Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի մտքին և ուղեղին համապատասխան հայտարարությունները սրանք են

Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի մտքին և ուղեղին համապատասխան հայտարարությունները սրանք են

Ազգային ժողովի ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարությունների ժամին լրատվամիջոցներից մեկի եթերներից մեկով պարզ ու թափանցիկ ակնարկեց, որ «Մարտի 1»-ի գործով անցնող որոշ առանցքային վկաների անվտանգությունը դրսում անվտանգ չէ, և որ նրանք լավ կանեն՝ վերադառնան Հայաստան։ 

Մասնավորապես, մեկնաբանի դիտարկմանը, թե որոշ վկաներ մահանում են կամ հայտնվում են Ռուսաստանում, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Քոչարյանի փաստաբանների համար սա շատ լավ միջավայր է՝ փող աշխատելու և հավերժ ձգելու էս պրոցեսը, սակայն հավերժ ձգելու արդունքում հաստատ վկաների քանակը շատ քիչ է փոխվելու։ Չնայած մենք ունեցանք որոշ վկաների կորուստներ։  Հայկ Հարությունյանն այսօր չկա, Աշոտ Կարապետյանը․․․ վկաների մի մասը փախած է։ Բայց էդ փախածները, համոզված եմ, շուտ թե ուշ հասկանալու են, որ անխուսափելի է իրենց վերադառնալը, որովհետև սպասումներ ունենալ գարուն-ամառ-աշուն..․անխուսափելի է իրենց վերադարձը։ Իրենք պետք է վերադառնան, հավերժ մարդը չի կարող մնալ դրսում։ Դուք հիշում եք, որ ես հայտարարությունների ժամին հայտարարությունների տեքստի միջոցով պարզապես գնահատում էի փախածների վերադարձը, և որ նրանց համար ամենաանվտանգ վայրը և ցանկացած հայի համար ամենաանվտանգ վայրն էսօր Հայաստանի Հանրապետությունն է»։

Հիշեցնենք, որ  ՀՔԾ-ն օրերս մերժել էր այդ գործով անցնող ոչ թե վկա, այլ մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով նրա պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով։ Նա հայտնել էր, որ տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում իր պաշտպանյալը պատրաստակամ է վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար վերադառնալ Հայաստան։

Հարցին, թե ի՞նչ տեխնիկական հարցեր, չէ՞ որ նախկինում Վահագն Հարությունյանի պաշտպանը միշտ ասում էր, որ նա ՌԴ-ում է առողջական խնդիրներով, այսինքն՝ առողջական խնդիրնե՞րն են տեխնիկական, Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Դա էլ է տեխնիկական հարց։ Այսինքն՝ եթե վերադառնալու պատրաստակամությունը կար, մենք էդ հարցերը կլուծեինք։ Այն իմաստով տեխնիկական, որ մենք ասում ենք՝ հետախուզումը վերացրեք, մենք գալիս ենք»։

Մի հարց ևս Միհրան Պողոսյանին․ ի՞նչ է փոխվել նախկինի համեմատ, որ ասում են՝ մենք գալիս ենք, քանի որ նախկինում այդքան պարզորոշ հայտարարություններ չէին արվում։ Ի պատասխան՝ պաշտպանը թարգմանեց․ «Բան չի փոխվել էդ առումով, ինքը միշտ էլ ասում էր, որ ես գալու եմ, իմ հարցերը լուծեմ, գալու եմ։ Հիմա ասում է՝ էս պահին իմ հարցերը կարող եմ անգամ կիսատ թողնեմ, գամ»։

Այսօր էլ Միհրան Պողոսյանին փոխանցեցինք Քոչարյանի հայտարարությունը և հարցրեցինք՝ Վահագն Հարությունյանի՝ վերջին շրջանում վերադառնալու պատրաստակամությունը դրանո՞վ է պայմանավորված, ունի՞ Հարւթյունյանն իր անվտանգության հետ կապված վախեր։ Փաստաբանն ասաց․ «Ցավում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորը տրամաբանությունից և, ընդհանրապես, օբյեկտիվ իրականությունից զուրկ, իր մտքին ու ու ուղեղին համապատասխան հայտարարություններ է անում»։

Դիտարկմանն էլ, որ նա ասել էր նաև՝ Գևո՛րգ Կոստանյան, քո դուրը  կգա՞ր, եթե գլխավոր դատախազ եղածդ ժամանակ մեկն ասեր, որ չի կարող վերադառնալ 48 ժամվա ընթացքում, քանի որ այլ գործեր ունի։ Միհրան Պողոսյանն ի պատասխան ասաց, որ չի լսել նրան, և առողջ տրամաբանությունն էլ հուշում է, որ Քոչարյանին չպետք է լսել։