Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե… 

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե… 

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե հրաժարականի օրը չկապակցեր իր հեղափոխական անցյալի հետ: Երբ մի քանի շաբաթ առաջ նա հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին՝ որևէ մեկը չէր կարող կռահել, որ  հրաժարականը տեղի է ունենալու իր համար խիստ կարևոր Քաղաքացու օրը: Սակայն Քաղաքացու օրը, ինչպես նաև գովերգված «թավիշը», նրան նվիրեցին ոչ թե «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները», այլ նախկինները: Իսկ ավելի ճիշտ ՀՀ երրորդ նախագահը, որը ապրիլյան իրադարձությունների օրերին հանրապետության ոստիկանապետին հրահանգեց չխառնվել գործընթացին, իսկ ապրիլի 23-ին էլ Կարեն Կարապետյանի ձեռքով նրան՝ փողոցի առաջնորդին, վերադարձրեց փողոցին: Բայց, ինչպես ասվում է, հաղթողներին չեն դատում, իսկ 2018-ի ապրիլ-մայիսին Նիկոլը հաղթող էր: Ուրիշ հարց, որ երկու և կես տարի անց՝ 2020-ի նոյեմբերին, Նիկոլը խայտառակ պարտություն կրեց՝ խայտառակելով նաև ողջ ժողովրդին, բայց դա ուրիշ կինոյից է:

ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի ուղերձի երկու նախադասության մեջ չորս անգամ օգտագործելով «քաղաքացի» բառը՝ Նիկոլն, ինչպես միշտ, ստում է, ասելով, որ ինքը վերադարձնում է իշխանությունը նրան, ումից որ ստացել է, որպեսզի վերջինս որոշի իշխանության հետագա ճակատագիրը: Ստում է, քանի որ 2018-ի մայիսին ինքը իշխանությունը ստացավ ոչ թե քաղաքացուց, այլ փողոցի ճնշման ներքո՝ Սերժ Սարգսյանից: Իսկ յոթ ամիս անց ընդամենը քաղաքացիների միջոցով ամրապնդեց նախկիններից ստացած իշխանությունը: 

Նիկոլը ստում է նաև, ասելով, թե իշխանության հետագա ճակատագիրը որոշվելու է «ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»: Ինքը չունի նման ընտրություններ կազմակերպելու փորձ, քանի որ 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցածը ընդամենը էյֆորիկ քվեարկում էր, էլ չեմ ասում, որ քարոզարշավի օրերին, ինչպես հանրապետականներն են բազմիցս հայտարարել, իրենց ակտիվիստներին ոստիկանները հորդորել են մեկ-երկու շաբաթով կամավոր լքել երկիրը:

Ինչ մնում է հունիսի 20-ի ընտրություններին, ապա դրանք չեն կարող և չեն լինի «ազատ, արդար, մրցակցային», քանի որ այդպիսի ընտրությունների դեպքում ինքը կարող է և պարտվել: Իսկ եթե ինքը պարտվի՝ կանգնելու է դատաստանի առջև Արցախյան երկրորդ պատերազմի առումով առկա բազմաթիվ հարցերին ազնվորեն պատասխանելու նպատակով: Իսկ որ դա տեղի է ունենալու իշխանափոխությունից հետո՝ ոչ ոք դրանում չի կասկածում՝ ենթադրում եմ, որ նաև ինքը և իր ընտանիքը: Իսկ ընտանիքն ամեն ինչ կանի՝ նույնիսկ Նիկոլին զոհաբերելու միջոցով, որքան էլ դա անհեթեթ հնչի, որպեսզի պահպանի իշխանությունը: Իսկ դա էլ նշանակում է, որ Նիկոլն օգտագործելու է բոլոր թույլատրելի և ոչ թույլատրելի միջոցները, որպեսզի կրկին ստանձնի իշխանությունը: Ուրիշ հարց, որ դա պետք է թույլ չտալ, քանի որ վերարտադրվելու դեպքում Նիկոլը մեր երկիրն անկասկած կտանի դեպի թուրքական ենթակայություն: Այն, ինչ արդեն տեղի է ունենում մեր աչքերի առաջ:   

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ