Ինձ ԲՈՀ-ի նախագահ նշանակել էր Սերժ Սարգսյանը, հիմա ես հին Հայաստանի՞ց եմ, թե՞ նոր

Ինձ ԲՈՀ-ի նախագահ նշանակել էր Սերժ Սարգսյանը, հիմա ես հին Հայաստանի՞ց եմ, թե՞ նոր

Նախօրեին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություններն անցան թեժ մթնոլորտում։ Ուսանողները, լսելով քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ 15 կողմ, 9 դեմ ձայներով ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը, բոյկոտեցին այն եւ փակեցին բուհի ելքերն ու մուտքերը՝ պահանջելով ԿԳ նախարարի հետ հանդիպում։ Դռները փակ մնացին նաեւ ոստիկանների հետ բանակցություններից հետո եւ բացվեցին երեկոյան, երբ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը համաձայնեց հանդիպել ուսանողների 7 հոգանոց պատվիրակության հետ։ Հանդիպումից հետո՝ արդեն երեկոյան, Ա․ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաեւ բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաեւ նրա տեսակետները լսելու նպատակով։ Ուսանողները նաեւ առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաեւ ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»։ 

Ուսանողների ընդվզումը միանշանակ չընդունվեց, ավելին՝ դատապարտվեց, իսկ խորհրդի անդամները, նաեւ նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանն իրենց խոսքում նշեցին, որ գիտեն, թե ով է ուսանողությանն ուղղորդում՝ հնչեցնելով բուհի դասախոս, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի անունը։ 

Հաջորդ օրն արդեն Արամ Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրության օրը եղել է շենքում, հետեւել գործողություններին, միջամտել, որ հանկարծ բախումներ չլինեն ոստիկանների հետ։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակը սրվել է, երբ խորհրդի անդամները մասնակի եւ կողմնակալ վերաբերմունք են հանդես բերել ուսանողների հանդեպ եւ տարաբնույթ հարցերով փորձել են ճնշում գործադրել խորհրդի անդամ ուսանողների վրա։

«Այստեղ կար նաեւ խորհրդի որոշ անդամների ոչ այնքան պատշաճ վարքագիծը, որովհետեւ հիմնավորել՝ ինչու ես դեմ եւ ինչու ես կողմ, նույն հաջողությամբ յուրաքանչյուրն այդ պարագայում պետք է հիմնավորեր իր դիրքորոշումը, ինչո՞ւ միայն ուսանողները։ Ահա, այս պայմաններում սրվեց իրավիճակը»,- ասում է Սուքիասյանն ու ափսոսանք հայտնում, որ ուսանողների կողմից բուհի ելքերն ու մուտքերը փակելու քայլին շատ տարբեր գնահատականներ տրվեցին․ «Ես շատ ափսոսում եմ, որ ոմանք դա որակում են խուլիգանություն եւ այլն։ Անկեղծ ասած՝ այն, ինչ տեսել են, դա էլ անում են․․․ Ես նկատի ունեմ դռներ փակելը․․․, կարծես այդ մեթոդները հաջողություն են արձանագրում, եւ այդ մեթոդներով էլ առաջնորդվեցին։ Եվ վերջապես՝ չէ՞ որ այս բուհի ուսանողներն էին, որ գրեթե մեկ տարի առաջ ընդվզեցին, ավելին՝ ռեկտորի սենյակից գողացան նկար, տարան Հանրապետության հրապարակ։ Այդ ժամանակ դա քաջագործություն էր, այսօր խուլիգանությո՞ւն։ Կարծում եմ՝ չի կարելի այսպիսի ծայրահեղ գնահատականներ տալ հատկապես այս բուհի ուսանողությանը, որոնք պարզապես էմոցիոնալ են եւ շատ հաճախ իրենց շարադրանքներում ոչ ճիշտ են արտահայտվում»։ 
Այն, որ նրանցից շատերն ագրեսիվ էին, Սուքիասյանը նկատեց, որ դա բանակցություն չէր, այլ ընդվզում, ուստի կարող էր եւ այդպես լինել․ «Բայց ավագները պետք է խոհեմ գտնվեին եւ միանգամից գնահատականներ չտային»։ 

Ինչ վերաբերում է հարցին, որ ինքն է կազմակերպել եւ ուղղորդել ուսանողների բողոքը, ապա․ «Այդքան հեշտ չէ Թատերական ինստիտուտի ուսանողներին ինչ-որ բանում կազմակերպել, նրանք ճիշտ կարծիք չունեն բուհի ուսանողության մասին։ Ավելին, եթե հանկարծ ես ձեռնամուխ լինեի կազմակերպել, կարծում եմ՝ արդյունքները գուցե այլ լինեին․․․։ Ուղղորդում չի եղել, ուղղորդումը թերեւս այն էր, որ ես կանխավ հայտարարել եմ, որ դեմ եմ այս թեկնածուին եւ պատրաստ եմ առաջադրվելու։ Ու քանի որ ես բարձրաձայնեցի իմ մտադրությունների մասին, տպավորություն ստեղծվեց, որ, ահա, ես էլ հենց ձեռնամուխ եմ եղել ինչ-ինչ գործողությունների»:

Սուքիասյանը նկատում է․ ուսանողներն ունեին իրենց թեկնածուն, դա պրոռեկտոր Արմեն Հարությունյանն էր, սակայն, երբ ԿԳՆ-ն ընտրությունից ընդամենը 2-3 օր առաջ հայտարարեց, որ թեկնածուներից 2-ի հայտը մերժում է փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով, ուսանողներն անակնկալի եկան եւ ուզում էին, որ որպես այլընտրանք մի քանի հոգի եւս լինեին, եւ պատրաստվում էին նաեւ կոչ հղել խորհրդի մյուս անդամներին։ «Իրականում մի քանի հոգի կային, ովքեր կարող էին առաջադրվել, բայց միմյանց զիջեցին, եւ հաշվի առնելով պրոռեկտոր Արմեն Հարությունյանի հայտատու լինելու փաստը՝ մյուսները չդրեցին իրենց թեկնածությունը»,- ասում է նա ու ընդգծում, որ նոր ընտրությունների դեպքում անպայման կլինեն թեկնածուներ, իսկ ինչ վերաբերում է իրեն, ապա կմտածի․ «Այլեւս պետք է դադարեցնել «հին ու նոր իշխանությունների ներկայացուցիչ» մեկնաբանությունները, նայել մարդկանց պրոֆեսիոնալիզմին, հնարավորություններին, ով լինելուն։ Անընդհատ գրում են, թե Արամ Սուքիասյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է։ Ուզում եմ ասել, որ երբեւէ կուսակցական չեմ եղել, այո, աշխատել եմ քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ, արել հնարավորը, ինչ կարող էի անել իմ ուժերի ներածին չափով»։ 

Սուքիասյանն ընդգծում է՝ իրեն տրվող դոցենտի կոչումն արհեստականորեն հետաձգվեց եւ իրեն տրվեց ռեկտորի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտի հաջորդ օրը, ուստի չկարողացավ հայտ ներկայացնել։ «Կարծում եմ՝ այստեղ դիտավորություն կա, բայց չունեմ որեւէ հիմք, բացի կասկածից»,-ասում է ու նկատում, որ իր փորձառությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է նշանակում քաղաքական որոշում, որն առկա էր այս ընտրություններում, եւ այս պարագայում նորմալ է համարում, որ ուսանողության ձայնը չի լսվում, եւ ուսանողության վրա ճնշում է գործադրվում․ «Ամբողջ աշխարհի բուհական համակարգը ձգտում է ուսանողամետ քաղաքականություն վարել, բայց մեր պարագայում դեռ հայտնի չէ՝ ինչպիսի քաղաքականություն ենք վարում»։ 

Այն, որ ընտրությունների արդյունքները բոյկոտում է ոչ թե ուսանողության մեծամասնությունը, այլ փոքր մի մաս՝ մոտ 100 հոգի, եւ պահանջել ռեկտորի հրաժարական բոլորի անունից՝ ճիշտ չէ։ Արամ Սուքիասյանը միայն նշեց, որ ֆակուլտետների ուսանողների հետ իրականացրել են ընդհանուր ժողովներ, հավաքել են կարծիքներ, այդ ժողովների արձանագրությունները կան․ «Իսկ ուսանողը, հատկապես ոչ մեծ առաջադիմությամբ ուսանողը, միշտ վտանգի տակ է եւ խուսափում է այսօրինակ բաներին մասնակցելուց՝ հատկապես ներբուհական խնդիրների հետ կապված»։ 

Բուհի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանն այսօր հանդիպելու է նախարարի հետ, ասում է՝ հանդիպումն իր համար եւս անակնկալ է, եւ չգիտի, թե ինչ ընթացք կստանա։ 

Ուսանողները հայտարարեցին, որ եթե նախարարությունն իրենց ականջալուր չլինի եւ նոր ընտրություններ չկազմակերպի, շարունակելու են իրենց պայքարը՝ դասապրոցեսը խաթարելով եւ պայքարի այլ տարբերակներով․ Արզումանյանն այս առնչությամբ ասում է, որ ոչ մի բանից ապահովագրված չէ․ «Մի անհեթեթ մեկնաբանություն է արվում այս ամեն ինչին, որ ուզում ենք լսել այլընտրանքային ծրագիր։ Նախ՝ իրենք չգիտեն իմ ծրագիրն ինչ է, այլընտրանքայինն առավել եւս չգիտեն ինչ է, եւ այդ ծրագիրը չի հաստատվում Մայր Աթոռում, այսինքն՝ ցանկացած պահի ենթակա է փոփոխության։ Դա ընդամենը բուհի ապագայի իմ տեսլականն է, եւ եթե երեխաները որոշեն ու մոտենան ասեն, որ ուզում են սա կամ նա, բնականաբար, այդ ծրագիրն ամեն վայրկյան կարող է փոխվել։ Գրեք ձեր ծրագիրը, բերեք միացնենք իրար, ու թող լինի համընդհանուր ծրագիր, եթե, իհարկե, հիմքում աթոռակռիվը չէ»։ 

Արզումանյանն ասում է՝ մոտավորապես 4 ամիս ամեն ինչ եղել է խաղաղ, ինքը ոչինչ չի զգացել․ թեպետ անընդհատ շփման մեջ է եղել ուսանողների հետ, բայց «ինձ կողքից զգուշացնում էին, որ ինչ-որ բան է կատարվում վերջին մեկ ամսում, բայց, անկեղծ ասած, չէի պատկերացնում։ Իհարկե, ծանր էր այդ ամենն ինձ համար, մի քանի անգամ նյարդերս տեղի տվեցին, ասացի՝ հրաժարական կտամ, բայց հետո հասկացա, որ աբսուրդի թատրոնի մեջ եմ, որովհետեւ ուսանողներից շատերը գալիս ասում էին՝ մենք Ձեզ դեմ չենք․․․, այդ դեպքում ի՞նչ է կատարվում։ Իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ սա պարզապես աթոռակռիվ է, իսկ իմ դեմ դուրս եկան, որովհետեւ այսօր ես եմ նստած այս աթոռին։ Ամենատխուր պատկերը դա է, իսկ ուսանողները ջահել են, ժամանակներն էլ խառն են»։ 

Ինչ վերաբերում է հին ու նոր Հայաստանի հին ու նոր կադրերին եւ այն հանգամանքին, որ այս ընտրությունները նաեւ այդ թիմերի պայքարն է, Արզումանյանն ասաց․ «Հիմա ես հի՞ն եմ, թե՞ նոր։ Ինձ ԲՈՀ-ի նախագահ նշանակել է պարոն Սերժ Սարգսյանը, հիմա ես հի՞ն եմ, թե՞ նոր։ Ընդամենը պետք է նայել՝ ով եմ ես, երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, միշտ հայտարարել եմ, որ չեմ լինելու, 25 տարի պաշտոն եմ ունեցել, բայց անընդհատ դեմ եմ գրել կատարվող ամեն ինչին, եթե այսօրվա իշխանությունների մեջ էլ ինչ-որ բան իմ սրտով չլինի, չեմ դիմանալու՝ գրելու եմ»։