Ինչպես են փոքրիկ պետությունները լուծում անվտանգության խնդիրը

Ինչպես են փոքրիկ պետությունները լուծում անվտանգության խնդիրը

Մեր պապերն ու հայրերը, որ Հայրենական պատերազմ էին տեսել, մինչեւ կյանքի վերջին օրն ահասարսուռ պատմություններ էին անում։ Ասում էին, որ մարդու կյանքը ստալինյան ՍՍՀՄ-ում գրոշի արժեք չուներ՝ թշնամու լավ զինված ու մարզված բանակի դեմ սովետը փորձում էր մարդուժով դիմագրավել։ Մարդը թնդանոթի միս էր եւ հաճախ անզեն՝ հենց իրենց մարմնով էին կանգնեցնում գերմանական տանկերն ու փակում հրանոթները։ Բազում նման գեղարվեստական պատմություններ գրվեցին հետագայում, եւ ոչ ոք չէր հանդիմանում երկրի ղեկավարությանը, Ստալինին, որ իր տաքուկ կաբինետում նստած՝ ուրիշի որդիներին ուղարկում էր մահվան բերան ու ոչ մի դիվանագիտություն չէր աշխատեցնում, ոչ մի կոմպրոմիսի չէր ուզում գնալ, մինչդեռ եվրոպական երկրներից շատերը՝ առանց մի կրակոցի, զիջեցին թշնամուն, որ անիմաստ կորուստներ չունենային, որովհետեւ գերմանական հզոր զինուժի դեմ կանգնել պարզապես չէին կարող։ Արդյունքում, Հիտլերը հաղթարշավով գրավեց ամբողջ Եվրոպան եւ մտավ Ռուսաստան՝ հասնելով Մոսկվա ու Ստալինգրադ։

Այսօր՝ տասնամյակների հեռվից, դժվար է ասել, թե որն էր ճիշտ․ մաքառել ու զոհել 20 միլիոն մարդ, թե՞ հանձնվել ու ներսից քայքայել գերմանական հզորացող կայսրությունը, ինչպես անում էր եվրոպական հանրությունը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է յուրաքանչյուրն իր համար գտնի մի հարցի պատասխան՝ մարդու կյա՞նքն է թանկ, թե՞ հողը։ Հանուն հայրենիքի զոհվե՞լն է ճիշտ եւ այդ հայրենիքին օգտակար, թե՞ մարդկային կյանքն ամեն գնով պահպանելով՝ հայրենիքիդ հզորացման ու ինքնիշխանության համար այլ եղանակներով պայքարելը։ Եվ առհասարակ՝ եթե ինքնիշխանությունը պահպանելու միակ ձեւը հզոր բանակ ունենալն է, ինչպե՞ս կարող են փոքրիկ, անգամ գաճաճ պետությունները գոյատեւել երկրագնդի վրա եւ էքսպանսիայի չենթարկվել։ Ո՞րն է այդ պետությունների գոյության գաղտնիքը։ Չէ որ միշտ կարող է նրանցից մեկի հարեւանը լինել բարբարոս ու զավթիչ եւ մի գեղեցիկ օր ներխուժել այդ պետության տարածք ու հաստատել իր իշխանությունը։ Արդյոք 21-րդ դարում ե՞ւս գործում են այս վայրագ կանոնները, ինչպիսիք գործել են միջնադարում, եւ ինչպե՞ս են փոքրիկ պետությունների կառավարությունները լուծում այս հարցերը։ Մտածելու բան է։

Սվետա Մարտիրոսյան