Ինչպես է ՍԴ-ն «ջրել» ընդդիմության փաստարկները

Ինչպես է ՍԴ-ն «ջրել» ընդդիմության փաստարկները

Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակեց արտահերթ ընտրությունների վեճի վերաբերյալ ամբողջական որոշումը՝ բաղկացած մոտ 90 էջից։ 15 էջում դիմումատուների պահանջներն են ներկայացված, ապա՝ պատասխանողների, երրորդ կողմ հանդիսացող ՔՊ-ի եւ ՍԴ դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ 4 քաղաքական ուժ վիճարկում էր ԿԸՀ-ի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հունիսի 27-ին հրապարակած որոշումը եւ պահանջում չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, հայտարարել երկրորդ փուլ կամ մանդատները բաշխելու նոր կարգ սահմանել։ 
ՍԴ-ն արձանագրել է, որ ընդդիմադիրների պնդումները հիմնավոր չեն, եթե անգամ եղել են ընտրախախտումներ, ապա ոչ այնքան մասշտաբային եւ տարածական, որ կարող էին ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն գործել։ Դիցուք՝ անդրադառնալով այն պնդմանը, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չէր կարող մնալ վարչապետի պաշտոնակատար, եւ դա իր ազդեցությունն է գործել ընտրությունների վրա, ՍԴ-ն ասում է. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ կառավարության հրաժարականից հետո՝ մինչեւ նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը, կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի կառավարության մյուս անդամներին, այլ կառավարության բոլոր անդամներին՝ ներառյալ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը: Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»։ 

Անդրադառնալով վարչական ռեսուրսի օգտագործման հարցին՝ ՍԴ-ն փաստում է, որ «սույն գործով չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով եւ ունեցել զանգվածային բնույթ, ուստի՝ դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որեւէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»։ Միեւնույն ժամանակ՝ «վարչական ռեսուրսի կիրառման այլ դրսեւորումների, այդ թվում՝ երեխաների մասնակցությամբ հավաքների անցկացման, կառավարության կողմից համապատասխան գումարների բաշխման վերաբերյալ սույն գործով դատավարության այլ մասնակիցների կողմից համապատասխան դատական վարույթներ չեն հարուցվել: Նման պայմաններում ՍԴ-ն գտնում է, որ թեեւ սույն գործով ներկայացված առանձին փաստարկներ, ըստ էության, վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային բնույթ»: 

ՍԴ-ն անդրադարձել է նաեւ Փաշինյանի կողմից բռնության կոչերին եւ սպառնալիքներին՝ այդ փաստարկներն անվանելով «վերացական, զուրկ որոշակիությունից, հիմնված քաղաքական ելույթներից մեջբերված հատվածներում կառուցված առանձին արտահայտությունների վրա՝ առանց դրանց ընդհանուր համատեքստին անդրադարձի»։ Ամեն դեպքում, ՍԴ-ն արձանագրել է «դրանց անընդունելի կոպտությունը եւ ցնցող ազդեցությունը», բայց գտել է, որ «դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին եւ ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել»։ 

«Հայաստան» դաշինքը կասկած էր հայտնել, որ ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, եւ դատարան էր ներկայացրել մեկ օրինակ, երբ ընտրողների ստորագրված ցուցակում քաղաքացու անվան դիմաց առկա է եղել ստորագրություն, սակայն անձը հանրապետությունում չի գտնվել։ ՍԴ-ն արձանագրել է, որ նշված դեպքի կապակցությամբ շահագրգիռ անձանց կողմից օրենքով սահմանված որեւէ միջոց չի ձեռնարկվել (դրա վերաբերյալ որեւէ ապացույց առկա չէ), եւ ՍԴ-ն «գտնում է, որ այդ օրինակը չի կարող վկայել այլ անձանց փոխարեն քվեարկությանն առնչվող համակարգային խնդրի մասին»։ Բացի այդ, ԿԸՀ-ն եւ դատախազությունը ներկայացրել են բացատրություն այն մասին, որ այդ ստորագրությունը սխալմունք է։

Դատարանն արձանագրել է նաեւ, որ ԿԸՀ-ում չի ստացվել որեւէ դիմում այլ անձի փոխարեն քվեարկելու մասին՝ հիշեցնելով, որ քվեարկության հաջորդ օրը նման դիմումներ ներկայացնելու հնարավորություն կար։ Պատասխանողներից ԿԸՀ-ի ամբողջական դիրքորոշումը կարելի է ձեւակերպել մեկ տողով․ «Չի ներկայացվել պատճառահետեւանքային կապը նշված խախտումների եւ ընտրությունների արդյունքների միջեւ»։ Անդրադառնալով ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում Սահմանադրության 2-րդ եւ 7-րդ հոդվածների՝ մասնավորապես ազատ ընտրության սկզբունքի խախտման վերաբերյալ փաստարկներին՝ պատասխանողը նշում է, որ նախ պետք է հաստատվեն ԸՕ-ի խախտումները, դրանք պետք է ունենան այնպիսի բնույթ, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա: «Դիմողների փաստարկներն ու հիմնավորումները վերաբերում են կոնկրետ հանգամանքների գնահատմամբ դրանք խախտում որակելուն, սակայն չի ներկայացվում պատճառահետեւանքային կապը նշված խախտումների եւ ընտրությունների արդյունքների միջեւ»:

Վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ էլ ԿԸՀ-ն հայտնում է, որ օրենսդիրը որոշակի կատեգորիայի հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին ոչ թե արգելում է ընդհանրապես քարոզչություն կատարելը, այլ այդ կապակցությամբ սահմանում է որոշակի կանոն: Մասնավորապես, նշված կատեգորիայի անձինք, այդ թվում՝ անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարները եւ ավագանու անդամները կարող են իրականացնել քարոզչություն, բացառությամբ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Այսինքն՝ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոն զբաղեցնողները․․․ ազատ են՝ իրականացնելու նախընտրական քարոզչություն։

Ինչ վերաբերում է լուսանկարների խնդրին․ «Դիմողի կողմից չի բերվում որեւէ փաստարկ առ այն, որ որեւէ քաղաքացու պարագայում լուսանկարի առկա չլինելը տեղի է ունեցել ԸՕ պահանջների խախտմամբ, ավելին՝ դա էլ նպաստել է որեւէ իրավախախտման: Պատասխանողը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է տեխնիկական սարքավորման խափանման հնարավորությունը եւ սահմանել համապատասխան իրավակարգավորում:

Նշվածից ակնհայտ է, որ եթե անգամ չգործեին բոլոր տեխնիկական սարքավորումներն ու չտպագրվեին լուսանկարով կտրոններ, ապա դրանք չեն կարող համարվել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ, ուստիեւ՝ հանգեցնել անվավերության»: Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործածվող ընտրողների ցուցակների կրկնվող էջերին, որը վերաբերել է 9 տեղամասի, ապա․ «Բացատրությունը կարող է լինել հնարավոր տեխնիկական վրիպումը: Սակայն ներկայացված 9 տեղամասերից 6-ում ուղղակիորեն բացակայում է նույն անձին վերաբերող տողերում կրկնակի ստորագրման հանգամանքը, նույն անձի անունից երկու ստորագրության հանդիպում ենք 3 տեղամասի պարագայում, եւ խոսքը վերաբերում է 10 կրկնվող ստորագրության, այսինքն՝ լրացուցիչ 5 ստորագրության: ՀՀ ԿԸՀ-ի կողմից նշված հանգամանքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն»:

Ընտրատեղամասերում հոսանքազրկումների հետ կապված՝ պատասխանողը փաստում է, որ հոսանքազրկման դեպքեր առկա են եղել ե՛ւ քվեարկության ընթացքում, ե՛ւ դրա ավարտից հետո: Եվ նշում է, որ դրանք տեղի են ունեցել վթարների արդյունքում, ձեռնարկվել են միջոցներ՝ հնարավորինս կարճ ժամկետում վերացնելու ուղղությամբ, եւ վերացվել են, ու մատակարարումները վերականգնվել են: «Քվեարկության ընթացքում տեղի ունեցած հոսանքազրկումները որեւէ խնդիր չեն առաջացրել, քանի որ տեխնիկական սարքավորումներն աշխատում են նաեւ համապատասխան մարտկոցներով, եւ աշխատանքի խափանում չի արձանագրվել, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված իրավախախտման փաստեր չեն արձանագրվել»: Մինչդեռ խոսքը ոչ թե սարքավորումների անխափան աշխատանքի մասին էր, այլ մթության մեջ լցոնումների։