Արայիկ Հարությունյանը նաև Բակո Սահակյանի թեկնածուն է

Արայիկ Հարությունյանը նաև Բակո Սահակյանի թեկնածուն է

2020 թվականի գարնանը, նույն օրն Արցախում անցկացվելիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները հավակնում են դառնալ նախորդ բոլոր ընտրություններից ամենադրամատիկը։ Թեկնածուների մեջ ֆավորիտային համարվող նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը թեեւ ներկայանում է որպես ՀՀ իշխանությունների սերն ու համակրանքը վայելող թեկնածու, սակայն նրա մրցակիցները նրան դիտարկում են ավելի շատ որպես Արցախի գործող իշխանությունների աջակցությունը վայելող ֆիգուր, որի միջոցով ընտրություններին չմասնակցելու խոստում տված Բակո Սահակյանը փորձելու է վերարտադրել իշխանությունը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրան իր հիմնական մրցակիցն են համարում գրեթե բոլոր թեկնածուները։ «Եթե Բակո Սահակյանը չի առաջադրվելու, դա դեռ չի նշանակում, որ չի ցանկանալու վերարտադրվել, օրինակ՝ նույն Արայիկ Հարությունյանի  միջոցով»,- երեկ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ ՀՀ իշխանությունները, Խանումյանի համոզմամբ, չեն սատարում Արայիկ Հարությունյանին․ «Իրենք են հայտարարել, որ որեւէ թեկնածուի չեն պաշտպանում, այլ փորձելու են վերահսկել, որ ընտրություններն արդար եւ թափանցիկ անցնեն»։ 

«Արայիկ Հարությունյանն ընդամենը ուզում է քծնած լինի Հայաստանի իշխանություններին, կապ չունի, թե դա ով կլինի՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե Պողոս Պողոսյանը»,- ավելացրեց Խանումյանը՝ անդրադառնալով Հարությունյանի այն հայտարարությանը, թե Արցախում որ ուժերը չեն հավատում Փաշինյանի գործունեությանը, դավադիր են։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը, չնայած նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել, սակայն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին եւ նախընտրական շրջանում նույնպես թիրախավորելու է Արայիկ Հարությունյանին՝ այդպիսով մրցակցությունը տանելով իր եւ Հարությունյանի միջեւ, իսկ խորհրդարան անցնելու դեպքում չի բացառվում, որ համագործակցեն իրար հետ։ Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովը վերջերս մերժեց Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ նրան զրկելով 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից: Բաբայանը շուրջ 19 հազար ստորագրություն էր հավաքել եւ առաջարկում էր փոխել Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը: Այս որոշումից հետո նա որեւէ քայլ չի ձեռնարկելու՝ հանրահավաքներ, փողոցի միջոցով ճնշում։ Իր նորաթուխ «Միացյալ հայրենիք» կուսակցությամբ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։

Ընդ որում՝ սահմանադրական արգելքը թույլ չի տալիս, որ նա ընդգրկվի նաեւ խորհրդարանական ցուցակում։

Բաբայանը, ով ամիսներ առաջ հայտարարում էր ամեն գնով սահմանադրական փոփոխության հասնելու մասին, հիմա էլ հայտարարում է, թե չի գնալու, որ չմեղադրեն, թե «Բաբայանը եկել է արյուն թափի», բայց հայտարարում են, որ պայքարելու են խորհրդարանական մեծամասնություն վերցնելու համար։ Սամվել Բաբայանի դիրքորոշումը մեղմացավ ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, որը, ըստ լուրերի, Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ էր կայացել։ Կողմերն էլ եկել էին համաձայնության, որ առճակատման չեն գնալու, եւ ընտրություններից հետո Հարությունյանը, որն այս պահի դրությամբ ունի ամենամեծ շանսերը, համագործակցության ձեռք կմեկնի Սամվել Բաբայանի ղեկավարած ուժին։ 
Արցախում անցկացվելիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասնակից թեկնածուների շարքերը համալրվում են։ Բացի վերը նշված թեկնածուներից, նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ընտրությունները, նախնական տվյալներով, նշանակվելու են ապրիլի երկրորդ կիրակի օրը։