Մոսկվայի ինքնասպան քաղաքականությունը կարող է կործանել նաեւ Հայաստանը

Մոսկվայի ինքնասպան քաղաքականությունը կարող է կործանել նաեւ Հայաստանը

Ռուսաստանի ԶՈՒ ղեկավարությունում երեւի թե չեն մնացել ռազմավարական մտածողությամբ ղեկավարներ: Պարզից էլ պարզ է, որ Ուկրաինայում հիմա մաշվում-ոչնչանում են ՌԴ ԶՈՒ կենդանի ուժն ու տեխնիկան, սպառվում է այդ երկրում կուտակված զինամթերքը: Արեւմուտքի խիստ պատժամիջոցների պարագայում այդ ամենը վերականգնելու համար կպահանջվեն տարիներ: Մինչդեռ Աֆղանստանի թալիբները, համոզված եմ, անհամբեր սպասում են ՌԴ ԶՈՒ վերջնական թուլացմանը, որպեսզի ակտիվանան «Ռուսաստանի փորատակ» համարվող Կենտրոնական Ասիայում: Իրենց ժամին են սպասում նաեւ թյուրքալեզու ժողովուրդները, որոնց հովանավորում է ուժեղ բանակ ունեցող Թուրքիան:  Թալիբների ենթակայության ներքո հայտնված, ամերիկացիների կողմից լավ վարժեցված ու հիանալի զինված աֆղանական բանակը նույնպես իրական վտանգ է ներկայացնում հարեւանների համար:

Չի բացառվում, որ ամերիկացիները հեռացան Աֆղանստանից նաեւ այն պատճառով, որ հոգնել էին տարիներ տեւած Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունից, որի նպատակն էր՝ ամեն կերպ խոչընդոտել Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ ստորաբաժանումների մատակարարմանը: Որպես օրինակ՝ հիշեցնենք Ղրղզստանում գտնվող ամերիկյան «Մանաս» ավիաբազայի պատմությունը, որը 2014-ին փակվեց Մոսկվայի անթաքույց ջանքերի շնորհիվ: Մինչդեռ պետք էր անել հակառակը, քանի որ Աֆղանստանում ամերիկացիների ներկայությունն ապահովում էր Կենտրոնական Ասիայի հանրապետությունների անվտանգությունն ու այնտեղ գտնվող ՌԴ եւ ՀԱՊԿ զորամիավորումների անհոգ կյանքը: 

Մինչ Մոսկվայի բացահայտ եւ բազմաթիվ անբարյացակամ գործողությունների սկիզբը, ներառյալ դոլարի դեմ տարվող պայքարը, Միացյալ Նահանգները Չինաստանին էին համարում մրցակից երկիր եւ Եվրոպայում գտնվող իրենց զորամիավորումները սկսել էին տեղափոխել Հեռավոր Արեւելք: Իսկ Ռուսաստանը համարվում էր բարեկամ երկիր, եւ Արեւմուտքը շատ հարցերում ընդառաջ էր գնում նրա ցանկություններին: Օրինակ, վերացվեցին 1974-ից գործող Ջեքսոն-Վենիկի առեւտրային պատժամիջոցները: Ավելին, Ռուսաստանին հաջողվեց դառնալ Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ: Կատարվեց նաեւ ՌԴ առաջնորդի ամբիցիոզ ցանկությունը՝ Ռուսաստանն ընդգրկվեց Մեծ յոթնյակի՝ G7-ի կազմում՝ դարձնելով այն G8: Մինչդեռ ՌԴ տնտեսական հզորությունն ակնհայտորեն չէր բավարարում այդտեղ ընդգրկվելու պայմաններին:
Հիմա հակառակն է: Ռուսաստանը վերածվել է թշնամու: Մինչդեռ Պեկինը, չցանկանալով կորցնել Արեւմուտքի շուկաները, որոնք նրա տնտեսական հզորության հիմքն են, չեզոք դիրք է գրավել: Ավելին, օգտվելով Մոսկվայի նեղ վիճակից, նավթն ու գազը նրանից գնում է համաշխարհայինից ավելի ցածր գներով: 

Պատմությունը հուշում է, որ վտանգ են ներկայացնում ոչ թե հեռավոր, այլ՝ սահմանակից երկրները: Հատկապես նրանք, որոնք ունեն տարածքային պահանջներ: Միացյալ Նահանգները գտնվում են շա՜տ հեռվում՝ օվկիանոսներից այն կողմ, եւ Ռուսաստանի հանդեպ տարածքային ոչ մի պահանջ չունեն: Մոսկվան, սակայն, իներցիայով շարունակում է նախկին ԽՍՀՄ քաղաքականությունը, որի առաջնորդները ցանկանում էին համաշխարհային հեղափոխության անվան տակ գրավել ողջ աշխարհը: Եվ քանի որ Միացյալ Նահանգները դրան խոչընդոտում էին, համարվում էին թշնամի: 
Մոսկվայի համար վտանգ են ներկայացնում ոչ թե արեւմտյան, այլ Ռուսաստանին սահմանակից այն երկրները, որոնք նրա հանդեպ ունեն տարածքային հավակնություններ: Այդ երկրների մայրաքաղաքներում այսօր անհամբեր սպասում են, թե երբ Ուկրաինայում կմաշվի-կոչնչանա Ռուսաստանի զինուժի պոտենցիալը, եւ ծանրագույն պատժամիջոցներից կփլուզվի տնտեսությունը, որից հետո նրանք կանցնեն ակտիվ գործողությունների: Բայց Մոսկվան, չգիտես ինչու, բարեկամություն է անում հենց այդ երկրների հետ՝ թշնամանալով տնտեսապես եւ ռազմականորեն չափազանց հզոր Արեւմուտքի հետ: Ընդ որում, հորդորում է նույնն անել նաեւ Երեւանին:

Հայաստանն այդ պայմաններում հայտնվելու է ծանր վիճակում, քանի որ փոխանակ Մոսկվայից եւ ՀԱՊԿ-ից ստանա ակնկալված ռազմական աջակցությունը, ստիպված է լինելու կատարել իր դաշնակցային պարտավորությունները եւ զինվորներ ուղարկել Կենտրոնական Ասիա: Նաեւ կատարել ցարերի ժամանակներից ստանձնած իր հանձնառությունը՝ գժտվել այն երկրների եւ ժողովուրդների հետ, ում հետ այդ պահին գժտված է Ռուսաստանի ղեկավարությունը: Եվ ռուսների հետ ուս-ուսի կռվել այն երկրների եւ ուժերի դեմ, ում որ Մոսկվան այդ պահին համարում է թշնամի: Ինչից հետո Ռուսաստանը, երբ իրեն ձեռնտու է` հաշտվում, նույնիսկ բարեկամանում է այդ երկրների եւ ժողովուրդների հետ, իսկ մենք մնում ենք վատամարդ, նույնիսկ՝ թշնամի: 

Եվ ինչն է ամենացավալին: Այն, որ մեր դարավոր նվիրվածությունն ու սերն առ Ռուսաստան չի գնահատվում այդ երկրի ղեկավարների կողմից, համարվում է մեր պարտականությունը: Ինչպես որ շնիկների որոշ տերեր չեն գնահատում իրենց սաների նվիրվածությունն ու ցանկացած պահի կարող են վաճառել կամ փողոց նետել նրանց: Դրա արդյունքում է նաեւ, որ մենք այսօր հայտնվել ենք այսպիսի թշվառ, անտեր ու պարտված վիճակում:


Գրիգոր 
Էմին-Տերյան