Տարոն Չախոյան՝ մարդ-քարոզչամեքենա

Տարոն Չախոյան՝ մարդ-քարոզչամեքենա

«Perfect tv-ն» քիչ էր, Տարոն Չախոյանն էլ մյուս կողմից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, պարզվում է, լավ էլ «բոցվել» գիտի, նույնիսկ իր զբաղեցրած պետական պաշտոնը նրան չի կաշկանդում, որ շուլուխներ հորինի ու տարածի ֆեյսբուքում։ Իր ֆեյսբուքյան վերջին գրառմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը գործարար Ռուբեն Վարդանյանին է ծաղրում․ «Վաղը որ տեսնեք Վարդանյան Ռուբենին փողոց մաքրելուց, չզարմանաք, ինքն է հայտարարել, որ պատրաստ է հավաքարար լինել: Թե՞ ընդամենը էժան պոպուլիստական հայտարարություն էր ... պատրաստ է միայն նախագահ լինել»,- գրել է Չախոյանն՝ անդրադառնալով Վարդանյանի այն հայտարարությանը, որ «Պատրաստ է իր ազգի համար և հավաքարար լինել, և նախագահ»։

Չախոյանը թերևս մոռացել է, որ այդ «էժան պոպուլիզմի» հիմնադիրը Նիկոլ Փաշինյանն էր՝ վերջինս փողոց էր ավլում և «բիչոկներ» հավաքում համազգային շաբաթօրյակի ժամանակ։ Հաջորդիվ Չախոյանը փորձել է ծաղրել Հրանտ Բագրատյանին՝ գրելով․ «Այսօր վարչապետ ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը 1993-1996 թվականներին եղել է ՀՀ վարչապետ, սրա մասին շատ քչերն են հիշում: Բայց բավական է մեկ անգամ ասեր «կովերի ամուսին» ու արդեն մոտ 30 տարի է երեսով եք տալիս» ։ Հետաքրքիր է՝ Չախոյանը 30 տարի անց ինչպե՞ս է հիշելու Հովիկ Աղազարյանին, Արփի Դավոյանին, Հակոբ Արշակյանին, Վաղարշակ Հակոբյանին և այլոց։

Այնուհետև Չախոյանը հանդիմանում ու նախատում է Արթուր Վանեցյանին, թե իբր նա պետական գաղտնիք համարվող տեղեկություն է հայտնել․ «էլ ուրիշ ինչ կա՞, ուրիշ բան չկա՞ էդ շենքում ... Հանրության մոտ իր անձի հանդեպ հետաքրքրություն շարժելու նպատակով Վանեցյանը որոշել է «սիրտը» բացել։ Բայց եթե գոնե սիրտը բացեր, պատվի մասին անընդհատ թմբկահարողը որոշել է ԱԱԾ շենքում արխիվների տեղը հայտնել» ,- գրել է Չախոյանը։

Հիշեցնենք, որ Վանեցյանն ասել էր, որ ԱԱԾ-ի արխիվները շենքի նկուղում են գտնվում։ Չախոյանը, սակայն, մոռացել է, որ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թվերով հայտնում էր, թե վերջին 1 տարում զորացրված քանի զինծառայող ունենք, ապա իր կաբինետում նստած զանգում էր զինվորական տարբեր ստորաբաժանումներ ու զինվորների հետ «գյալաջի» էր անում։ Բայց այդ ժամանակ Չախոյանը նման երգիծական ելևէջներով Փաշինյանին չէր հանդիմանում՝ շեֆի ամեն արարքը նա հասկանում է եւ հանդուրժում, այ շեֆի թշնամիներին ոչ մի կերպ չի հասկանում։

Չախոյանը շարունակում է իր «stand-up comedy» -ն, այս անգամ էլ ծաղրելով Իշխան Սաղաթելյանին և ընդդիմությանը․ «Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ շուտով կգործարկեն նաև Դիմադրության կայքը։ Փոքրիկ ճշտող հարց, իսկ Ինստագրամում Դիմադրության էջ չե՞ն բացելու, ֆիլտրած սիրունիկ նկարներ կհրապարակեն, խոստանում եմ սրտիկել։ Իսկ եթե ավելի լուրջ, իրենց ընդդիմադիր հայտարարած այս անձինք իրենց իսկ չհաշվարկված ու անտրամաբանական քայլերով էլ ավելի են իջեցնում իրենց արդեն իսկ իջած վարկանիշը։ Լավ է գոնե չեն հայտարարել, որ հայրենիքի փրկությունը սկսվում է Դիմադրության կայքի գործարկումից» ,- գրել է Չախոյանը՝ կրկին մոռանալով, որ իրենց փոխնախարարներից մի քանիսը tik-tok-երներ են՝ «ֆիլտրած» վիդեոներով, ֆոտոներով ու մանկական ֆալցետով։ Փաստորեն Չախոյանն ուրիշի աչքի փուշը տեսնում է, ծաղրում ու փուշը գերան դարձնում, իսկ իրենց աչքի գերանը չի տեսնում։