Եկել է երդմանը տեր լինելու պահը

Եկել է երդմանը տեր լինելու պահը

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Մեր անգործությամբ և թողտվությամբ դանակը հասավ ոսկորին։ 
Հայաստանը՝ իբրև պետություն արդեն ջնջվում է աշխարհի քաղաքական քարտեզից։ 
Դրա աներկբայելի վկայությունն է Բրյուսելից Շառլ Միշելի արած հայտարարությունը։ 

Արցախը վերածվեց «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության», ինչպես Շուշին՝ մատուցարանի վրա, Բերձորը նույնպես հանձնվում է թշնամուն։ 

Մեր «կիրթ և կառուցողական» թշնամին, դրսևորելով «բարի կամք», կառուցում է Արցախը Հայաստանին «կապող» այլընտրանքային ճանապարհ, որով, ըստ էության, առանց մի կրակոցի Արցախից և Հայաստանից նվաճում է հերթական տարածքները։ 

Շառլ Միշելի հայտարարությունը փաստում է նաև, որ Արցախն իբրև քաղաքական միավոր չի դիտարկվում և ըստ ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ սոսկ ադրբեջանի շրջան է՝ հնարավոր բոլոր վատթարագույն հետևանքներով։ 
Եվ սա դեռ ամբողջական աղետը չէ։ 

Ըստ նույն անձի հայտարարության՝ երկու երկրների «առաջնորդները» համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչպես նաև համաձայնեցրել են սկզբունքներ, ըստ որոնց՝ կանոնակարգվելու է հաղորդակցությունը «արևմտյան ադրբեջանից» դեպի Նախիջևան, ապա Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր հատվածներ։ 

Միայն կույր ողորմելին չի հասկանա կամ չհասկանալու կտա, որ սա նշանակում է անկլավ համարվող ութ գյուղերի /Արարատի, Տավուշի մարզերի/ նվիրաբերում մեր դարավոր թշնամուն, որով երկիրը ընկնում է կատարյալ շրջափակման մեջ և դրվում է Հայաստանի վերջի հիմնաքարը։ 
Ո՞վ է «թիվ մեկ» պատասխանատուն, որը «մեղավոր չէ»։

Այդ մասին առանց դիվանագիտական ձևականության, բառացի հայտարարեց ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, որ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել փաշինյանի ու ալիևի միջև։ 
Հայրենակիցնե՛ր, ազգի և պետականության գոյությունը վեր է ամեն ինչից։ 
Բա՛րձր կանգնիր առօրեականությունից և անձնական շահերից։ 
Հայ ժողովրդի բնակչության բացարձակ մեծամասնությունը ծառայել է բանակում և երդվել պաշտպանել Հայրենիքը՝ չխնայելով կյանքն ու առողջությունը։ 

Եկել է երդմանը տեր լինելու պահը․ Հայրենիքը վտանգված է և՛ արտաքին, և՛ ներքին թշնամուց։ 
Միասնաբար, առանց փոխադարձ որակումների միավորվենք և դու՛րս քշենք ներքին թշնամուն՝ արտաքին թշնամու դեմ լիարժեք պայքարել կարողանալու համար։ 

Ա՛յս է պահի հրամայականը։ 

«Պահեստազորի սպաների» շարժում 
«Ձայն հայրենեաց» Հայ մտավորականների նախաձեռնություն 
«Ազգային Գվարդիա» 
«Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաներ 
«Ղարաբաղի պատերազմի վետերանների» միություն 
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան Հ/Կ 
«Վերադարձ» հիմնադրամ