնել է Արցախը, 5 հազար զինվորի կյանք խլել: Ես չեմ կարող այդ մոտեցումն ընդունել: Մասնագիտությունն այնքան էլ այս հարցում կարեւոր չէ, դու առաջին հերթին պետք է լավ քաղաքացի լինես, հետո նոր՝ մտավորական: Մտավորականը պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենա` առաջին հերթին: Չի կարելի իրականությունից կտրված ապրել եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի պատահել: Եթե այդպես ես ապրում, ուրեմն վատ քաղաքացի ես՝ առաջին հերթին: Տիգրան Մանսուրյանը, որպես մաեստրո, շատ ավելի լավն է, քան որպես քաղաքացի»,- ասաց նա:
Եվ արդարացումը, թե քաղաքականությամբ չենք զբաղվում, իրականության հետ աղերս չունի։ «Ուղղակի պետք է խիղճ ունենալ` դա քաղաքականության հետ կապ չունի: Այսքան աղետների պատճառ է դարձել այս իշխանությունը, դու ինչպե՞ս ես աչք փակում այդ ամենի վրա եւ ասում, որ չես զբաղվում քաղաքականությամբ: Ես կարծում եմ, որ այսօր մտավորական ասվածն իրենց մաշեցրել են, արժեզրկվել: Ինձ համար զրոյի է հավասարվել մտավորական ասվածը, կարեւորը լավ քաղաքացի լինելն է: Մեր աչքի առաջ վերանում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը»,- եզրափակեց Սահակյանցը:
Կարծիքներ