Նորակառույց դպրոցը բացել են, բայց դասեր դեռ չեն անում

Նորակառույց դպրոցը բացել են, բայց դասեր դեռ չեն անում

Դեռ 2022 թ. հոկտեմբերին կառավարությունը 276 մլն 679 հազար դրամ էր հատկացրել նոր կառուցվող եւ վերակառուցվող 10 դպրոցի գույքի ձեռքբերման համար: Դրանք են՝ Երեւանի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, թիվ 116 հիմնական, Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական, «Հերացի» ավագ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ, Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ եւ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները: Շինարարական աշխատանքների պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն էր, որն էլ պետք է իրականացներ նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը: Կառավարության որոշմամբ նախատեսվել էր հիմնադրամին հատկացնել 189 մլն 28 հազար դրամ գումար՝  8 դպրոցի համար գույքի ձեռքբերման պայմանագրերի կատարումն ապահովելու համար: 2 դպրոցի մասով, որոնց շինարարական աշխատանքներն ավարտվելու էին 2023-ին, նախատեսվում էր հատկացնել լրացուցիչ 87 մլն 650 հազար դրամ գումար՝ այդ դպրոցներին անհրաժեշտ գույքի գնման գործընթացն ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում նշել էր, որ դպրոցները պետք է շահագործման հանձնվեն անհրաժեշտ գույքով ապահովված: Նկատենք, որ դեռ 2018 թվականին հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանում կան վթարային դպրոցներ, որոնք երկրաշարժի դեպքում կարող են աղետալի հետեւանքներ առաջացնել: Եվ ասել էր, որ ամենասեղմ ժամկետում պետք է լուծել վթարային դպրոցների հարցը, սակայն, պարզվում է, Փաշինյանի ամենասեղմ ժամկետը հինգ տարին էր:

Այս որոշումներից ամիսներ են անցել, սակայն դպրոցների գույքը ձեռք բերված չէ: Մենք տեղեկացանք, որ Նուբարաշենում գտնվող Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի շինարարությունն ավարտվել է, դպրոցը հանձնվել է շահագործման, սակայն այստեղ դեռ դասեր չեն անում: Մեզ ասացին, որ դպրոցի շինարարությունը վերջնականապես ավարտվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն աշակերտները դեռեւս չեն տեղափոխվել նոր դպրոց, քանի որ դպրոցում դեռեւս գույք չկա` աթոռ-սեղաններից մինչեւ գրատախտակ եւ այլ գույք:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու աշակերտները նորակառույց դպրոցում դաս չեն անում, ի՞նչն է խնդիրը: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Շինարարական աշխատանքները մոտ 20 օր առաջ ավարտվել են, սակայն գույքը մաս-մաս է բերվում: Մի մասը բերել են, սպասում են մյուս մասին: Մի քանի օրից պետք է հարցը լուծվի: Շենքում ջրագծի խնդիր կա, նոր է հարցը լուծվել: Մարդիկ, որ տեսնում են շենքը պատրաստ է, մտածում են՝ ամեն ինչ ավարտված է, սակայն կար ջրագծի խնդիր, որը նոր է լուծվել: Տարածքային զարգացման հիմնադրամն է շենքը կառուցել: Ամենաուշը մեկ ամսից աշակերտները տեղափոխված կլինեն նոր շենք: Ամեն ինչ նոր պետք է բերվի: Նոր սեղաններ, նոր աթոռներ: Նախկին շենքը շատ հին էր, ահավոր: Վթարային շենք էր, հենց այդ պատճառով էլ կառուցվեց նոր շենք»: Դպրոցի տնօրենը, պարզվեց, արձակուրդում է, իսկ փոխտնօրենը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Մեր աղբյուրն ասում է, որ վարչական շրջանի ղեկավարը, մեղմ ասած, մոլորեցնում է մեզ` դպրոցի շինարարությունն ավարտվել է առնվազն 6 ամիս առաջ, գուցե ինչ-որ աննշան աշխատանքներ դրանից հետո են կատարվել, բայց նորակառույց շենքի բացումն էլ են արել, ուղղակի գույք չի բերվել, դա է եղել պատճառը, որ դպրոցը չի կարողանում տեղափոխվել նոր շենք: Ավելին` դպրոցի հին շենքը, որն անմխիթար վիճակում է, թամանյանական շենք է` ըստ էության, պատմամշակութային հուշարձան, որն աչքի առաջ քանդվում է: Պետք է դպրոցը տեղափոխվի նոր շենք, որ սկսեն հնի նորոգումը, սակայն տեղափոխությունը ձգձգվում է:

Եվ առհասարակ ենթադրվում է, որ շինաշխատանքները եւ կահավորումը պետք է զուգահեռաբար անեին, որ հին վթարային շենքից օր առաջ երեխաները տեղափոխվեին նոր շենք, բայց մեզանում, փաստորեն, ոչ մի բան կազմակերպված ու արագ չի կատարվում: Եվ հայտնի չէ, թե նոր դպրոցն էլ դեռ որքան թափուր կմնա: