«Սանիտեքից» դեռ մտածում են՝ ինչ պատասխանեն դատախազությանը

«Սանիտեքից» դեռ մտածում են՝ ինչ պատասխանեն դատախազությանը

Երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ քրեական գործ է հարուցվել «Սանիտեք» ընկերության դեմ։ Սա Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի վաղեմի երազանքն էր, որը վերջապես իրականություն դարձավ։ Դատախազությունից նշում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. եւ 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք ինթերնեշնլ» ՍՊԸ-ի եւ «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ եւ աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2013 եւ 2015թթ. կնքված 2 պայմանագրերով նախատեսված են եղել ընդհանուր 16 հազար հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղերի) մատակարարման եւ տեղադրման, աղբի հավաքման եւ հեռացման, ինչպես նաեւ դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման եւ փոխարինման աշխատանքներ, որոնց համար յուրաքանչյուր տարի վճարվել է շուրջ 1 մլրդ 805 մլն ՀՀ դրամ: Սակայն Երեւանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5 հազար 170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2 հազար 553 հատը, թեեւ կապալառուն պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:
Դատախազությունը չարաշահումներ է հայտնաբերել նաեւ կոնտեյներների (աղբամանների) քանակի եւ դրանց դիմաց կատարած վճարումների հարցում՝ արձանագրելով, որ 2014թ. սկսած՝ Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել եւ տեղադրել ընդամենը 9 հազար 907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներ:
Ի վերջո, այս ամենն ի մի բերելով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով եւ քրեական գործի նախաքննությունը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Սանիտեքից» երեկ ամբողջ օրը նորմալ չարձագանքեցին հարուցված քրգործին՝ հավանաբար, իրավաբանները դեռ մտածում են, թե ինչպես հակադարձեն այս հաղորդագրությանը։ Մեզ նախ ասացին, թե «Սանիտեք» ընկերությունը հանգիստ է այս պահին, ոչ մի անհանգստություն չի զգում, իրավաբանական թիմը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ՝ խոստանալով, որ առաջիկայում կլինի հայտարարությունը։
Իսկ արդեն օրվա վերջում, տեսնելով, որ հայտարարությունը չկա, նորից դիմեցինք «Սանիտեքին»։ Մեզ ուղարկեցին հետեւյալ պատասխանը․ «Ի պատասխան ՀՀ դատախազության կողմից տարածված հայտարարության՝ «Սանիտեք» ընկերությունը հայտնում է․ հաշվի առնելով հայտարարությունում տեղ գտած հարցերի լայնածավալ լինելը, ընկերության իրավաբանական թիմն իրականացնում է դատախազության հայտարարության մեջ տեղ գտած փաստերի արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրություն եւ վերլուծություն: Հայտնում ենք, որ «Սանիտեք» ընկերությունը վաղը (այսինքն՝ այսօր) հանդես կգա համարժեք պարզաբանող հայտարարությամբ»։

Նշենք, որ մի քանի օր է՝ «Սանիտեք» ընկերության աշխատակիցները նստացույց են անում քաղաքապետարանի, իսկ երեկ՝ նաեւ կառավարության դիմաց, պահանջելով իրենց աշխատավարձերը։ Քաղաքապետարանից ասում են՝ թող «Սանիտեքը» վճարի, գործատուն ինքն է, «Սանիտեքից» էլ ասում են՝ քաղաքապետարանը պայմանագրով նախատեսված իրենց հասանելիք գումարը չի փոխանցել, որ իրենք կարողանան վճարել իրենց աշխատակիցներին։