Երբ եւ ինչպես սկսեցի հասկանալ Ֆրունզիկ Մկրտչյանի հումորը

Մանկության տարիներին «խելացի» կինոկատակերգությունները մեզ մոտ այնքան էլ լայն ճանաչում չունեին։ Չապլին նայում էինք չափազանց հազվադեպ, ոչ միայն նրա համար, որ խորհրդային վարձույթում չապլինյան գլուխգործոցները պարզապես չկային եւ միայն նրա վաղ շրջանի կարճամետրաժներն էին երբեմն-երբեմն ցուցադրում հեռուստատեսությամբ, այլ որ չէինք էլ փորձում խորամուխ լինել դրանց էության մեջ։ Կարեւոր էր այն, որ Չարլին ծիծաղելի կերպով վազեր, ոտքով աքացի տար, եւ խուսափեր պատասխան աքացիներից։ «Ուրախ տղաներում» մենք՝ 60-ականների դպրոցականներս, ամենաշատը սիրում էինք Կոստյա Պոտեխինի երաժիշտների կռվի տեսարանը։ Երբ մեծացանք, այդ տեսարանը մեզ, չգիտես ինչու այլեւս այդքան ծիծաղելի չէր թվում։ Կատակերգությունն առանց զվարթ իրարանցման, բազմաթիվ հռհռոցների, մեզ համար պարզապես կատակերգություն չէր։
Երբ մեր քաղաքում տեղի ունեցան «Մի վշտանար» կինոնկարի պրեմիերային ցուցադրությունները, ես 9 տարեկան էի։ Հորս հետ գնացինք կինո նայելու։ Նա էկրանին նայում էր հոգնած եւ անտարբեր։ Կինոկատակերգությունները հայրս առանձնապես չէր սիրում։ Սակայն մի հատված կար, որ նա հանկարծ սկսեց հռհռալ։ Թուրք մաքսանենգի ասած «Կոնֆետ ուզում ես» նախադասությունը կրկնում էր մինչեւ կյանքի վերջը։ Եւ միշտ ծիծաղում էր հիշելով նախադասության վերջին հատվածը՝ «Չկա»։ Տարիների հետ Ֆրունզիկ Մկրտչյանի հումորը սկսեցի հասկանալ նաեւ ես՝ նրա «Այբոլիտ 66»-ում մարմնավորած դերի միջոցով, մանկությանս տարիներին այլ կինոնկարներից առկայծած ինչ որ կատակերգական դրվագների միջոցով։ Իսկ «Միմինոն» դիտելիս՝ ես ու հայրս միասին էինք ծիծաղում․ Ռուբիկ-ջանը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորմամբ, հուզեց երկուսիս էլ։ Զարմանալի էր, սակայն վարորդ Խաչիկյանը հավասարապես հասկանալի էր եւ 17-ամյա տղային եւ 60-ամյա՝ կյանքի փորձ ունեցող տղամարդուն։ Մեկ նախադասության մեջ գտնել բացարձակպես տարբեր սերունդներին պատկանող մարդկանց սրտի բանալին կարող է միայն ․․․ տաղանդը։
Հատված Նիկոլայ Նադեժդինի «Ֆրունզիկ Մկրտչյան․ Հայկական ռապսոդիա» գրքից
Կարծիքներ