Ո՞ր մի կառույցը չի խառնվել ներքաղաքական խնդիրներին

Ո՞ր մի կառույցը չի խառնվել ներքաղաքական խնդիրներին

Վերջերս տեղի ունեցավ «Երկրապահ կամավորականների միության» համագումարը, որի ժամանակ էլ այդ կառույցի ղեկավար ընտրվեց  ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար  Սասուն Միքայելյանը։ 

Երկար տարիներ ԵԿՄ-ն ղեկավարել է գեներալ Մանվել Գրիգորյանը, որը կալանավորված է անցյալ տարվա հունիսի 19-ից։ 

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Այժմ հաճախ է հնչում այն մտահոգությունը, որ նորընտիր վարչությունն ու նրա նախագահն էլ չպետք է գնան նախկինի ճանապարհով, ԵԿՄ-ն պետք է վերափոխվի։

ԵԿՄ վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած տղաների գործունեությունը պետք է ներկայացվի հանրությանը։ Դա պետք է լինի առաջնահերթ խնդիրը։

«Պետք է նրանց գործունեությունը գնահատել, որպեսզի մարդիկ չասեն, որ 20-30 տարի սոված են ապրել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ-ին, ապա Մանվել Եղիազարյանը կարծում է, որ իր  խախտումների համար պատասխան է տալիս ինքը՝ Մանվել Գրիգորյանը։ Նա հիշեցնում է, որ ԵԿՄ անդամների ստվար մասը գործել են ընդդիմադիր դաշտում, պայքարել արդարության համար։ 

Նկատեցինք, որ ԵԿՄ-ն միշտ եղել է գործող իշխանությունների կողքին, եթե Մանվել Գրիգորյանը ՀՀԿ անդամ էր, ապա Սասուն Միքայելյանն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ո՞րը պետք է լինի ԵԿՄ-ի խնդիրը։

«Պետք է ուշադիր լինենք ազատամարտիկների նկատմամբ, պետությունը պարտավոր է բուժել նրանց վերքերը»,- ասաց Արաբոյի Մանվելը։

ԵԿՄ-ն միշտ միջամտել է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ո՞րն է երաշխիքը, որ այսուհետ ազատամարտիկները ձեռնպահ կմնան ներքաղաքական խնդիրներին խառնվելուց։

«Ինչպե՞ս է խառնվելու, ինչո՞ւ հիմա գուշակություններ անենք։ Ո՞ր մի կառույցը չի խառնվել ներքաղաքական խնդիրներին։ Մամուլն էլ է եղել կա՛մ իշխանության կողքին, գովաբանել է նրան, կա՛մ էլ եղել է ընդդիմություն։ Նույն երկրապահներից ոմանք իշխանություն են եղել, ոմանք էլ՝ ընդդիմություն։ Մենք պետք է այնպես անենք, որ ամեն մեկն ազատ լինի իր ընտրության մեջ, եւ պետությունը ուշադրություն դարձնի այդ տղաներին, նրանց հոգսերի մի մասը գոնե հոգա։ Ինչով կարողանանք, պետք է դրանով էլ օգնենք, որպեսզի մարդիկ իմանան, որ պետությունը կանգնած է իրենց կողքին»,- ասաց Արաբոյի Մանվելը։