Շախմատի տախտակի առաջ

Շախմատի տախտակի առաջ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին պատերազմ չկա զուտ այն պատճառով, որ Ալիեւը հապաղում է, որովհետեւ ի հայտ են եկել հանգամանքներ, այդ թվում՝ ՀՀ-ից ու Ադրբեջանից անկախ: Իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում հիշեցնում է Ապրիլյան պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածը՝ հրադադարի խախտում, փոխադարձ մեղադրանքներ, հարաբերական կայունություն: Ի՞նչը կարող էր Ադրբեջանին հետ պահել «հաջողությունը» զարգացնելու նկրտումներից՝ միջազգային հանրության ճնշո՞ւմը, ՌԴ ղեկավարի ազդեցությո՞ւնը, ՀԱ՞ՊԿ-ն, Իրանի հավասարակշիռ պահվա՞ծքը, Թուրքիա՞ն, Սիրիայում եւ Իրաքում լարվող իրավիճա՞կը, ռուս-ուկրաինական հնարավոր հաշտության հեռանկա՞րը… Իսկ գուցե Արցախում սկսված կադրային փոփոխություններն ու ՀՀ վարչապետի «խրոխտ» կեցվա՞ծքը ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում:

Պատճառներն, ինչպես տեսնում եք, շատ են, ու տա Աստված, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկար մնա այդ հանգամանքների ազդեցության ներքո, գոնե այնքան, մինչեւ Հայաստանում ձեւավորվի նորմալ իշխանություն, որ կկարողանա հակադրվել Ադրբեջանի իշխանություններին թե՛ բանակցային հարթակներում, թե՛ ռազմի դաշտում:
МГИМО ավարտած Իլհամ Ալիեւը, վստահ ենք, չի կասկածում, որ վաղ թե ուշ հանելու է զորքերը Հայաստանի բռնազավթված տարածքներից: Բայց նա մտածում է դա անել ոչ թե հիմա, այլ դրա դիմաց Հայաստանից ու Արցախից զիջումներ կորզելով: Ալիեւը լավ է հասկանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով վերջնականապես փլուզված ԵԱՀԿ ՄԽ հարթակը վաղ թե ուշ նորից է գալու տարածաշրջան եւ իրեն ստիպելու զորքերը հանել ոչ միայն Հայաստանից, այլեւ Արցախի այն շրջաններից, որոնք հանդիսացել են ԼՂ ինքնավար մարզի տարածք:

Արեւմուտքին եւ միջազգային հանրությանը ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումների նոր վերաբաժանումներ պետք չեն: Արեւմուտքը ոչինչ չի շահել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի տարածքային վերաբաժանումներից, ոչինչ չի շահելու նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ անգամ Արցախի ու Նախիջեւանի տարածքային ձեւախեղումներից: Ավելի պարզ ասած՝ Արեւմուտքին ձեռնտու չէ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հետ հետագա առճակատումը, որովհետեւ աստիճանաբար, եւ դա արդեն նկատելի է, այդ առճակատման մեջ ներգրավվում են նորանոր երկրներ, որոնք ամենեւին էլ արեւմտյան կողմնորոշում չունեն, եթե չասենք՝ հակադրված են ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական քաղաքականությանը՝ Չինաստան, Իրան, Հնդկաստան… Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ կողմնակիցներ ունի, քան Հայաստանը, հասցեագրված էր նաեւ հավաքական Արեւմուտքին եւ ահազանգ էր, որ Ադրբեջանն ի վերջո կարող է դեմքով շրջվել դեպի Ռուսաստանը՝ մեկ գիշերվա մեջ զրոյացնելով հարյուր միլիարդավոր դոլարների հասնող նրա շահույթները, որ ստացվում են ադրբեջանական եւ միջինասիական էներգակիրների «կողոպուտից»:

Իսկ ի՞նչ էր նշանակում Ալիեւի՝ Մակրոնի ներկայությամբ Փաշինյանի հետ բանակցելուց հրաժարվելը: Դա նույն մեսիջն էր՝ ուղղված Արեւմուտքին: Եվ պատահական չէր, որ դրանից հետո իսկույն Բաքու թռավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերին: Կարծում եմ՝ Ալիեւին որոշ խոստումներ տալուց զատ, նա կխնդրի նաեւ Արեւմուտքի այսրոպեական շահերին չհամապատասխանող շտապողականություն չցուցաբերել եւ պատճառ չդառնալ նոր պատերազմի, որի ժամանակ նրան օգնել ոչ ոք չի կարող: ԱՄՆ-ին այս պահին պետք է դեմքը փրկել Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում, հարաբերությունները կարգավորել դեպի Ռուսաստան թեքվող Թուրքիայի հետ, վերանվաճել ԵՄ երկրների վստահությունը, որ սկսել է ճաքեր տալ հակառուսական եւ հակաիրանական սանկցիաների թողած հակառակ էֆեկտի պատճառով:

Հայաստանը, անշուշտ, կարող է օգտվել այս իրավիճակից, ինչպես արել է ամենատարբեր ժամանակներում՝ ուշքի գալ, ամրապնդել զինական ուժը, զարգացնել տնտեսության ռազմավարական ուղղությունները, ոգեւորել հասարակությանը, հայ մարդուն, որ նա շարունակի ապրել ու արարել իր երկրում, իր երկրի համար: Հազիվ թե մեզ հաջողվի տեսանելի ապագայում սեփական արգումենտներով ազդել տարածաշրջանային գերտերությունների քաղաքականության ու առաջնահերթությունների վրա: Մեր ունեցած միակ ու ամենահզոր զենքն այսօր մեր աշխարհագրական դիրքն է, ինչի շուրջ էլ ժամանակ առ ժամանակ իրենց տարածաշրջանային քաղաքականությունն են ճշտում աշխարհի հզորները: Դրա համար էլ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեզ վերաբերող հարցերի քննարկման ժամանակ նրանք լինեն բանակցային սեղանի շուրջ եւ ոչ թե մեր կամ ադրբեջանական բլինդաժներում: Եթե արդեն լավ են հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, եթե արդեն մեծ փորձ ունենք նրանց հետ աշխատելու, դա չի նշանակում, որ Իրանի հետ հարաբերությունների խորացումը կարող է վնասել որեւէ այլ ձեւաչափում մեր կապերին: Ի վերջո, նաեւ Արեւմուտքը համոզվեց, որ մեր տարածաշրջանում Իրանը միայն կայունացնող դերակատարում ունի, ինչն այս պահին ձեռնտու է թե՛ Արեւմուտքին եւ թե՛ Իրանին: Իսկ ինչո՞ւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ միաժամանակ չփորձել լիարժեք ներգրավել նաեւ Իրանին՝ տարածաշրջանային իրավիճակով ամենանախանձախնդիր երկրներից մեկին:

44-օրյա պատերազմում Ալիեւն առանձնապես մեծ բան չի շահել: Տարածքները, որ կարող էին բանակցությունների արդյունքում վերադարձվել, վերադարձվել են արյունոտ պատերազմով ու այդ ժողովրդի համար սարսափելի կորուստների գնով: Պատերազմը վերջ դրեց նաեւ Արցախում երբեւէ նոր հայ-ադրբեջանական հանրաքվե կազմակերպելու սին երազներին: Բոլորին պարզ դարձավ, որ Արցախը երբեք եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը դրա վառ ապացույցն է նաեւ: Այսօր ցանկացած նոր ոտնձգություն ԼՂ-ի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի համար հղի է լուրջ հետեւանքներով, ընդհուպ՝ ԼՂԻՄ-ի անկախության ճանաչում ոչ միայն Ռուսաստանի եւ հետխորհրդային այլ սուբյեկտների, այլեւ Արեւմուտքի կողմից։ Ճիշտ այնպես, ինչպես ճանաչվել են Ադրբեջանն ու հետխորհրդային մյուս հանրապետությունները: