Օգնեք կոնկրետ մարդուն

Օգնեք կոնկրետ մարդուն

Կարելի է հարյուրավոր ճառեր ասել Հայաստանում կանանց իրավունքների, ակտիվության, հասարակական կյանքին մասնակցության անհրաժեշտության եւ դրա կարեւորության մասին, բայց չլուծել մի փոքրիկ հարց, չստեղծել աննշան պայմաններ, որ շարքային կանայք նույնպես կարողանան զբաղվել իրենց նախընտրած գործով, բիզնես անել, աչքի ընկնել, առաջ գնալ։ Մասնագիտությամբ տնտեսագետ 35-ամյա Սիրանույշ Գրիգորյանն Արարատի մարզի Արարատ գյուղում է ապրում։ Մոտ 2 տարի առաջ երիտասարդ կինը, որն ամուսնացած չէ, այսինքն՝ հզոր ամուսին չունի իր թիկունքին, որը կֆինանսավորեր, կաջակցեր ու կնպաստեր նրա բիզնեսի ծաղկմանն ու հանրային դեմք դառնալուն, որոշել է ինքնուրույնաբար գործ դնել՝ ֆերմա ստեղծել։ Նա մոտ 80 գլուխ խոզ է պահում։ Այո, այո՝ կեղտոտ, ծանր, կնոջ ուժերից գրեթե վեր մի աշխատանք, որ քչերը կանեին։ Երկու տարվա ընթացքում շատ դժվարություններ է հաղթահարել։

Հիմա ֆինանսական դժվարություններ ունի՝ խոզերին կեր չի հասցնում, եւ դրանք սատկում են։ Խմբագրություն զանգահարած կինը մեզ խնդրում էր օգնել, որ վարկ վերցնի, որ խոզերը սովից չսատկեն։ Հուզմունքից դողացող ձայնով պատմում էր, որ ամեն առավոտ մի քանի սատկած գոճի է գտնում ֆերմայում։ Փորձել է վարկ ստանալ բանկից՝ մերժել են, ասել են՝ չի հասնում։ Դիմել է իրենց մարզից ընտրված պատգամավորին, չի կարողացել ոչնչով օգնել։ Ասում է․ ասեք՝ ի՞նչ անեմ, ծախե՞մ խոզերը, ֆերման փակեմ-գնամ տո՞ւն։ Հարյուրավոր դրամաշնորհային ծրագրեր կան, միջազգային ու տեղական կազմակերպություններ, կանանց խնդիրներով ու զբաղվածության հարցերով զբաղվող ՀԿ-ներ։ Ինչո՞ւ չեն օգնում այս կնոջը։ Ինչի՞ վրա են մսխում իրենց ստացած փողերը։ Մի՞թե ավելի կարեւոր գործով են զբաղված, քան գյուղում ֆերմա պահող այս կնոջն օգնելն է։