Շքամուտքում կողոպտել էր տարեց կնոջը․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Շքամուտքում կողոպտել էր տարեց կնոջը․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Դեպքը նախորդ տարվա աշնանն էր եղել` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան ու փախել: Տուժած կինը 1-02 էր զանգել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել միջոցառումներ, սակայն կողոպտողի ինքնությունը պարզել ու նրան հայտնաբերել չէր հաջողվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Տուժողը նրան տեսել էր միայն թիկունքից: Արտաքին տվյալները խիստ մոտավոր էր նկարագրում։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց զրուցել բնակիչների հետ: Քրեական հետախույզները հարակից շենքերի և օբյեկտների մոտ օպերատիվ հարցումներ արեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաղորդումից ամիսներ անց հանցագործությունը բացահայտվեց, 44-ամյա կասկածվողը հայտնաբերվեց, ներկայացվեց նախաքննական մարմնին և տվեց խոստովանական ցուցմունք։

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: