Բառեր` պաթետիկ ու կեղծ

Բառեր` պաթետիկ ու կեղծ

Ստուգեք` կարո՞ղ եք լիովին անիմաստ, վերամբարձ խոսքեր հնչեցնել` լսողների մոտ խելացի, կարդացած, գրագետ մարդու տպավորություն թողնելու համար: Օրինակ. «Այս շենքն ընդամենը անշունչ մի առարկա է, այն պետք է ապրեցնեք դուք», «Անվտանգության մեջ մտնում է նաեւ քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը, որը մենք՝ որպես պետություն, պետք է ապահովենք», «Մեր չիմացությունն ամենահզոր զենքն է մեր թշնամիների համար, որ օգտագործվում է մեր դեմ»: Ոչինչ չասող բառերի կույտ, որոնք արտաբերվում են մարդկանց մոլորեցնելու համար` կեղծ, հոգուց չբխող: Բայց ցնցողը նման պաթետիկ տեքստ արտասանողի հաջորդիվ հնչեցրած խորհուրդն է` դպրոցներում պետք է աշխատանքներ տարվեն պաթոսի աստիճանի նվազեցման ուղղությամբ. «Մեր դպրոցների մեծագույն պրոբլեմներից մեկը պաթոսի գերադրական աստիճանն է»: Եվս մի գոհար. «Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձեւեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, եւ մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձեւերը՝ հենց այսօր, հենց հիմա»:

Ոչ ոք չի կարող ասել, թե մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը շագրենի կաշվի նման փոքրացրած, մեր պետականության գոյությունը հարցականի տակ դրած Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում ասել «բոլորովին ուրիշ հարթություն» բառակույտով: Հարթություն, որտեղ հայի ինքնասիրությունը խոցվա՞ծ է, ինքնուրույնությունը հասցված զրոյի՞, ինքնիշխանությունը ոչնչացվա՞ծ: Ուրիշ բովանդակազուրկ խոսքեր էլ են հնչել նույն անձի շուրթերից. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «ՔՊ-ն հաղթել է «սխալ քայլերի հետեւողականության» շնորհիվ», «Առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չի», «Աղքատությունը ձեր գլխում է»: