Մայրուղին փակելու ադրբեջանցիների իրական նպատակները

Մայրուղին փակելու ադրբեջանցիների իրական նպատակները

Արցախի տեղեկատվական շտաբն առավոտյան հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Հրապարակի» հետ զրույցում ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները մոտ 40 հոգի էին: 
Ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանցիների հետ բանակցություններ սկսվեցին, որը վարում էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Վոլկովը:

Միջադեպից երեք ժամ անց  ադրբեջանցիները բացել են ճանապարհը: Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության և փակ բաժնետիրական «Ազերգոլդ» ընկերության պահանջով Ադրբեջանից մի շարք մասնագետներ դիմել են ռուս խաղաղապահներին՝ ապահովել իրենց այցելությունները հանքավայրեր՝ ուսումնասիրություններ կատարելու համար, որպեսզի պարզեն, թե, այսպես կոչված, Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում հանքանյութը որքան է շահագործվել, ինչ շահույթ է ստացվել, որպեսզի հետո այդ տվյալների հիման վրա դիմեն դատարան:

Ամեն գնով խաղաղության օրակարգի մասին բարձրաձայնող Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, իրենց մեգազիջումային քաղաքականությամբ ու Արցախից հրաժարվելու հակահայկական օրակարգով կանգնեցրել են մեզ այն փաստի առաջ, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հեռուստաալիքներով բոլորիս համար զառանցանք թվացող թեզերը կարող են շուտով իրականություն դառնալ: Հայաստանի ներկայիս իշխանությունների հռետորաբանության եւ քայլերի շնորհիվ, Ադրբեջանը կանաչ լույս է ստացել՝ միջազգային դատարան դիմելու ու Հայաստանից պահանջելու երեսուն տարվա ընթացքում Արցախի և Հայաստանի մի շարք տարածքներում հանքարդյունաբերությունից ստացված գումարները: Արցախից մեզ հայտնեցին, որ խոսքը Դրմբոնի հանքի մասին է։ Փորձում են Արցախի գոյատեւման բոլոր ուղիները կտրել, եկամտի բոլոր աղբյուրները փակել։

«Հրապարակի» հետ զրույցում Ադրբեջանի կողմից Հայաստանի մասնատման ծրագրի մասին  խոսելով վերլուծաբան Արման Աբովյանը նշում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Հայաստանի իշխանությունները բոլտերով ավիրում են Հանրապետության Հրապարակի պաշտմամշակութային հուշարձանները՝ պատրաստվելով Ամանորի: Վերադառնալով առյուծ կտրած քառասուն ադրբեջանցիներին, որոնք փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այդպիսով շրջափակելով Արցախը, նշենք, որ հանքարդյունաբերության վերաբերյալ ուսումնասիրությունների մասին ադրբեջանական տելեգրամյան ալիքների հայտարարությունները հեռուն գնացող  ծրագրերի մասն են կազմում: Ճանապարհի փակումը, «Հրապարակի» տեղեկություններով իրականում այլ նպատակներ ուներ:

Ի սկզբանե ադրբեջանցիները ցանկացել են մաքսակետ դնել Բերձորի այլընտրանքային, վերջերս շահագործման հանձնված ճանապարհին, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապ այլևս չի լինելու՝ Արցախն ամբողջովին հայտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Հայկական կողմը թույլ չի տվել այդ ճանապարհին մաքսակետ դնել ու ադրբեջանցիները փորձում են ճնշում գործադրելով հասնել մաքսակետի բացմանը: Մեր տեղեկություններով ճանապարհը որոշակի պայմանավորվածությունների դիմաց են բացել՝ հայկական կողմը համաձայնել է գնալ որոշակի զիջումների։ Թե դրանք ինչ զիջումներ են՝ մնում է միայն գուշակել: Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեղեկացնում են, որ ճանապարհը բացելուց հետո ադրբեջանցիներին ռուս խաղաղապահները ուղեկցել են Ստեփանակերտ, սակայն ռուսների գլխավոր շտաբը գտնվում է Իվանյանի օդանավակայանում: Հարց է առաջանում, ինչո՞ւ են ադրբեջանցիները գնում Ստեփանակերտ: Ըստ որոշ տեղեկությունների, հայկական կողմից ադրբեջանցիների հետ բանակցություններին ներկա է եղել նաև Վիտալի Բալասանյանը:

Այն, որ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը հավելյալ հոգեբանական տեռոր է Արցախում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ՝ փաստ է: Կհայաթափվի Արցախը, եթե ադրբեջանցիներն այսպես հետեւողականորեն շարունակեն աշխատել, թե ոչ, դժվար է ասել: Սակայն, հնարավոր չէ չարձանագրել փաստը, որ հայրենիքը ծվեն-ծվեն մասնատվում է և  «ԱՊԱԳԱ ԿԱ-ն» հորիզոնում այլևս չի նշմարվում, սակայն  ՀՀ իշխանությունները զարդարում են Հրապարակը: Այնինչ, սթափ, իրականությունից չկտրված տրմաբանությունը հուշում է, որ երկրի տարածքում թշնամի պետության ահաբեկիչների առկայությունը եւ սողացող պատերազմը ենթադրում են առաջին հերթին բանակի վերկանգնում ու սահմանի ամրացում:
Նախանձել կարելի է թշնամական Ադրբեջանի քարոզչության եւ պետական կառույցների ճշգրիտ աշխատանքին: Այստեղ ոչ միայն կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում, այլեւ հակահայկական, հակաիրականական քարոզչություն իրականացնում, որը հող է նախապատրաստում Արցախում նոր գործողություններ իրականացնելուն:

Ադրբեջանական տեղեկատվական դաշտը ակտիվորեն շրջանառում են տեղեկատվություն այն մասին, որ Իրանից Ստեփանակերտ են ժամանել Իրանի տասնչորս քաղաքացի, որոնք Արցախի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների իրականացման դասընթացներ պետք է վարեն՝ սովորեցնելով Արցախի Պաշտպանության բանակի «ավազակախմբերին»։  ինչ անել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Իրանցի տասնչորս հատուկ ծառայողներն, ըստ ադրբեջանցիների, Ստեփանակերտ են ներթափանցել Իզե քաղաքից, որտեղ իրանական հատուկ ծառայությունների գաղտնի բազա կա: Մի բան պարզ է, նման կեղծ տեղեկատվությամբ ադրբեջանցիները փորձում են նոր ռազմական բախումների համար հող պատրաստել:

Չմոռանանք, ԱՄՆ-ն հայտարարեց, որ կօգնի Ադրբեջանին, եթե վերջինիս տարածքային ամբողջականությանը որևէ երկիր սպառնա: Ի դեպ, ադրբեջանական մամուլում նշում են 14 իրանցիների անունները և հավելում, որ սրանք կարող են վերջիններիս իրական անունները չլինել: Դրանք են․ Մոհմադի Վահաբ Մեհրալի, Հեյդարի Աբդոլլահ Ալահ Ռահմ, Մոհմադի Դառյուշ Ավազ, Ամիրիթոլմարանի Էլսա Մոհամմադ, Սալահշուրի Դուռակի Ֆարզադ Նադեր, Մոհմադի Արեֆ Հոսսեյն, Ալմասիան Նեժադ Էբրահիմ Մոհամմադ, Մոհմադի Աբդոլլահ Մեհր Ալի, Մոհմադի Նասրոլա Մեհր Ալի, Սաֆարի Հոսսեյն Հաթամ, Կուրավանդ Թախտ Սաբզի Ալի Շիր Հոսսեյն, Մոհմեդի Օմիդ Մեհր, Ալի Մոհամմադի Մոխտար Բար Ահմադ, Սալահշուրի Դուրակի Կերամաթ Նադեր։