Դուխով գազանն ամենավտանգավորն է, որովհետեւ դուխն ունի, բայց ուղեղը չունի

Դուխով գազանն ամենավտանգավորն է, որովհետեւ դուխն ունի, բայց ուղեղը չունի

Հարցազրույց գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, պատերազմից մեկ տարի անց ի՞նչ ունենք այսօր՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

- Ունենք ընկճվածություն, ոգեղեն ամրության փորձարկում։ Եվ ցավալիորեն պետք է ասեմ, որ պատերազմը, ըստ էության, արդյունք էր ծրագրային որոշակի նպատակներ հետապնդող գործողությունների, որն ամենեւին մեր ազգային շահերից չէր բխում, այլ ճիշտ հակառակը։ Սակայն մի փոքրաթիվ բանակ եւ ժողովուրդ դիմակայեցին հսկայական բանակի, եւ ոչ թե մեր զինվորը պարտվեց, այլ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Կորուստներն անչափելի են ու անդառնալի՝ մարդկային, բարոյական։ Հոգեւոր նվաստացումները սոսկալի են, դարձյալ՝ անչափելի, բայց տարածքները, վստահ եմ, վերադարձնելու ենք։ Հակառակ դեպքում հայտնի միտքը, թե արդարությունը մեռնում է, սակայն չի հիվանդանում, պետք է արձանագրենք, որ կա՛մ արդարություն չկա աշխարհում, կա՛մ արդարությունը մեռել է, եւ դրա համար նախ պետք է ունենանք անբասիր, անաչառ, հայրենասեր անդամներից բաղկացած քննիչ հանձնաժողով, որը պետք է արդեն վաղուց աշխատեր, քանզի պատմության մեջ առաջին անգամ է, որ պարտված իշխանություններն այնքան անարժանապատիվ գտնվեցին, որ շարունակեցին կառավարել։ Իսկ համաշխարհային պատմությունը բոլոր պարագաներում ցույց է տալիս, որ դա պարտության շարունակություն է դառնում։

- Այս մեկ տարվա ընթացքում իշխանություններին ինչքանո՞վ հաջողվեց լուծել անվտանգային խնդիրները։

- Բացարձակ ոչ մի անվտանգային խնդիր չի լուծվել։ Պատերազմը պարզապես փոխել է իր ձեւը, որակները, եւ մենք առանց պատերազմելու, առանց դիմադրելու տարածքներ ենք զիջում։ Եվ ինձ զարմացնում է, որ ԱԺ-ն, պետական ուժային, ռազմական գերատեսչությունները փորձում են անընդհատ արդարացումներ գտնել, ինչ-որ քարտեզներ պեղել, թե իբր 3 կմ են առաջ եկել, կամ սա իրենց տարածքն է եղել։ Սա խայտառակ, ճղճիմ հոգեբանություն է, իսկ ապազգային, անհայրենիք հոգեբանությամբ առաջնորդվող մարդիկ երբեք չեն կարող հետապնդել ազգային պետական շահ։ Սա ազգային խայտառակություն է, սա մարդու տեսակի նահանջն է մարդ լինելու դիրքերից։ Մենք կանգնած ենք ավելի մեծ արհավիրքների առաջ, եթե շարունակվի այս քաղաքականությունը։ Ես չեմ զարմանա, որ վաղն ԱԺ-ում, որտեղ հովակիմյաններ ու աղազարյաններ կան, օրենքի նախագիծ առաջարկեն, որով հայրենասիրությունը լինի դատապարտելի։ Թող հիմիկվանից պարզ ու շիտակ խոսեն եւ ասեն, որ հայրենասիրությունը քրեորեն պատժելի է, հայհոյանքն էլ է պատժելի, անեծքն էլ։ Ինչո՞ւ եք հայհոյանքի դեմ ըմբոստանում, որովհետեւ հայհոյանքի եք արժանի ու հայհոյանքից եք պաշտպանվում։ Սա ինձ համար մի շրջան է, որ խելագարություն էլ չէի կոչի, այլ՝ մղձավանջ, չար երազ, որ պատել է մեր երկրին ու ազգին։ Սա 30 տարվա մեր իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետեւանք է, հատկապես՝ ներքին։ Հատկապես, երբ ազգային արժեքների, ազգային մտածողության տեր մարդկանց աշխատանքից ազատում էին, փորձում էին վարկաբեկել, քրեական գործեր էին հարուցում նրանց դեմ, ովքեր ազգային շահ էին հետապնդում։ Սա ամփոփումն է այս 30 տարվա, եւ թող ոչ ոք ինձ չփորձի համոզել, որ սա 20-25 տարվա պատմություն է։ Սկիզբը դրվել է 90-ական թվականներին․ երբ ես «Հայաստան» հրատարակչության տնօրենն էի, կառավարությունից մի հրամանագիր ստացա, որ «Հայաստան» անունն օգտագործելու համար պետք է հազար դոլարին համարժեք դրամ վճարեմ պետությանը, երբ հրատարակչությունները խայտառակ վիճակում էին։ Ես այդ ժամանակ տպեցի Խորենացու «Ողբը» եւ ուղարկեցի համապատասխան բաժին։ Այսինքն՝ հակահայկական, ազգային գաղափարաբանության, մտածողության, արժեքների դեմ այս հիմքերը դրվել en դեռ առաջին նախագահի օրոք։

- Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ անկախության 30-ամյակը նշվեց Հանրապետության հրապարակում՝ «մասշտաբային եւ գունագեղ տոնակատարությամբ»։ Ըստ Ձեզ՝ այս տարի ինչպե՞ս պետք է նշվեր անկախության օրը։

- Ասում են, թե այդ համերգի ժամանակ օգտագործվել են սատանայական խորհրդանիշներ․ այսպիսի հրապարակումներ եմ կարդացել, բայց ես դրանից բան չեմ հասկանում։ Ինձ համար կարեւոր է, թե ինչ կապիկություն էին անում այդ ալպինիստները կամ ակրոբատները, որ պատերը ճանկռելով մագլցում էին, ճոճվում։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ էին այդ ծառերը դրել հրապարակում, որ, իրենց ասելով, եդեմն էր խորհրդանշում։ Ես չհասկացա նաեւ բանախոսի օրվա մտքի գոհարները՝ հաղթել-պարտվելու նոր ձեւակերպումները։ Բայց երբ գրավոր տեքստով են հանդես գալիս, հասկանում ես, որ այդ ամեն ինչն ունի իր ենթատեքստը, ասելիքը, ուղերձը։

- Այսինքն՝ վրիպում չէր, ինչպես որ ամեն անգամ փորձում են վարչապետի խոսքը սրբագրել եւ ներկայացնել։

- Բնավ, դա վրիպում չէր, այլ մտածված խոսք էր։ Իսկ ընդհանրապես՝ անկախության օրը եթե հոբելյանական չլիներ, ապա կարելի էր նաեւ չնշել, բայց քանի որ հոբելյանական էր, պետք է ունենայինք ռազմական շքերթ, թեկուզ առանց իսկանդերների, ՍՈՒ-երի, որպեսզի ժողովրդի ոգին ամրանար, եւ տեսներ, որ կա բանակ, եւ ինքը կարող է իրեն պաշտպանված զգալ։ Նաեւ պետք է լիներ հանդիսավոր նիստ՝ առանց այս մեյմունությունների, եւ, իհարկե, այս ամենը պետք է սկսվեր Եռաբլուրից՝ մեր նահատակների շիրիմների առջեւ խոնարհվելուց, առանց զորք ու զրահի ժողովրդի առաջ ներկայանալուց։ Եթե ղեկավարը չի քայլում իր ժողովրդի հետ, բայց խոնարհվում եւ սիրում է այդ ժողովրդին ու պաշտպանվում նրանից, դա զարմանալի չէ՞ արդյոք։

- Ի դեպ, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հաղթել-չհաղթելու մի նոր ձեւակերպում տվեց՝ ասելով, թե «հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը»: Սա նոր ուղե՞րձ է՝ նոր զիջումների հետ կապված։

- Նա պատահական ոչինչ չի ասում, նրան երբեմն հոգեկան հիվանդության ինչ-որ բաներ են մեղսագրում, բայց փաստ է, որ նրա գրավոր խոսքում այս ամեն ինչը, ինչպես որ իր գրքում, ինչ-որ նպատակ է հետապնդում։ Նա մի ժամանակ էլ ասում էր՝ աղքատությունը ձեր գլխում հաղթահարեք, որից հետո ժողովրդին մատնեց բացարձակ աղքատության, սնանկացման։ Այսօր էլ հանել է եւ ուզում է պետական գանձարանն աճուրդով վաճառել։ Սա երկրի կործանման ցուցիչ է, եւ երբ ասում է՝ հաղթելու համար պարտադիր չէ հաղթել, սրանով նախապատրաստում է հերթական պարտությանը։ Ու սա ասում է հոգեբանական ներազդեցության մեթոդներով, մանպուլյացիաներով, որով կարողանում է ազդել ժողովրդի վրա։

- Այս պայմաններում նոր պատերազմի հավանականությունը որքանո՞վ է մեծ։

- Պատերազմը դեռ շարունակվում է, եւ մենք չենք դիմադրում։ Մեծ պատերազմ կլինի, որտեղ մենք կլինենք արդեն շատ փոքր գործոն, եւ դա կլինի մեր տարածաշրջանում։ Իսկ ինչ վերաբերում է մեր պատերազմին, ապա հիմա որ ասեմ՝ թուրքը եթե ուզենա, կգա Երեւան, պիտի ասեն՝ Հրանտ Բագրատյանի նման կռիվ է հրահրում։ Եթե դու չես դիմադրում, թշնամին կռվում է, քեզ հայհոյում է, նվաստացնում է, խաղում է քո արժանապատվության հետ։ Ի՞նչ պարտադիր է, որ թշնամին գա մտնի իմ տունը, եթե նա արդեն բարոյապես, հոգեբանորեն մտել է իմ տուն, եւ ես չեմ դիմադրում։

- Ավելին՝ թշնամին արդեն անցակետեր է տեղադրում մեր բնակավայրերում, գերեվարում, նաեւ ահաբեկում է մեր հայրենակիցներին։

- Կարծեմ թե Երեւանում էլ ման են գալիս, բայց Սերժ Սարգսյանի ժամանակ էլ «Գորշ գայլերի» ղեկավարներն էին ման գալիս։ Ես կողմնակից եմ մեկ այլ ուժի ձեւավորմանը, որը լրիվ անկախ կլինի այս բոլորից, սրա նախորդները, բացի Քոչարյանից, ով, այնուամենայնիվ, բոլոր թերություններով հանդերձ, փրկեց երկիրը։ Առաջին նախագահն արդյունաբերությունը կործանեց, սա եկավ՝ գյուղնախարարությունը փակեց, նաեւ կատարեց Էրդողանի պահանջը եւ սփյուռքի նախարարությունը փակեց, որովհետեւ Էրդողանն անընդհատ խոսում էր սփյուռքի հետ Հայաստանի կապերը խզելու մասին, բերեց անհասկանալի մի հանձնակատար, որ արաբներով, հնդիկներով ուզում է 2050-ին Հայաստանի բնակչությունը հասցնել 5 մլն-ի։ Փողոցային մակարդակը չի կարող երկիր կառավարել, եթե դա ընդամենը ծրագիր չէ։

- Էրդողանն ասել է, որ դրական ուղերձներ է ստանում Նիկոլ Փաշինյանից։ Սա ի՞նչ է նշանակում։

- Ես վախենամ, որ եթե դրական ուղերձներն ընթացք ստանան, մենք այլեւս երես չենք ունենա այս մոլորակի վրա քայլելու, եթե մենք ստորագրենք այդ պայմանագիրը, ընդունենք այդ սահմանը, եթե հրաժարվենք մեր ցեղասպանված միլիոնավոր նահատակներից, ուրեմն էլ ինչո՞ւ ենք ապրում, եթե արժանապատվություն չունենանք եւ չկարողանանք պաշտպանել ինքներս մեզ ու մեր ապրելու իրավունքը։

- Այսօր ո՞րը պետք է լինի քաղաքացու, մտավորականի, մեր` բոլորիս անելիքը։

- Դժվարանում եմ ասել, բայց կարող եմ ասել, թե որը պետք է լինի այսօրվա երիտհայերի անելիքը՝ հրաժարականն ու անհապաղ, օր առաջ, ժամ առաջ ներողություն խնդրելն ու հրաժարական տալը, որից հետո պետք է ստեղծվի Հայաստանի փրկության կոմիտե, ինչպես Թումանյանի ժամանակ էր։

- Բայց իշխող ուժը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ, ինչպես իրենք են ասում, ընտրությունների ժամանակ ժողովրդի քվեն են ստացել։

- Ես ուղղակի ապավինում եմ իրենց մի մազաչափ ինքնասիրությանը։ Եթե իշխանավորը փողոց է դուրս գալիս պահապաններով, զորքով են ման գալիս եւ չեն հասկանում, որ ցանկալի չեն ժողովրդի համար։ Հիշում եմ՝ հոկտեմբերի 27-ից հետո մեր աղբատարի վարորդից մի լրագրող կարծիք հարցրեց, թե ինչ է կարծում՝ ո՞վ է կանգնած այս հանցագործության հետեւում, ասաց՝ դաշնակները․․․։ Հասկանո՞ւմ եք, այս մակարդակի տեր մարդկանց ընտրություններով չպետք է ձեւավորվի իշխանություն։ Ես դեմոկրատիային դեմ չեմ, բայց այս բարդակին եմ դեմ (ներողություն այս արտահայտության համար)։ Ընտրությունների մեխանիզմներն էլ պետք է վերանայվեն, ոչ բոլորը պետք է իրավունք ունենան ընտրելու, պետք է ցենզ սահմանվի։ Եթե զոհվածի մայրը նրան ասում է՝ էրեխիս կորցրի, չուզեցի քեզ էլ կորցնել․․․ էլ ի՞նչ ասես։ Ավելի թանկ բան, քան հայրենիքն է, կա՞ արդյոք։ Երբ դիմացինդ բութ է, դա անհաղթահարելի տեսակ է, եւ նրան պետք է հեռացնես, որովհետեւ նա գիտակցաբար է անում այն, ինչ անում է։ Դուխով գազանն ամենավտանգավորն է, որովհետեւ ուղեղ չունի եւ կատարելու է այն, ինչ իրեն ասելու է իրեն վարժեցնողը։ Ասելու է՝ գնա մարդ կեր, գնալու է ուտի, որովհետեւ դուխն ունի, բայց այդ ուղեղը չունի։