ԱԺ-ում էլ շատերը կան, որոնք մտավորական չեն, կնոպկա սեղմող են և լացկաններ․ Սամսոն Ստեփանյան (տեսանյութ)

ԱԺ-ում էլ շատերը կան, որոնք մտավորական չեն, կնոպկա սեղմող են և լացկաններ․ Սամսոն Ստեփանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունից հետո Հայաստանում մտավորականությունը կարծես սկսել է ավելի շատ լռել, քան նախկինում։ Հիմնականում խուսափում են որևէ խոսք ասել իշխանությունների հասցեին, նրանց կատարած քայլերի վերաբերյալ, որովհետև անմիջապես հայտնվում են թիրախում ու ենթարկվում ֆեյքային գրոհի։ Բավական է՝ մի «թթու խոսք» գործող վարչակազմի հասցեին և անմիջապես տվյալ մտավորականը դասվում է «նախկինների» շարքերը։ 

Բեմադրիչ, դերասան, հանրահայտ «Մեա կուլպա» ներկայացման գլխավոր դերակատար Սամսոն Ստեփանյանը ևս այս ընթացքում չէր խոսում, պատճառը երևի նույնն էր` չթիրախավորվել ոչ գիտակից, «զոմբի» մասսայի կողմից։ Նրան պատահաբար հանդիպեցինք Պետական կամերային երաժշտական թատրոնում, որտեղ և խնդրեցինք խախտել տևական լռությունը։

-Պարո՛ն Ստեփանյան, համավարակի պատճառով երկրում մշակութային կյանքը գրեթե կանգ է առել։ Ինչո՞վ եք զբաղվում Դուք այս օրերին։

- Մենք փորձերը շարունակում ենք՝ անկախ արտակարգ դրությունից, աշխատում ենք հնարավորինս ռիթմիկ անել, որպեսզի գոնե մնանք մեր ստեղծագործական, ֆիզիկական վիճակի մեջ, որովհետև դա շատ կարևոր է։ Իսկ, ընդհանուր առմամբ, գիտե՞ք, ինձ մոտ տպավորություն է, որ էս ամենը, ինչ որ արվում է վերջին 3-4 ամիսների ընթացքում՝ հատկապես թատրոնների մասով, ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում, քան որևէ իսկական բան ունի իր մեջ։ Հա՝ հասկանում եմ, անպայման դա պետք է պահել ֆորմայի մեջ, բայց այն գործընթացները, որոնք արվում էին՝ ինտերնետային ցուցադրություններ կամ որոշ գաղափարներ, որոնք իբր դուրս են բերում էս վիճակից, դրանք, ես կարծում եմ, էնքան մանր բաներ են, որոնք շատ ժամանակավրեպ են և շատ շուտ են անցնում։ Իրականը մնում է այն, որ մենք իսկապես 4-5 ամիս արդեն գտնվում ենք պարապուրդի մեջ։

-Դա նաև ֆինանսակա՞ն խնդիրներ է առաջացնում դերասանների համար,հատկապես երբ ասում են՝ դերասանները մի լավ օրի չեն։

-Դերասանը երբեք լավ օրի չի եղել։ Այո, իհարկե, ֆինանսական խնդիրներ առաջացնում է այս վիճակը։

-Հեղափոխությունից հետո մտավորականների, մշակութային գործիչների, այդ թվում՝ դերասանների կյանքում ինչ-որ բան փոխվե՞լ է։

-Շատ բան չի փոխվել, հավատացնում եմ Ձեզ, և ցավալիորեն մեր երկրում, Սովետական Միության այդ հանրապետություններում, չգիտես ինչու, մշակույթը միշտ վերջին տեղում է եղել։ Մնացորդային երևույթ է նույնիսկ մեր բյուջեի առումով։ 

-Բայց մենք միշտ հպարտանում ենք, որ մենք հզոր մշակույթ ունեցող և մեր գեների մեջ այն կրող ազգ ենք։

-Ճիշտ է դա, ես դա ողջունում եմ, ես դա գիտեմ, ես դրանով հպարտանում եմ, բայց մտավորականը չպետք է լինի ողորմելի։ Մտավորականը դարձել է ողորմելի, այսինքն՝ կորցրել են մտավորականին հատուկ այն սկզբունքները, որ մարդը պիտի ունենա իր մեջ։ Եվ ոչ միայն մտավորականը, սովորական մարդն էլ, չպետք է լինի պնակալեզ, թշվառ, ողորմելի, որպեսզի գաղափար ստեղծի ազգի համար։ Ազգը նաև գաղափարով է ազգ։

-Ի՞նչը մտավորականներին դարձրեց այդպիսին՝ ողորմելի, թշվառ, կամ ի՞նչ պետք է անեն, որ այդպիսին չլինեն։

-Ես կդժվարանամ ռեցեպտ ասել՝ ինչ պետք է անեն, որովհետև մարդկային տեսակից է, ըստ երևույթին, դա։ Այսինքն՝ ես չեմ կարող Մարգարիտա Սիմոնյանին կամ իր ապաշնորհ ամուսնուն համեմատել կամ ասել՝ իրենք մտավորական են կամ իրենք հայ են։ Ոչ, դրանց մասին չի խոսքը։ Ես չեմ կարծում, որ հիմա մի որևէ իսկական հայ կա, որ չուզենա, որ էս երկիրը հզոր լինի, հարուստ լինի, ուժեղ լինի։ Չկա մի էդպիսի հայ։ Խոսքս, նորից եմ կրկնում  էն սիմոնյանականների մասին չի, դրանք չկան, դրանք ոչինչ են, դրանք ազգություն չունեցող երևույթներ են։ Մարդը, որ էսօր գլուխը կախ աշխատում է, չի նայում ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ, անում է իր առաքելությունը, ես դա եմ համարում մտավորական՝ անկախ իր սոցիալական վիճակից, անկախ իր ֆինանսական վիճակից։ Ցավալիորեն քիչ են էդ մարդիկ։ Ես չեմ կարող մտավորական համարել նաև Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ֆրակցիայի մեծամասնություն կազմող դեպուտատներին, որովհետև էնտեղ էլ շատերը կան, որոնք կնոպկա սեղմող են ընդամենը և լացկաններ։ 

-Դուք «Մեա կուլպա» ներկայացման մեջ խոսում եք մեր մեղքերի մասին, որոնք պրոյեկտվում են օրվա իշխանությունների վրա։ Իշխանությունները այդ ներկայացումներից հետո գիտակցո՞ւմ են իրենց մեղքերը, ազդակներ լինո՞ւմ են ձեզ։

-Ոչ, ես չեմ կարծում, որ գիտակցում են։ Չկա որևէ մեկը, որը գիտակցի, ես դա վաղուց եմ ասել։ Մարդը էդ պահին կգիտակցի, ներկայացումն ավարտվեց, ինքը էլ չի էլ գիտակցի, ինքը մտածում է իր խնդիրների մասին, ներկայացումը շատ թույլ երևույթ է, որպեսզի կարողանա մարդու գիտակցությունը փոխել։

-2018-ի հեղափոխությունը մշակութային հեղափոխություն բերե՞ց մեր կյանքում։

-Առայժմ՝ ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում։