Իլհամի էշին չոշ չասելու գաղտնիքը

Իլհամի էշին չոշ չասելու գաղտնիքը

Զարմանում եմ, որ այս կամ այն գրագետ անձն անհանգստություն է հայտնում այս կամ այն միջազգային կառույցում փաշինյանական այս կամ այն չինովնիկի վատ աշխատանքի կապակցությամբ: Անհանգստություն է հայտնում, որ այդ անձը (կամ անձինք) բացարձակ պասիվ են Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու կամ գոնե պաշտպանելու առումով, երբ արեւելքից թուրքերը հարձակումներ են գործում կամ անարդարացի մեղադրանքներ հնչեցնում մեր երկրի նկատմամբ: Անկեղծ ասած, մեկ-մեկ ես էլ եմ հունից դուրս գալիս այս կամ այն բացթողումների մասին ընթերցելիս: Սակայն դա կարճ է տեւում, քանի որ գիտակցում եմ, որ Նիկոլի օրոք հենց այդպես էլ պետք է լիներ: 

Եթե մեր պետության ոչուփուչ ղեկավարը քնում է, արթնանում ու միայն իր իշխանությունը պահպանելու մասին է մտածում, ապա մնացած բոլորը թքած են ունենում իրենց անմիջական պարտականությունների վրա: Եվ ավելին, այդ անձնավորությունը սեփական ցանկությամբ կամ արտաքին ուժերի պատվերով (եւ կամ երկուսը միասին) աննահանջ գնում է դեպի Իլհամի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Իսկ այդ դեպքում խոսել մեր պետության շահերի հետապնդման առումով այս կամ այն կառույցում՝ առնվազն միամտություն է: Էլ չեմ խոսում սահմանային խնդիրների դեպքում «գերագույն գլխավոր» անվանյալ չշշկռվածի վարքագծի մասին. որեւէ ձեւով Իլհամի էշին չոշ չասել՝ վերջինիս հակահայկական մտադրությունների եւ նույնիսկ գործողությունների առումով:

Իսկ ի՞նչ է նշանակում խաղաղության պայմանագրի ստորագրումն Ադրբեջանի հետ, ինչին այդպես ձգտում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կոչված անձը: Դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության ճանաչում: Դա, իր հերթին, նշանակում է, որ մենք մեռանում ենք Արցախի որեւէ կարգավիճակի մասին՝ լինի դա Ադրբեջանի կազմից դուրս եւ նույնիսկ դրա կազմում: Երեւի հիշում եք՝ մի ժամանակ Իլհամն ասում էր, որ հայերը կարող են ստանալ ընդամենը մշակութային ինքնավարություն: 

2020 թվականի պատերազմում մեր պարտությունից հետո մենք կարող ենք մոռանալ նաեւ մշակութային ինքնավարության մասին՝ համենայնդեպս արդեն այդպես է խոսում Իլհամը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները կգծվեն այնպես, ինչպես դա ցանկանում է Իլհամը: Ինչը նշանակում է, որ Երեւանից դեպի հարավ եւ դեպի հյուսիս ճանապարհների վրա հայտնվելու են ադրբեջանական բնակավայրեր ու դրանց բնակիչներին պաշտպանող զորամասեր: Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր տան միջանցքում թշնամի երկրի բնակիչ ու զինվոր… Թշնամի երկրի, որովհետեւ, ի տարբերություն Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի, Իլհամը չի դադարում մեզ թշնամի համարելուց ու մեզ բոլորիս նվաստացնելուց:

Եվ ամենակարեւորը՝ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը, անկախ մեր սահմանների խախտման առնչությամբ խնդիրներից, պաշտպանված է Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության եւ փոխօգնության պայմանագրով: Սակայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն անօրինականորեն զբաղեցրած անձի՝ Փաշինյան Նիկոլի, վերարտադրության դեպքում ՌԴ-ի հետ այդ պայմանագիրը շատ հանգիստ կարող է փոխարինվել Թուրքիայի հետ նույնպիսի մի պայմանագրով: Սակայն, ի տարբերություն ՌԴ-ի հետ պայմանագրի, այս մեկով մեկ-երկու տասնամյակ անց վերջ կդրվի Հայաստանի Հանրապետության գոյությանը: Իսկ դրանից եւս մեկ կամ երկու տասնամյակ հետո Թուրքիայի ազգությամբ հայ զինվորները մի օր կբնաջնջվեն ճիշտ այնպես, ինչպես դա կատարվեց 100 տարի առաջ՝ առաջին համաշխարհային պատերազմում: