Մենք բոլորս ցանկանում ենք Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը, սակայն գլխավոր գործոնն այս հարցում ոչ թե ժամանակի գործոնն է, այլ արդյունքները Մոսկվայի համար։
Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորն ուզում են, որ Ուկրաինայում իրավիճակն ավարտվի, բայց այստեղ կարևորը ոչ թե ժամանակն է, այլ արդյունքների որակը ռուս ժողովրդի համար»,- ասել է նա։
Բացի այդ, ռուս նախարարը պնդել է, որ ոչ ոք չի փորձում Ուկրաինային համոզել վերադառնալ Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ բանակցություններին։ Նրա կարծիքով, Վլադիմիր Զելենսկին իրեն ոչ թե անկախ գործիչ է զգում, այլ նրան մանիպուլյացիայի են ենթարկում դրսից։ Նա հավելել է, որ այն թեզը, թե Ռուսաստանը հրաժարվում է Ուկրաինայի հարցով բանակցություններից, սուտ է, և Մոսկվան «կշարունակի հերքել դա»։
ՌԴ ԱԳ նախարարը հիշատակել է նաև Մոլդովային և ընդգծել, որ Արևմուտքն այժմ իբր այս երկրին է նայում որպես «հաջորդ Ուկրաինայի», իսկ նրա նախագահ Մայա Սանդուն «պատրաստ է գրեթե ամեն ինչի»։