Նիկոլստա՞ն, թե՞ Հայաստան. Ինչպես անել, որ մեր երկիրը նորից դառնա բոլոր հայերի հայրենիքը 

Նիկոլստա՞ն, թե՞ Հայաստան. Ինչպես անել, որ մեր երկիրը նորից դառնա բոլոր հայերի հայրենիքը 

Նիկոլ Փաշինյանը արդեն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը ոչ թե հայության հայրենիքն է, այլ իր անձնական սեփականությունը`բոստանը, ում ուզի կթողնի մտնել այդ բոստան, ում ուզի կարգելի: Հուլիսի 22-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել էր, թե ինչ հիմքով են արգելել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:

Ըստ պարզաբանումների, Փափազյանը խախտել է «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը. «Հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ»: Ընդ որում, արգելվել է ոչ միայն Փափազյանի, այլեւ «հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն»: 

«Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի գ կետում ասվում է, որ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը կարող է մերժվել, եթե. «Գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ»: 
Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնելն այս կետերից ո՞ր մեկի հետ է համընկնում`ՀՀ պետական անվտանգությանը վնասելո՞ւ, սահմանադրական կարգը տապալելո՞ւ, պաշտպանունակությունը թուլացնելո՞ւ, ահաբեկչություն իրականացնելո՞ւ, թե՞ վարչապետի պաշտոնակատարը մտավախություն է ունեցել, որ բողոքի ցույցի մասնակիցները ուզում են իրեն թրաֆիքինգի ենթարկեն:

Հայաստանի իշխանությունը Փաշինյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիան համարում է հարձակում, քանի որ մեքենայի վրա նետվել են տարբեր իրեր և առարկաներ, իսկ «ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»: Ֆրանսիայի ոստիկանությունը չի համարել, որ Փափազյանի և բողոքի գործողության մյուս մասնակիցների գործողություններում որևէ անօրինական տարր կա, որը խախտում է Ֆրանսիայի օրենսդրությունը: Այլապես Փափազյանի դեմ քրեական գործ հարուցված կլիներ, և նա զրկված կլիներ Ֆրանսիան ազատորեն լքելու իրավունքից: Մինչդեռ նա հասել է Հայաստան, և այստեղից բռնի հետ վերադարձվել Ֆրանսիա: Փաշինյանի աշխատակազմն իր այս հայտարարությամբ բացահայտ վիրավորում է Ֆրանսիայի Հանրապետությանը և այդ երկրի իշխանություններին: Ստացվում է, որ Փափազյանը «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով մեղսագրվող արարքներ է թույլ տվել, ինչի համար նրա մուտքը Հայաստան արգելվում է, մինչդեռ Ֆրանսիայի Հանրապետությունը հովանավորում է նման արարք թույլ տված անձին, անձանց: 
Փաշինյանի աշխատակազմը մեծահոգաբար նշում է. «Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ»: Հա, մնում էր, Փաշինյանը Եվրոպայում էլ խաղաղ ակցիաները արգելեր, Փաշինյանի ավտոշարասյունը մի քանի խախղաղ ցուցարարի էլ Փարիզում վրաերթի ենթարկեր, իսկ մի քանիսին կալանավորեր ու դատարանի դահլիճում ցուցադրաբար սպաներ: Փափազյանին ասում են` բախտդ բերել է, որ այդպես չենք վարվել: Եթե Ֆրանսիայում չէ, ապա կարող էին, չէ՞, նրան թույլ տալ մուտք գործել Հայաստան, իսկ այստեղ վարվեին այնպես, ինչպես կհրամայեր Փաշինյանը, որ տեսներ Փափազյանի տանջանքներն ու հրճվեր իր ուժից ու հնարավորություններից:

Ամենասարսափելին, սակայն, այս պարզաբանման այն հատվածն է, որը վերաբերում է բողոքի ակցիայի մյուս մասնակիցներին: Ասվում է, որ արգելվել է ոչ միայն Մուրադ Փափազյանի, «այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը»: Այդ ակցիային մասնակցել են ոչ միայն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի ազգությամբ հայեր, այլև Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Ստացվում է, որ եթե դու ՀՀ քաղաքացի ես, բայց բողոքում ես Փաշինյանի իշխանության դեմ, ապա կարող ես մոռանալ Հայաստան գալու մասին, եթե համարձակություն ես ունեցել մասնակցել նրա դեմ բողոքի գործողությանը:

Փաշինյանի ուղերձը շատ պարզ է. Հայաստանը իմ անձնական օգտագործման տարածքն է, ով խելոք ու հնազանդ կլինի ինձ, ինձ կհամարի փրկիչ ու արարիչ, նրան մեծահոգաբար թույլ կտամ ապրել այս տարածքում, իսկ ովքեր դեմ դուրս կգան իմ իշխանությանը, նրանց վրաերթի կենթարկեմ, դատարանի դահլիճում կսպանեմ, կտանջեմ բանտերում, իսկ եթե քիչ թե շատ հեղինակավոր երկրի քաղաքացի ես, առնվազն կարգելեմ իմ անձնական օգտագործման տարածք մուտք գործել: 

Ուզենք թե չուզենք, քանի դեռ Փաշինյանը իշխանության է, սա այլևս Հայաստան չէ, այլ Նիկոլստան, դրանից բխող բոլոր հետևանքներով: Այն նորից Հայաստանի և բոլոր հայերի հայրենիք դարձնելու միակ ելքը նրան իշխանությունից զրկելն է: 

Ավետիս Բաբաջանյան