Ամիսներ շարունակ տեղակալների թափուր տեղերը հնարավոր չի եղել համալրել

Ամիսներ շարունակ տեղակալների թափուր տեղերը հնարավոր չի եղել համալրել

Առողջապահական հիմնարկներում տիրող, մեղմ ասած, անբավարար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Դա վերաբերում է թե՛ մի շարք հիվանդանոցների շենքային եւ կառուցվածքային պայմաններին, թե՛ սպասարկման որակին, թե՛ բուժաշխատողների եւ բուժառուների (պացիենտների) իրավունքներին եւ թե՛ ֆինանսական կամ այլ կերպ ասած՝ ստվերային դրամաշրջանառությանը: 

Վերջերս, ահա, այդպիսի մի այց էլ կատարեցինք Վաղարշապատի հիվանդանոց (http://armusa.ru/archives/18140) եւ Վաղարշապատի ինֆեկցիոն հիվանդանոց (https://www.youtube.com/watch?v=AWg86eToQF8): Նկարագրել եւ ասել, որ այն հեռու է բուժհիմնարկ կոչվելուց, նշանակում է ոչինչ չասել: Երկրորդ համաշխարհային պատերազմի Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների բուժկետերը երեւի թե շատ ավելի բարվոք վիճակում են եղել, քան մեր նշած բուժհիմնարկները: Պարզվեց, որ բուժհիմնարկների վիճակին եւ դրանց ծառայությունների ստանդարտներին համապատասխանության հարցը պետք է գտնվի ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների տակ: (https://www.facebook.com/pg/infoAATM/about/?ref=page_internal):

Փորձեցինք հասկանալ, թե տվյալ տեսչական մարմինն ինչով է զբաղվում, եւ ինչից է այս վիճակը: Համակարգչով ամենապարզ փնտրտուքներն արդեն իսկ մեզ հուշեցին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի 2018թ․ հոկտեմբերի 18-ի էլեկտրոնային տարբերակը («Վարչապետը նախընտրեց տեսչական մարմնի ղեկավար նշանակել Արսեն Թորոսյանի «մարդուն»» https://armlur.am/815074/) ուղղակի մատնացույց էր անում, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը, որը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշմամբ (http://www.irtek.am/views/act.aspx?aid=89595), ինչպես նաեւ 2014 թ․ դեկտեմբերի 17-ի «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ունի մի շարք բացեր, որոնք հնարավորություն են տալիս մանեւրելու եւ կոռուպցիոն գործարքներ կատարելու: Հոդվածում մատնացույց արվածի իսկությունը հնարավոր եղավ ստուգել հենց ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի (https://www.facebook.com/infoAATM/) ֆեյսբուքյան էջում տեղադրված նիստերի արձանագրություններից: Մազերդ ցցվում են, երբ տեղեկանում ես, թե այսքան պրոֆեսիոնալ բուժաշխատողների առկայության պայմաններում ում են ընտրել: Լավ, բա էսքան ասված կոռուպցիայի դեմ պայքարն ո՞ւր է: Մի՞թե հովանավորչությամբ պաշտոնների բաժանումը կոռուպցիոն դրսեւորում չէ, մի՞թե գերգաղտնի պայմաններում անցկացվող ՀՀ առողջապահության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստերի անցկացումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում:  

Փորձեցինք հասկանալ, թե ինչպես են տեղի ունեցել տեսչական մարմնի տեղակալների ընտրությունները։ Պարզվեց, որ 2018 թ․ հոկտեմբերին ՀՀ վարչապետի հրամանով մեկ օրում աշխատանքից ազատվել են միանգամից տեսչական մարմնի ղեկավարի երեք տեղակալները, եւ շաբաթներ ու նույնիսկ ամիսներ շարունակ տեղակալների թափուր տեղերի համալրում հնարավոր չի եղել իրականացնել: ՀՀ առողջապահության տեսչական մարմնի կառավարման խորհրդի գերգաղտնի պայմաններում անցկացված նիստերի արձանագրությունները փաստում են, որ թեկնածուների առաջադրումը, ինչպես ղեկավարի առաջադրումը, կատարվել է կամայական ձեւով, այսինքն՝ խորհրդի անդամները նայում են, թե իրենց շրջապատից, ծանոթ-բարեկամներից ում կարող են առաջադրել այդ պաշտոնում: Այստեղ արդեն իրեն առյուծ է զգում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը, որին ներքին կարգով լիազորել են իր հարմար տեղակալներ ճարել: Տեսնելով, թե որտեղից ուր է հասել, նա արդեն արհամարհական վերաբերմունք ունի ազնվության եւ արդարության բոլոր սկզբունքների վրա: Առճակատումը հասել է նրան, որ խորհրդի անդամները 2018թ․ հոկտեմբերի 10-ին հատուկ նամակով դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը պարզաբանելու, թե արդյոք ով եւ ինչպես իրավունք ունի թեկնածու առաջադրելու: Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատասխան են ստացել: Մեր օրերին յուրահատուկ, վախից «ցռան վերգո» դարձած պատասխան՝ ՀՀ կառավարությունը չի որոշել, թե որ լիազոր մարմինը կարող է Ձեր հարցին պատասխանել։

Առը հա քեզ պատասխան, որ տրամադրել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը: Այսինքն՝ մի հատ կառավարությունը պիտի որոշի, թե օրենսդրական բացի համար կարո՞ղ է արդարադատության նախարարությունը կարծիք հայտնել, թե ոչ, ապա նոր իրենք իրենցը կասեն: Եվ, ահա, այս ֆոնի վրա փորձում են կազմավորել տեսչական մարմնի ղեկավարություն, դրա համար էլ դեռ առճակատումը շարունակվում է, մեկը բերում է իր թեկնածուին, տեսչական մարմնի ղեկավարն ասում է․ «Էս ո՞ւմ ես բերել, իմ բերածը պիտի անցնի»։ Դիմացիններն էլ, թե՝ քո ասածը չպետք է լինի, եւ այսպես շարունակ: Դե, եթե այս վիճակն է բուժսպասարկման ծառայությունների ստանդարտներին համապատասխանությունը վերահսկող մարմնի ներսում, ինչ սպասես երկրի բուժծառայությունների որակից:

Մեր ուսումնասիրությունների ընթացքում պարզեցինք, որ ցանկացած բուժհիմնարկի գործունեությունը ստուգելու համար տեսչական մարմնի աշխատակիցներն այն կատարում են ստուգաթերթերի միջոցով: Փորձեցինք ուսումնասիրել դրանք: Պարզվեց, մի շարք մասնագիտացված բուժհիմնարկների կամ բաժանմունքների համար դրանք ընդհանրապես բացակայում են, իսկ եղածների մեջ էլ այնքան անհեթեթություններ կան գրված, որ ոլորտից շատ հեռու մարդիկ էլ եթե կարդան, ուղղակի կծիծաղեն:

«Բա լավ, ինչպե՞ս են աշխատել»,- կհարցնի ընթերցողը: Շատ պարզ, նախկին կոռուպցիայի մեջ ճպճպացող իշխանությունների համար այս կառույցը եղել է բուժհիմնարկների «գլխավոր ռեկետյորը», որի աշխատանքները երբեւէ հիմնովին չեն ստուգվել, իսկ իրենք էլ այցելել են բուժհիմնարկ ու ասել․ «Մենք եկել ենք, լսո՞ւմ եք, մենք եկել ենք․․․»։ Մնացածն արդեն այդ ժամանակներին հարիր ձեւով է ընթացել ու հարցեր լուծվել:

Կարծես հեղափոխությունը ոչինչ չի փոխել, իրար են ուտում այդ կառույցում գլխավոր տեղերի զբաղեցման համար, իսկ ղեկավարն էլ իրեն հավատարիմ թիմ է ուզում ձեւավորել՝ իր ուզածն անելու համար: Թեեւ իրենք ասում են, որ նոր ստուգաթերթերը մշակման փուլում են, բայց փաստ է, որ հսկա մի մարմին աշխատավարձի հսկա ամենամսյա ֆոնդով գոյատեւում է եւ ոչինչ չի անում։ Պարզվեց, որ նույնիսկ բուժհիմնարկների ռիսկայնության որոշման մեթոդաբանությունը դեռ չի հաստատվել, չեն հաստատվել ստուգումների տարեկան ժամանակացույցը, տեսչական մարմնի  որակի ապահովման 2019թ․ ծրագիրը:

Դե եկ, վարդապետ, մի խելագարվիր: 


Մհեր ԱՍԼԱՆՅԱՆ