Համակարգված կոռուպցիան վերանալու մասին խոսակցությունները չափազանցված են

Համակարգված կոռուպցիան վերանալու մասին խոսակցությունները չափազանցված են

Հաճախ ենք լսում, որ մեր դատական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված, տարիներով մարդիկ դատական քաշքշուկների մեջ են, անգամ ամենապարզունակ գործը կարող է մի քանի տարի ձգվել։ Եթե նախկինում այս ֆենոմենն իր բացատրությունն ուներ՝ դատարան էին ուղարկվում շինծու քրեական գործեր, դրան գումարած՝ դատավորներն էլ կախվածության մեջ էին, ու այդ պատճառով դատական գործընթացը կարող էր ամիսներ, տարիներ ձվել, մինչեւ դատավորները կողմնորոշվեին, թե քամին որ կողմից է փչում, ապա նոր Հայաստանում, երբ վարչապետի մակարդակով հայտարարվում է, թե  դատավորների վրա չկան ճնշումներ, չկան հեռախոսազանգեր, ուղղորդումներ, որ այլեւս գործեր չեն կարվում եւ այլն, առնվազն տարօրինակ է դատարանների դանդաղկոտությունը։ Սա է պատճառը, որ լրագրողներս երբեմն մոռանում ենք քրեական սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյաներին։ Զորօրինակ՝ Բավրայի մաքսակետի պետ, հայտնի «ջակուզի փարթիի» հերոս Երեմ Մարգարյանին, ով հյուրանոցում «ջակուզի փարթի» էր կազմակերպել ու մոռացել էր ջուրը փակել, եւ Ալրաղացի Լյովի շքեղ օբյեկտում ջրհեղեղ էր սկսվել, ինչի արդյունքում նա ազատվել էր աշխատանքից, հետո վերականգնվել։ 

Երկու տարի է՝ նա դատական քաշքշուկների մեջ է ու պնդում է, որ իր դեմ կարվել է մի «փուչիկ» գործ։ 2017 թվականի մայիսի 26-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը, հաղորդագրության մեջ անունը չէր նշվում, հավանաբար այն պատճառով, որ Երեմ Մարգարյանն այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ շրջանակից էր, համարվում էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կադրը, ոչ էլ խոսք կար կաշառքի չափի եւ ընդհանրապես դեպքի մասին։ Պարզվում է, Երեմ Մարգարյանի նկատմամբ գործ է հարուցվել 400 դոլար կաշառք ստանալու մեղադրանքով, ընդ որում՝ ամենախիստ՝ 311 հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում։ Հետո նաեւ ավելացվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածը, քանի որ խուզարկության ժամանակ Մարգարյանի Ջրվեժի տան երկաթյա սեյֆից «Մակարով» տեսակի 35 փամփուշտ են հայտնաբերել։ Թեեւ հետագայում դատարանը մասը փոխել է՝ 2-րդից առաջինի։

Գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ մաքսատան բրոքեր Արմեն Էբոյանը, ով, ըստ մեղադրանքի, Մարգարյանին միջնորդել է, որպեսզի չունենալով արտահանվող ապրանքների ձեռքբերման եւ ՀՀ ներկրելու փաստաթղթեր՝ իր ծանոթը կարողանա պաղպաղակի 2 չօգտագործված սարքավորումներ, հովացման սարքեր եւ մալուխ արտահանել Ռուսաստանի Դաշնություն, ապա օժանդակել է, որ այդ ծառայության դիմաց Մարգարյանը 400 դոլար կաշառք ստանա։ 2017-ի մայիսի 28-ին Երեմ Մարգարյանին եւ Էբոյանին կալանավորել են, սակայն դատական առաջին նիստը հրավիրվել է ուղիղ մեկ տարի անց՝ 2018-ի մայիսի 15-ին, երբ արդեն Հայաստանում տեղի էր ունեցել թավշյա իշխանափոխությունը։ Հավանաբար, այս իրողությունն էլ դարձել է պատճառ, որպեսզի Երեմ Մարգարյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվի։

Մայիսի 15-ին հրավիրված դատական առաջին նիստը նախ հետաձգվել է, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտնել է, որ չի հասցրել ծանոթանալ գործին, մինչդեռ Երեմ Մարգարյանը հակադարձում է, որ նա մեկ ամսից ավելի ժամանակ է ունեցել ծանոթանալու, ըստ ամենայնի, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, դատախազը որոշել է ժամանակ շահել, տեսնել, թե ինչ է լինելու, ու չի գնացել պնդելու Երեմյանի պնդմամբ շինծու մեղադրանքը։ Արդեն հունիսի 15-ին դատարանի որոշմամբ մեղադրանքը մեղմացվել է, երկրորդ մաս են կիրառել՝ 1 տարի 8 ամիս ազատազրկում, գումարած եւս վեց ամիս էլ ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով։ Օգոստոսի 10-ին Մարգարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սակայն բողոքարկում է առաջին ատյանի  որոշումը, պահանջում է արդարացում, դատարանի որոշումը բողոքարկում է նաեւ դատախազությունը՝ պնդելով, որ Մարգարյանի պատիժը պետք է նույնը թողնվեր։ Վերաքննիչում մայիսի 30-ին սպասվում է առաջին նիստը։ Երեմ Մարգարյանը կարծում է, որ եթե իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու չլիներ, ապա չէր էլ մեղմացվի, այն էլ հիմա՝ իշխանափոխությունից հետո։

Նա ասում է, որ գործում առկա չեն հիմնավոր ապացույցներ, որ ինքը կաշառք է վերցրել, միակ «ապացույցն» իր եւ Էբոյանի հեռախոսազրույցի ապօրինի վերծանությունն է, որի մեջ էլ անգամ խոսք չկա գումարի, այսպես կոչված՝ կաշառքի մասին․ «Նախ այդ գաղտնալսումը, ապա վերծանումն ապօրինի են եղել, իմ նկատմամբ դատարանի որոշում չի եղել, եւ Սահմանադրությամբ իրավունք չունեին մեր զրույցը վերծանել, առավել եւս դա չի կարող գործով որպես ապացույց դառնալ, սակայն այդ վերծանությունից անգամ պարզ է դառնում, որ ես կաշառքի մասին որեւէ բառ չեմ խոսել որեւէ մեկի հետ։ Գործում 12 հազար թերթ հեռախոսային վերծանություն կա, որից 30-ն է ընդամենը ինձ վերաբերում։ Ես չգիտեմ՝ ով ում հետ ինչ է խոսել, ում են գումարը տարել, բայց պնդում եմ, որ ինձ որեւէ մեկը գումար չի տվել»։ Մենք նույնպես ծանոթացանք գործին եւ փաստենք, որ գումարային խոսակցություն վարում են Էբոյանն ու իր ծանոթը, որի բեռները պետք է փոխանցվեին Ռուսաստան։

«Ե՛վ դատախազությունն է այս գործով անգործության մատնված, ե՛ւ դատավորները։ Սահմանված կարգով դատարանի վճիռը պետք է մեզ տրամադրեին հնգօրյա ժամկետում, սակայն մինչեւ աղմուկ չբարձրացրեցի՝ դիմել եմ ՄԻՊ-ին, դատախազին, «Թրանսփարեսիին» եւ այլ կառույցների, միայն այդ աղմուկի պարագայում վճռից 9 օր անց տրամադրեցին ինձ։ Ես կարող եմ, չէ՞, կասկածել, որ սա համակարգային կոռուպցիայի արդյունք է, որքան էլ վարչապետը հերքի դա։ Երեւի դատավորը սպասում է, թե իրեն ով կզանգի, ինչ կառաջարկի․․․»։ Մարգարյանը տեղեկացրեց, որ դատախազությունն էլ մեկ ամիս ուշացումով է ստացել դատավճիռը․ «Որովհետեւ իրենց պետք է ժամանակ ձգեն, այդ ընթացքում ով կգա, ինչ կառաջարկի եւ այլն»։ Ապօրինի զենք պահելու հոդվածին անդրադառնալով՝ Մարգարյանն ասաց․ «Այդ փամփուշտներն իբր գտել են իմ հոր երկաթյա սեյֆից, ես չգիտեմ էլ՝ իրե՞նք են գցել էդ փամփուշտներն այնտեղ, թե՞ կային։ Բայց նման փամփուշտներ կարելի է ցանկացած տեղից գնել, զենք չկա, միայն փամփուշտի համար են մեղադրանք առաջադրել»։

Մարգարյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: Նա մաքսային ծառայության հնաբնակներից է եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում: Իսկ Էբոյանը մեկ տարվա կալանքից ազատվել է անցած տարվա մայիսի վերջերին։ Ի դեպ, Երեմ Մարգարյանը մինչ օրս ազատված չէ Բավրայի մաքսակետի պետի պաշտոնից, նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, եւ քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում, ընդամենը պաշտոնավարումն է կասեցված, եւ նա, օրենքով սահմանված կարգով, պետք է ամեն ամիս աշխատավարձ ստանա, ինչը ՊԵԿ-ը չի անում։ Նրան պատասխանել են՝ աշխատավարձը պահպանվում է, չի նշանակում նրան պետք է աշխատավարձ վճարեն։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանը չպատասխանեցին, թեեւ խոստացան պատասխանել։