«Հրապարակ». Իշխանասարում հա՞նք են շահագործելու 

«Հրապարակ». Իշխանասարում հա՞նք են շահագործելու 

«Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Իշխանասարում գտնվող Սիսիանի բազալտի հանքավայրը։ Երեկ Իշխանասարի վարչական շենքում տեղի է ունեցել 4-րդ հանրային լսումը։ Իշխանասարցիները դեմ են հանքի շահագործմանը, թեպետ համայնքից ասում են, որ «Ֆանտոմ գրուպը» ֆանտաստիկ սոցիալական ծրագրեր է առաջարկում։ Բաց հանքը 35 մետր հեռավորության վրա է լինելու պտղատու այգիներից եւ բնապահպանական լուրջ վնաս է հասցնելու։ «Ֆանտոմ գրուպ»-ի հիմնադիրն Արմեն Բադալյանն է՝ հանրապետական նախկին պատգամավոր, Ռ․ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին։ Արմեն Բադալյանը նաեւ «Ա․Ա․Բ․ պրոյեկտ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որն իրականացնում է ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Այս պահին՝ Տաթեւ-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցումը։

Վերջերս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղում ծանոթացել է աշխատանքներին եւ, մեր տեղեկություններով, դժգոհել աշխատանքի որակից ու խիստ նկատողություն արել Արմեն Բադալյանին։ Ի դեպ, Իշխանասարում հանքավայր շահագործելու ցանկություն ունեցող Բադալյանը 2022թ. սեպտեմբերյան պատերազմի օրերին Սյունիքում դադարեցրել էր ճանապարհաշինարարական աշխատանքները եւ ողջ տեխնիկան հանել մարզի տարածքից։