Հարցազրույց

Ես Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել. Նազենի Հովհաննիսյան

Ես Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել. Նազենի Հովհաննիսյան

Մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդու՝ Ռոմանի հարսանեկան արարողությունը, մեծ աղմուկի տեղիք տվեց ու լայնորեն լուսաբանվեց: Այդ ճոխ հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է հազարը, ներկա է եղել իշխանական վերնախավը, նաև մի խումբ ՀՀԿ-ականներ, քանի որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գառնիկ Բադալյանը Վիգեն Բադալյանի հորեղբայրն է, և այս ընտանիքը ինչպես ջերմ հարաբերություններ ունի գործող իշխանության հետ, նույնքան էլ՝ նախկին իշխանությունների, հատկապես՝ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի հետ: 

Հարսանիքի կադրերի հրապարուկումից հետո մարդիկ սկսեցին քննադատել Բադալյաններին՝ Մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահի վերածելու համար: Քննադատությունների արժանացան նաեւ այն բոլոր հայտնիները, ովքեր երգել են հարսանիքի ժամանակ, վարել են հարսանյաց արարողությունը: Այդ օրը Համալիրում երգել էին՝ աշխարհահռչակ Նիկոլ Շերզինգերը, Ռազմիկ Ամյանը, Թաթան, Լիլիթ Հովհաննիսյանը, Հարութ Փամբուկչյանը, Արամեն եւ այլք: Հարսանիքը վարել են՝ Նազենի Հովհաննիսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը: Մարդկանց հատկապես զայրացրել է այն, որ Նազենին ու Գարիկն են վարել, քանի որ երկուսն էլ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Ավելին՝ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նազենի Հովհաննիսյանը խմել է Նիկոլ Փաշինյանի կենացը:

«Հրապարակը» զրուցել է Նազենի Հովհաննիսյանի հետ:

-Արդեն մի քանի օր է՝ Ձեզ քննադատում են Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքը վարելու եւ որպես հանդիսավար՝ Նիկոլ Փաշինյանի կենացը խմելու համար, անգամ ասում են՝ խմել եք իր կենացը, սակայն նա Հայաստանում չէր, ներկա չէր հարսանիքին: 

- Նման բան չի եղել , եղել է մասնավոր հարսանիք, որտեղ ամեն ինչ եղել է միայն սիրո մասին, սերն ամեն ինչ է: Ես բացարձակ Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել:

- Ձեզ նաև քննադատում են իշխանականների արարողությունները եւ կոնկրետ այդ հարսանիքը վարելու համար: Մարդիկ ասում են՝ Ձեր Ֆեյսբուքի էջում հայրենասիրությունից ու հայրենիքից եք խոսում, սակայն իշխանական շրջանակներին ինչ-ինչ ծառայություններ եք մատուցում:

- Այսինքն, մենք պետք է բացառե՞նք սերը, եթե մարդիկ ընտանիք են ստեղծում, ընդ որում՝ սիրո հողի վրա, երկար իրար հասնելով, շատ սիրուն երիտասարդ զույգ են, որոնց ես անձամբ եմ ճանաչում և շատ ջերմ, ի՞նչ պետք է անեի ես՝ մերժեի՞ սերը, դա՞ է ճիշտ մոտեցումը:

- Այսինքն, եթե մերժեիք վարել այդ հարսանիքը, կնշանակեր մերժո՞ւմ եք սերը:

- Այսօր ամեն բան այնքան է իրար խառնվել, որ արդեն շատ մեծ հարց է, թե ով ինչական է, ով է ընդդիմադիր և ով է իշխանություն, և ցավոք սրտի, եթե մենք այս դիտանկյունից նայենք Հայաստանում տեղի ունեցող իրականությանը, ապա փողոցում պետք է իրար բարև էլ չտանք…. ամեն ինչ գնում է դրան, ինչպես հասկանում եմ:

- Վաղը եթե Նիկոլ Փաշինյանի երեխաներից մեկը որոշի ամուսնանալ և Ձեզ առաջարկի հարսանյաց միջոցառումը վարել, կհամաձայնե՞ք՝ հանուն սիրո:

- Իհարկե՝ ոչ:

- Ո՞րն է տարբերությունը, Մարիամ Փաշինյանը չի՞ կարող մեծ սիրո արդյունքում որոշել ամուսնանալ:

- Ինձ համար կա սկզբունքային տարբերություն, կարծում եմ՝ դուք էլ գիտեք՝ խոսքն ինչի մասին է: Բայց ամեն մարդ իր կարծիքն ունի:

- Անգամ քաղաքական գործիչներն էին քննադատում Ձեզ:

- Ինչո՞ւմ են մեղադրում ինձ, ինչո՞ւ են քննադատում, որ ես սկզբունքներո՞վ եմ ապրում, պահում եմ իմ դիստանցիա՞ն և անում եմ ամեն ինչ, որպեսզի ոչ մեկին չխանգարե՞մ, սակայն կարողանամ օգնել ամեն ինչով՝ իմ կոլեգաներից մինչև իմ երկրին, և այդքանից հետո ի՞նձ են քննադատում: Հա, դրանք այն քաղաքական գործիչներն են, որ մինչև հիմա, արդեն յոթ տարի անց չեն կարողանում՝ Արցախի կորուստը փաստական, ճիշտ ձևով բարձրաձայնել և դրա հետ կապված ստեղծել քաղաքական կոալիցիա, էդ մարդի՞կ են ինձ մեղադրում, ի՞նչ ասեմ՝ թող քննադատեն, ամեն մարդ թող առաջնորդվի իր խղճով: Մասնավոր մարդու ուրախությունն ինձ համար շատ կարևոր է: Ռոմանի և Մարինայի սիրո հաղթանակը շատ կարևոր հաղթանակ է: Ես նրանց անձամբ եմ ճանաչում, մենք ապրում ենք մի փոքր երկրում և բոլորս ունենք մեր անցած ուղին: Ես արդեն բավականին մեծ կին եմ, ու հավատացեք՝ շատ ավելին գիտեմ, քան ինձ թույլ եմ տալիս բարձրաձայնել այդ մասին: Ինչ ուզում են՝ թող ասեն իմ մասին, ինչքան ուզում են՝ թող քննադատեն: Սրտանց երջանկություն եմ մաղթում Ռոմանին ու Մարինային, որովհետև նրանց սերը հաղթեց բազում դժվարություններին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image