Երևանցիների ու կենդանիների անվտանգ համակեցությունն

Երևանցիների  ու կենդանիների անվտանգ համակեցությունն

Վերջին շրջանում թափառող անտուն շները անգամ անզեն աչքով շատացել են և լուսաբացին կենդանիների տարբեր ոհմակներ ոչ միայն իրար հետ են «հաշիվներ մաքրում», այլև հարձակվում են անցորդների վրա։

Պուշկին-Եկմալյան- Փարպեցի խաչմերուկներում բնակվողները գրեթե ամեն առավոտ արթնանում են կամ տարբեր միջոհմակային կռիվներից, կամ փողոցը մաքրող կանանց աղեկտուր ճիչերից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ներկա գտնվելով «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարեց, որ Երևանը հանձնառու է կենդանիների ու մարդկանց անվտանգ համակեցության ապահովմանը համար, իսկ պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին խոսելով անտուն կենդանիների հանրային խնամքի և անվտանգության հարցում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, նշեց, որ ԱԺ 7-րդ գումարմանը պատրաստվում է ներկայացնել խնդիրը և որ Քրեական ու վարչական իրավախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն արդեն իր սեղանին է։

Ի պատասխան հարցի, թե ինչ է նշանակում՝ Երևանը հանձնառու է մարդկանց ու կենդանիների անվտանգ համակեցության համար, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց,- քաղաքային նոր իշխանությունների ուղերձը հստակ է։ Այն է՝ Երևանն այլևս կենդանիների սպանդով չի զբաղվելու՝ կենդանիների գլխաքանակը կառավարելու նպատակով չի ոչնչացնելու կենդանիներին։

«Թե ընթացքում ինչ միջոցներ կկիրառվեն, դա արվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Նրանք կներկայացնեն լավագույն միջազգային փորձը և այն կկիրառվի․ ստերջացում, անտուն կենդանիների կացարաններ և այլն»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Այսուահանդերձ, «Երևանի քաղաքապետարանը հանձնառու է մարդկանց ու կենդանիների անվտանգ շփման համար» արտահայտությունը փոքր ինչ բարձրագոչ է հնչում, քանի որ ո՛չ քաղաքապետարանը, ոչ էլ, առհասարակ որևէ կառույց չի կարող երաշխավորել, որ որևէ ոհմակ գիշերային կամ անգամ ցերեկային ժամերին չի հարձակվի մարդկանց վրա։ Ի վերջո, մամուլում տարեկան մի քանի անգամ այս բովանդակությամբ նյութեր են հայտնվում է ինչպես Երևանից, Զովունիից, Վանաձոից ու հանրապետության այլ քաղաքներից։

Անուշ Դաշտենց