Կորոնավիրուսը չեղարկեց նաեւ Սեւրի պայմանագրի 100-ամյակը նշելու միջազգային գիտաժողովը

Կորոնավիրուսը չեղարկեց նաեւ Սեւրի պայմանագրի 100-ամյակը նշելու միջազգային գիտաժողովը

Մարտի 4-ին, երբ տեղի ունեցավ հանդիպում իշխանությանը դեղին քարտ ցույց տված ՀՅԴ ղեկավարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցին, թե որն էր այդ հանդիպման նպատակը, նշել էր․ «Համահայկական հարցեր են քննարկվել ու՝ տարածաշրջանային։ Այս օրերին Հայաստանում է Բյուրոյի ներկայացուցիչը, տվյալ հարցերի շուրջ կար փոխադարձ հետաքրքրություն՝ խոսելու, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, տեսակետը, օրինակ՝ Սեւրի դաշնագրի 100-ամյակին նվիրված միջոցառումներից։ Դաշնակցությունը միջազգային շատ լուրջ խորհրդաժողով է անում, եւ ուզեցել ենք հասկանալ, թե պետությունն ինչ մասնակցություն է ունենալու, ինչ դիրքորոշում ունի»։

Կորոնավիրուսի պատճառով Սեւր քաղաքում միջազգային գիտաժողովը չեղարկված է։ «Թեպետ օնլայն տարբերակով մի նմանատիպ խորհրդաժողով լինելու է՝ հենց Սեւրի դաշնագրի ստորագրման օրը, իսկ դրանից հետո, պայմանավորված այս համավարակով, կտեսնենք, թե մյուս միջոցառումները երբ եւ ինչպես ենք իրականացնելու»,- երեկ մեզ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ zoom տարբերակով քննարկումը, բնականաբար, չի ունենալու այն ներկայացուցչականությունը, ինչը նախատեսված էր։ Հարցին, թե, այնուամենայնիվ, կառավարությունից մասնակցելո՞ւ են տեսակոնֆերանսին, ասաց, որ չեն խոսել, կգա ժամանակը՝ ֆորմատը կհասկանան։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հավելեց՝ տեսակոնֆերանսի մանրամասների վերաբերյալ անելու են հայտարարություն եւ կհայտնեն այդ մասին։

Հիշեցնենք, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի արվարձանում՝ Սեւրում, սուլթանական Թուրքիայի կառավարության եւ 1914-18 թթ․ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Անտանտի պետությունների միջեւ կնքվեց պայմանագիր։ Նաեւ՝ Հայաստանի Հանրապետության, որի անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական եւ առեւտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Պայմանագրով, Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ 

Ուշագրավ է, որ մի ընթերցող, թերեւս, հարյուրամյակին ընդառաջ՝ գրել էր մեզ․ «Այսօր պետական մակարդակով մոտեցում չկա այս հարցերին։ Վերջապես՝ չկա՞ անհրաժեշտություն պետականորեն մոտենալ Սեւրի պայմանագրին, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, չէ՞ որ սրանք Հայաստանի անվտանգությունն ապահովող՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթեր են»։ 
Հայաստանում բոլորը գիտեն, որ Վիլսոնի իրավարար վճռին պետության մակարդակով հետամուտ լինելու մասին տարիներ շարունակ խոսում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը։

Նրան մենք հարցրինք, թե Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ-ից այս ընթացքում որեւէ ազդակ ստացե՞լ է այս փաստաթղթերին պետական մակարդակով տեր կանգնելու առումով։ «Չէ, որեւէ ազդակ չեմ ստացել։ Առաջարկներ եղել են՝ կոնկրետ խորհրդարանում լսումներ անելու, բայց որեւէ պատասխան չկա»։ Արա Պապյանն այս ընթացքում հասկացա՞վ, թե որն է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Ցեղասպանության եւ այս կարգի հարցերին։ Պարզվում է՝ «անորոշ, անհասկանալի» է այդ վերաբերմունքը։Ինչպես տեղեկացանք, օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագրին նվիրված գիտական կոնֆերանս է անցկացնելու ԳԱԱ-ի հումանիտար բաժանմունքը․ զեկուցողներից Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը (մյուս զեկուցողները լինելու են Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ Պատմության ինստիտուտի Ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը) հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ուղերձով։ «Ուրախալի բան է, որ պետական մակարդակով է վերաբերմունքը»,- ասում է Մելքոնյանը։ Ուղերձում ի՞նչ մի ուրախալի բան կա․ մեր դիտարկմանն ի պատասխան՝ Մելքոնյանն ասաց, որ նախկինում դա էլ չկար։ Հարցին, թե առաջարկելո՞ւ են պետության կողմից տարվող արտաքին քաղաքականության մակարդակով հետամուտ լինել այդ պայմանագրերին, Պատմության ինստիտուտի տնօրենը նշեց․ «Միշտ էլ առաջարկել ենք»։