Վոլֆգանգ Ֆելդաֆինգցու հետ

Վոլֆգանգ Ֆելդաֆինգցու հետ

Վոլֆգանգ Կրաուսերը Բավարիայում ինձ հանդիպած ամենակենսասեր ու ջերմ մարդկանցից էր: Նրա հետ ծանոթացա պատահաբար՝ Շտարնբերգ լճի ափին հեծանիվ վարելիս: Բնիկ ֆելդաֆինգցի, իննսունն անց, ամուր կազմվածքով այս բարեհամբույր պապիկի հեծանիվն ամեն օր՝ լուսաբացին սուրում էր խիստ թռչնային արագությամբ: Հանդիպումներից մեկի ժամանակ ասացի, որ կուզեի զրուցել հետը՝ ուղղակի իր կյանքից, Գերմանիայից, իր հիշողություններից: Ասաց, որ շատ խոսել չի սիրում, բայց կարելի է հիշել: Եվ մի օր իր տանը զրուցեցինք: Վոլֆգանգը խոսում էր անգլերեն, ռուսերեն, գիտեր նաեւ լեհերեն, մի փոքր էլ՝ պորտուգալերեն, ապրում էր մենակ:

- Ես արդեն հոգնեցրել եմ Մյունխենում ապրող իմ ընկերներին, մտերիմներին, անգամ նոր ծանոթներին, ում տեսնում եմ, նույնաբովանդակ հարցն եմ տալիս․ «Արդյոք ճանաչո՞ւմ են, ունե՞ն գերմանացի ծանոթներ, որոնք հիշում են Մյունխենի ռմբակոծությունը, հիշում են նացիզմի պարագլուխներին, քաղաքում տիրող նացիստական մթնոլորտը»: Ինձ հանգիստ չի տալիս այն զգացումը, թե պատմությունն անհավանական մի բան է, եւ այն, ինչ եղել է անցյալում, այնքան անհավանական է, որ վերստին պիտի հաստատվի, գուցե ամեն ակնթարթ:

- Նույնկերպ ինչ-որ առումով հնարավոր չէ հավատալ, որ կյանքդ անցավ, որ ապրել ես 90 տարի, ու ով իմանա՝ կարող է դեռ մի 10 տարի էլ ձգես: Ես հասկացա, որ ապրել սիրում եմ: Մարդիկ արեւ են սիրում կամ արեւ են երազում՝ ինչպես շատ ու շատ խոնավակեց բավարացիներ, կամ սիրում են վաղ լուսաբացին զբոսնել՝ ես էլ նման սիրով ապրելու արհեստն եմ սիրում: Դա աշխատանք է, որն ինձ ոչ մի րոպե չհոգնեցրեց, հազար ու մի գործով եմ զբաղվել, հիմնականում՝ Ֆելդաֆինգի անտառտնտեսությունում փայտահատություն եմ արել, աշխատել եմ նաեւ «Սիմենս» ընկերությունում: Օրն ինձ վրա ոչ մի կերպ չի ծանրանում, հիմա նախաբակում ծաղիկներ եմ աճեցնում, ասեմ, որ հազվագյուտ ծաղկատեսակներ էլ ունեմ, սերմերը նվիրում եմ իմ մտերիմներին ու ընդհանրապես՝ բույսեր սիրող մարդկանց: Կներես, հարցդ ոնց որ թե մոռացա, ոչինչ, իննսունն անց մարդ եմ, մեկ-մեկ թոռներիս ու ծոռներիս մոտ ինձ կիսացնդածի տեղ եմ դնում՝ իբր թե խորը զառամախտ ունեմ, էդպես ինչ-որ հավես խաղի մեջ եմ մտնում՝ մանավանդ հիմիկվա ինձանից էլ ավելի ցնդած թինեյջերների հետ: Չնայած ո՞վ ասեց, թե իրոք խելքս չեմ թռցրել: 

- Հարցնում էի՝ ճանաչո՞ւմ եք, ունե՞ք գերմանացի ծանոթներ, որոնք հիշում են Մյունխենի ռմբակոծությունը, հիշում են նացիզմի պարագլուխներին, նացիստական մթնոլորտը: Այդ հիշողությունը տարիների ընթացքում վերափոխվո՞ւմ է, սրվո՞ւմ:

- Բայց անհավանականության զգացումից էիր, չէ՞, խոսում (ծիծաղում է, սեղանին դրված ծղոտե զամբյուղից խնձոր վերցնում): Անցյալի հետ հիմա ով ինչ ուզում, անում է, ջրի գրաֆինի պես փխրուն բան է անցյալը, նույնիսկ քիչ չեն խելագարները, որոնք ճակատելով՝ անցյալի փաստերն են խեղաթյուրում կամ ընդհանրապես հերքում են արհավիրքները: Ես մի վատ կանխագուշակում ունեմ, որ ապագայում էս մեդիաներ կոչեցյալն օգտագործելով՝ էլ ավելի շատ կհերքեն անցյալը, կսկսեն հավաքագրել խելագարների բանակներ, որոնց կհամոզեն, որ առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներն անհրաժեշտ էին մարդկության համար, որ ո՛չ ձեր ժողովրդի ցեղասպանությունն է եղել, ո՛չ Հոլոքոստը, ո՛չ Ստալինն է Ստալին եղել, ո՛չ էլ Հիտլերը՝ Հիտլեր: Ես էդ մտքից ուղղակի սարսափում եմ: Բայց դե՝ ամեն ինչ մարդկանց ձեռքում է, նաեւ մարդու գլխուղեղում եփվող քիմիայից է կախված, թե ինչ կվճռեն: Իրոք՝ թող Աստված խելամտություն տա ապագա սերունդներին, նրանց դա պետք է գալու: Հիտլերի ճղճղոցի ձայնն եմ հիշում, դեռ ականջներիս մեջ է, անհավանական չէ, ընդհակառակը՝ լրիվ իրական է: Հրապարակներում նրա ճղճղոցի ձայնը շատ երեխաների հիշողության մեջ է սպիացել: Անձամբ նրա զզվելի մռութը չեմ տեսել, բայց հանրահավաքներից մեկի ժամանակ, ոնց որ Մարիենպլացում կամ Օդեոնսպլաց, Ֆելդհենխալեի մոտ շատ մոտիկից լսել եմ էդ ճղճղոցը: Իմ վախն ու շփոթը շատ լավ եմ հիշում, ինչքան ուժ ունեի, հորս ձեռքը պինդ սեղմել էի: Մենք շուտ հեռացանք, մարդիկ ճխլում էին իրար, երեւի սապոգների տակ ինձ էլ կճխլեին, եթե հայրս կողքիս չլիներ: Բայց ասեմ, ես՝ ինքս էլ, միշտ Ֆելդհենխալեի մոտով անցնելիս, երբ հրապարակում հարյուրավոր տուրիստների եմ հանդիպում, մի պահ մտածում եմ՝ տեսնես էս մարդիկ պատկերացնո՞ւմ են, թե տասնամյակներ առաջ հենց իրենց կանգնած տեղում ինչ ողբերգություն է տեղի ունեցել, աղետի իրական մասշտաբները պատկերացնո՞ւմ են:

- Ներկայիս Գերմանիայի մասին շա՞տ եք մտածում:

- Ինձ Գերմանիայից հարցեր մի տուր, հարցեր տուր ծաղկից, ծառերից, Աստծուց ու խնձոր կեր, խնձորն էստեղ համեղ է (ափսեիս մեջ խնձորի երկու շերտ է դնում): Հա, պարտաճանաչ աշակերտի նման ամենօրյա լրագրերը կարդում եմ, բժիշկս խորհուրդ է տալիս շարունակել, ասում է՝ լավ է, ծերունական զառամախտի դեմ պայքարի լավ միջոց է, բայց, անկեղծ ասած, էդ ամենից շատ քիչ բան եմ հասկանում: Հիմա Գերմանիայում ու ընդհանրապես աշխարհում էնքան բան է կատարվում, որ վերլուծելու, հասկանալու համար ահռելի ժամանակ է անհրաժեշտ, իսկ ինձ քիչ է մնացել՝ ժամանակ չունեմ, տղաս: Աշխատում եմ բույսերիս մասին հոգ տանել, հետները հաճախ խոսում եմ, մանավանդ նրանց հետ, որոնք որոշում են լավ չաճել, ես էլ համոզում եմ, խնդրում եմ, աղոթում նրանց համար: Պատկերացրու՝ օգնում է: Քաղաքականությամբ ծանրանալու իմ ժամանակը ոնց որ թե անցել է: Ամեն ամիս գերեզմանատուն եմ գնում, ընտանիքիս անդամներն էնտեղ են, ես իմ տեղն ունեմ՝ նրանց կողքին եմ լինելու: Մեր աշխարհում բախտավորություն ու օրհնություն է, որ ընտանիքիդ անդամների կողքին ես թաղվում: Մի բան ասեմ, մտածելու ես՝ ցնդած բիձուկ է, բայց ասեմ՝ մեկ-մեկ, երբ շուրջս մարդ չի լինում՝ հենց էն տեղում, որտեղ ինձ հողն են դնելու, պառկում եմ դեմքով դեպի երկինքը, փորձարկում եմ, տեսնեմ՝ վերջը հարմա՞ր տեղ է: Բայց խորքում երեւի քո ասած անհավանականության տագնապն եմ կոտրում (տես՝ հարցերդ լավ էլ հիշում եմ): Դե, ասենք, ո՞նց է հնարավոր՝ կաս, իսկ հետո չկաս, բայց արի ու տես՝ շատ լավ էլ հնարավոր է: Ու, հա, կուզեի բազալտե քարի վրա՝ առանց ծննդյան ու մահվան թվականները նշելու, ուղղակի գրեին՝ Վոլֆգանգ Ֆելդաֆինգցի:

- Մյունխենի ռմբակոծությունից էի ուզում հարցնել․ մտաբերո՞ւմ եք, երազներում վերադառնո՞ւմ է: 

- Մենք մի փոքր հեռու էինք, բախտը ժպտաց մեզ, ողջ մնացինք: Նկուղում փակված էինք, բայց քաղաքի վրա թափվող ռումբերի պայթյուններն անդադար լսվում էին: Ճարճատյուններ էին լսվում, ձայները հեղուկ լավայի նման չորս կողմերից լցվում էին մեր ականջները. լաց էինք լինում: Իսկ հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր, քամին օրեր շարունակ մարդկային մսի խանձահոտի, վիրավորների հառաչանքների ու ածխամրի շերտեր էր բերում: Այրվող շենքերի, քաղաքում բռնկված հրդեհի ածխամուրը ձյան փաթիլների տեսքով իջնում էր ու իջնում: Հիշում եմ՝ երեխաներով փորձում էինք ձնագնդիկներ պատրաստել, չէր ստացվում: Մի պահ հավատացել էինք, թե իրոք սեւ ձյուն է: Ինչի ասես հավատում են երեխաները: 

- Կան վավերագրական ֆիլմի տեսապատկերներ՝ Մյունխենը ռմբակոծությունից հետո: Որոշ կիսավեր շենքերի փլատակներին գրառումներ են արված, մոտավորապես՝ «Մենք ամաչում ենք եղածի համար» բովանդակությամբ:

- Իհարկե, մինչ օրս էլ ամոթի, մեղքի զգացողությունն այն հատուցումներից է, որը կրում են եւ որով ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ: Բայց ես չգիտեմ՝ միայն ամոթի ու մեղքի զգացողությամբ ապագայում հնարավո՞ր է բռնել նոր արհավիրքների, նոր եղեռնագործությունների ունակ ձեռքը: Ինչպես տեսնում ենք, Երկրորդ աշխարհամարտից հետո աղետներն ու բնաջնջումները մեր կյանքից չանհետացան, ընդհակառակը՝ դարձյալ սպառազինության մրցավազք սկսվեց: Մի օր լրագրում կարդացի, որ աշխարհում ատոմային ռումբերի քանակը տասը հազարից անցնում է: Ճիշտն ասած, մենք՝ մարդիկս, շատ ողորմելի ենք, սուր ժանիքներով ողորմելի արարածներ էինք մենք ու էդպես էլ մնացինք: Ո՞վ իմանա՝ հնարավոր է մեր ճակատագիրն է սա՝ ուղղակի սուր ժանիքներով ողորմելի արարածներ լինելը: Բայց ծանր բաներից խոսեցինք, արի դուրս գանք, քեզ իմ ծաղկած մագնոլիան ցույց տամ: 

Դուրս ենք գալիս նախաբակ, հետեւում եմ նրան: Գնում է՝ մանր, աշխույժ քայլերով: Տան արեւելյան պատի կողմով, ճյուղաշար ցանկապատի անկյունադարձին մագնոլիայի ծաղկած ծառն է: Վոլֆգանգը կանգնել՝ լայն ժպիտով նայում է՝ լավն է, չէ՞: Ախր, հոգին շատ նուրբ է, է՜ ,- ասում է նա,- իմ փոխարեն նրան լուսանկարիր: Նա դեռ ապրելու է. ինչ լավ է, որ դեռ ապրելու է: