«Հրապարակ». Էս մեղադրանքը կարող ենք հենց հիմա ճղել-գցել մի կողմ, եթե ձեր վերադասի դեմ ցուցմունք տաք

«Հրապարակ». Էս մեղադրանքը կարող ենք հենց հիմա ճղել-գցել մի կողմ, եթե ձեր վերադասի դեմ ցուցմունք տաք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննության ավարտի մասին։ Նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն արտահայտվել է ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող ռուսական ընկերության մուտքը շուկա խոչընդոտելու մեջ։ Տոնոյանն այնպես է արել, որ նախապատվությունը տրվի 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունը կարող էր համարանիշները ռուսական ընկերությունից ձեռք բերել 3 հազար 342 դրամով, սակայն 2019-ի հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4 հազար 380 դրամով, ինչի հետեւանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 մլն 163 հազար 790 դրամի գույքային վնաս։ Տոնոյանին դեռ 2019-ին էին մեղադրանք առաջադրել, անգամ 25 օրով կալանավորել էին, հետո վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել։ Գործով անցնում է նաեւ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալը։ 

Արթուր Տոնոյանը երեկ մեզ ասաց, որ դեռ գործի նյութերը չի ստացել, եւ աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց այս պատմությունից։ Պատմեց, որ մրցութային չափորոշիչների փոփոխությունը կատարվել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու Նիկոլ Փաշինյանի իմացությամբ եւ ցուցումով, որի արդյունքում է եվրոպական ընկերությունը հաղթել։ Եվ պատմեց, որ այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում իրեն առաջարկել են, որ իր ղեկավարության դեմ «գործ տա»՝ խոստանալով ջրել քրգործը, մերժել է։

«Ակնհայտ անհիմն եւ ապօրինի մեղադրանք են առաջադրել՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող։ Պարզապես 2019 թ․ էյֆորիայի տակ ինչ-որ շոու ցանկացան անել։ Երկուսուկես տարի ես տանը նստած եմ եղել, ինձ մեկ անգամ նույնիսկ չեն կանչել եւ որեւէ խնդիր իմ առջեւ չեն դրել, հարցուպատասխան անգամ, թե սա ոնց է, նա ոնց է։ Մենք շատ լավ գիտենք, որ դեռեւս 2012-13 թթ․ սկսած՝ համարանիշների ինչ չափի կեղծումներ էին լինում թե՛ ՀՀ-ում, թե՛ Ռուսաստանում։ Եվ 20 եւ ավելի տարիներ այդ գերմանական կազմակերպությունն էր, որ համարանիշներ է միանձնյա մատակարարել Հայաստանին, եւ մենք միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում ՃՈ-ում որոշում կայացրինք, որ պիտի համարանիշների վրա բաղադրիչ տարր ավելացնենք, այսինքն՝ համարանիշի դրոշի վրա ՀՀ զինանշանը, իսկ աջ անկյունում ոստիկանության զինանշանը պետք է լիներ։ Սա է եղել, որն այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տարել՝ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցրել է, եւ ասել են՝ իրականացրեք այդ գործընթացը։ Դրանից հետո մենք արդեն ներառել ենք տեխնիկական բնութագրում եւ գրություններ ենք ուղարկել ազգային ստանդարտ, որպեսզի փոփոխություններ լինեն»,- ասաց Արթուր Տոնոյանը։

Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե ինքն արհեստականորեն փոխել է տեխբնութագիրը, որպեսզի ռուսական ընկերությունը չհաղթի, Տոնոյանն ասաց․ «Ես բնութագիր գրող չեմ, կա բաժնի պետ՝ ինքն է գրողը, մենք հավաքվում ենք, քննարկում ենք, հանձնարարականներ ենք տալիս, որ նշեն։ Բայց բնութագիր գրելն ի՞նչ կապ ունի, երբ որ ոստիկանությունը պայմանագիրը կապել է էդ ռուսական ընկերության հետ՝ առանց բնութագիրը հաշվի առնելու։ Էդ, որ մատնանշում են պետության վնաս, ես չգիտեմ, թե դա ինչ ձեւով են հաշվարկել, որովհետեւ հունվարի 1-ից մինչեւ մայիսի 8-ը էսօրվա փոխոստիկանապետ Մովսիսյան Վարդանն ինքն է խնդրել գերմանական կազմակերպությանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը համարանիշների վահանակներ տրամադրեն՝ չդադարեցնեն»։

Արթուր Տոնոյանն ասաց նաեւ, որ ինքն այդ ռուսական ընկերության հետ մեկ անգամ է հանդիպել, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչը ցինիկ ու ամբարտավան տոնով է խոսել իրենց հետ՝ ասելով․ «Ի՞նչ է եղել որ, եթե մի հատ կարշերով պահես համարանիշի վրա, մի քիչ էլ թող թափվի ներկը»։ Տոնոյանն էլ սաստել է նրան, որ այսօր 21-րդ դարն է՝ իրենք չեն կարող թույլ տալ, որ անորակ համարանիշներ տրամադրեն քաղաքացիներին։ Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ թեեւ Արթուր Տոնոյանի լիազորությունները 2019-ից կասեցված են, սակայն նա մինչ այս պահը դեռ ՃՈ պետի տեղակալն է համարվում եւ պետբյուջեից ամեն ամիս աշխատավարձ է ստանում։

«Դեռեւս 2019-ին ես եմ գրությամբ դիմել ՀՔԾ քննիչին, որ կասեցնեն իմ լիազորությունները, քանի որ կալանավորման հիմքում դրել էին, որ ես հեղինակություն եմ հանդիսանում ՃՈ-ում եւ կարող եմ խոչընդոտ հանդիսանալ աշխատակիցների նկատմամբ։ Ես՝ ինքս, գրել եմ քննիչին, քննիչը գրել է ոստիկանապետին, եւ իմ լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Բայց ես ոստիկանության իմ պաշտոնին եմ եւ աշխատավարձ էլ ստանում եմ՝ ամսական 341 հազար դրամ, քանի որ իմ մեղքն իրենք չեն կարողացել ապացուցել եւ չեն էլ կարող»,- ասաց ՃՈ պետի տեղակալը։ Փաստորեն, երկուսուկես տարում նա պետբյուջեից 12 մլն դրամ է ստացել՝ ոչինչ չանելու դիմաց։ Ու սա արվում է կոռուպցիայի դեմ պայքարող կոմիտեի ջանքերով։

Տոնոյանն այլ ուշագրավ դրվագներ էլ պատմեց, թե ՀՔԾ-ում ինչ գործարք են առաջարկել իրեն։ «Երբ 2019 թ․ նոյեմբերի 20-ին ինձ հրավիրեցին ՀՔԾ, այդ ժամանակ ոստիկանության վրա գործեր կային՝ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացնում, եւ ՃՈ աշխատակիցներին բոլորին կանչում էին՝ որպես վկա։ Նոյեմբերի 20-ին ինձ հրավիրեցին՝ երեկոյան 6-ին, թե բա՝ մի քիչ զրուցելու բան կա։ ՀՔԾ ավագ քննիչ Արտակ Թադեւոսյանը նախաբանով սկսեց, բա՝ պարոն Տոնոյան, ես հասկանում եմ՝ մենք ոստիկանությանը մեծ  վնաս ենք տալիս, որովհետեւ բանիմաց ու երկարամյա աշխատողներից Դուք եք մնացել էնտեղ, բայց մենք որոշել ենք Ձեզ մեղադրանք առաջադրել։ Հետո ասում է՝ մի րոպե, ու ինձ մոտ է իջնում Խաչատրյան Սասունի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, բա՝ պարոն Տոնոյան, հասկանո՞ւմ եք՝ ինչի եմ էստեղ, ասում եմ՝ դե, գնդապետ եմ՝ համազգեստով, եկել եք, մեղադրանք եք անհիմն առաջադրում։ Բա՝ գիտե՞ք, էս մեղադրանքը կարող ենք հենց հիմա ճղել-գցել մի կողմ, որ սա չի էլ եղել, բայց դուք եկեք մեզ կոռուպցիոն սխեմաներ տվեք ոստիկանությունում՝ նախկին ոստիկանապետեր Գասպարյան Վովա, նախկին ՃՈ պետեր եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ ինձ գործարք էին առաջարկում։ Ես էլ ասել եմ՝ ես կապ չունեմ ընդհանրապես ու ես նմանատիպ կոռուպցիոն սխեմաներից տեղյակ չեմ։ Դե, էդ դեպքում Ձեզ մեղադրանք ենք առաջադրում։ Ու գիշերը ժամը 1-ին, ոնց որ պետական հանցագործի՝ ինձ գնդապետի համազգեստով տարել են առաջին ատյանի դատարան, որտեղ դռնփակ նիստ են արել, ես նույնիսկ փաստաբան չեմ ուզել, եւ հաջորդ օրը ժամը 4-ին դատավորն առանց իմ երեսին նայելու, ասաց՝ կալանավորել, ու փախավ սենյակից։ Իհարկե, 25 օր հետո վերաքննիչ դատարանն ինձ ազատ արձակեց»,- պատմեց Արթուր Տոնոյանը՝ հիշեցնելով, որ ինքը 50 եւ ավելի իրավական ակտերի հեղինակ է ՃՈ ծառայությունների մատուցման ոլորտում։