Հ.Պ-ն, Վ.Գ.-ն եւ Ռ.Հ.-ն

Հ.Պ-ն, Վ.Գ.-ն եւ Ռ.Հ.-ն

Որ պահին մեր սահմաններին կամ Արցախում իրավիճակը սրվում է, ՀՀ իշխանությունները սկսում են հանրության ուշադրությունը շեղել դեպի նախկինները եւ նրա ոչ այնքան գրագետ հատվածի վրեժի զգացումը կերակրել։ Պարզվեց՝ նախկինների թեման հավերժ է եւ այն փրկօղակն է, որից միշտ կարելի է օգտվել, երբ առավել ակնհայտ է դառնում, թե որքան ապաշնորհ է ՔՊ-ն երկրի կառավարման հարցում, եւ ինչպես են ձախողում ձախողման հետեւից արձանագրում։ Արդեն 4 օր է՝ Արցախի ճանապարհը փակ է, եւ մեր իշխանությունները բացի ելույթներից, նամակներ գրելուց եւ կատարվածի մեղքը ռուսների վրա բարդելուց, ոչինչ չեն անում։ Փոխարենը մի ուրիշ թափ է ստացել նախկինների դեմ պայքարի գործընթացը։ Միայն վերջին 2-3 օրվա ընթացքում իրավապահ համակարգը մի քանի տասնյակ հաղորդագրություններ է տարածել՝ ցուցադրելով, թե ինչպես է անխնա պայքարում մինչեւ 2018 թվականը եղած կոռուպցիայի դեմ, ինչպես է պատժում իրավախախտներին, հատկապես նրանց, ովքեր ՔՊ-ի եւ այս իշխանությունների հետ կապեր չունեն։

Ահա՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ դատախազությունից, Քննչական կոմիտեից հանրությանը տեղեկացրել են, որ հետապնդում են իրականացնում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Սմբատյանի, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ։ Ուրիշ մանր-մունր հաղորդագրություններ էլ են տարածել՝ Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ խուլիգանության դեպքի, մի քանի սպանության, մի զորամասի հրամանատարի եւ մի իրանցու մասով, բայց կարեւորը նախկինների դեմ հետապնդումներն են, որոնց մասին լսելիս ոմանց սրտին մի մատ յուղ է նստում, եւ Արցախի հարցն էլ իսպառ մոռացվում։