«Ազատությունից» չեն մեկնաբանում Տիգրան Աթանեսյանի գրառումն ու մեղադրանքները

«Ազատությունից» չեն մեկնաբանում Տիգրան Աթանեսյանի գրառումն ու մեղադրանքները

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները երեկ հայտարարություն տարածեցին, որ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս այսօր «Ազատություն ռադիոկայանի» լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նրանց՝ Գասպարյանն իր տրանսպորտային միջոցը, որը, ինչպես տեղեկացանք, կվադրոցիկլ է եղել, վարել է լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ 

«Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը։

Ավելի ուշ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայդես եկավ պատասխան հայտարարությամբ՝ «Ազատության» լրագրողներին մեղադրելով ուրիշի անձնական կյանք ներխուժելու մեջ։ Ապա տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացնելու ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերների։

«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»,-իր ֆեյսբուքյան էջում այսպիսի ձևակերպումերով է հանդես եկել փաստաբան Աթանեսյանը «Ազատության» հասցեին։

Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածվել «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարի անունից։ Վերջինս դատապարտել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքը խոչընդոտելը:

«Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից», - ասել է Սինդելարը:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ այդ պահին Գասպարյանի առանձնատան նկարահանումներին մասնակցած «Ազատության» լրագրող Ռոբերտ Զարգարյանից՝ նրանից անձամբ լսելու, թե ինչպես է տեղի ուենցել միջադեպը, ինչու է նախկին ոստիկանապետն այդպես զայրացել ու կվադրոցիկլը վարել իրենց ուղղությամբ։ Սակայն լրագրողն ասաց, որ ավել բան չի կարող ասել, որևէ լրացուցիչ մեկնաբանություն չունի, միայն կարող է ասել, որ իրենց իրավաբաններն այս հարցով զբաղվում են։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Ազատություն» TV-ի գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանից։ Վերջինս ևս չմեկնաբանեց բուն միջադեպն ու Աթանեսյանի մեղադրանքները։ «Միայն կարող եմ ասել, որ իրավաբանները զբաղվում են այս հարցով»,-ասաց նա։

-Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ձեր լրագրողին մեղադրել է նախկին ոստիկանապետի անձնական կյանք ներխուժելու մեջ, Դուք տեղյա՞կ եք ձեր լրագրողի գործողություններից, թե կոնկրետ ինչ իրավիճակ է եղել, որքանով է հիմնավոր կամ ոչ հիմնավոր Աթանեսյանի ասածը։

-Ես ամեն ինչից տեղյակ եմ, ու դրա հիման վրա էլ գրել ենք մեր հայտարարությունը, ու դրանից ավել հիմա բան չեմ ասի, որովհետև ասացի, որ իրավաբաններն են զբաղվում։