Միայն հայկական շահը

Միայն հայկական շահը

Ամենատհաճ բաներից մեկն այն է, երբ քո երկրի իշխանությունները կամ քաղաքական ինչ-ինչ շրջանակներ առաջնորդվում են ոչ թե սեփական պետության շահերով, այլ օտար պետությունների հրահանգներով ու ուղղորդմամբ։

Առավել տհաճ է, երբ ուղղորդող երկիրը զարգացած տնտեսությամբ եւ իր քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք ապահոված պետություն չէ, այլ բազում խնդիրներ ունեցող, գահավիժող տնտեսությամբ պետություն։

Ասված է, չէ՞, «լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի»։ Առհասարակ, երբ դու սկսում ես սպասարկել այլ պետության շահեր, դա երբեք ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, անգամ եթե այդ երկիրը մեծ է եւ շատ մեծ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանը։

Երեկ, օրինակ, Երեւանում Ղրիմի «ինքնորոշման» 5-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես էր բացվել, որին մասնակցում էին ռուսահպատակ գործիչներ։

Նրանք «Ղրիմի բարեկամներ» անունով հայաստանյան ակումբի անդամներ են եւ, իհարկե, իրենց ռուսասիրությունը բացատրում են հայ-ռուսական հավերժ բարեկամությամբ, իսկ Ղրիմի հանդեպ վերաբերմունքը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված մեզ համար շահեկան քաղաքականությանը նպաստելու փաստով։

Այնպես, ինչպես Արցախի հարցում ռուսական մանդատի առաջնայնության գաղափարն են մեկնաբանում Ղարաբաղի հարցի լուծման շահերից։ Բայց ակնհայտ է, որ ինչքան էլ մենք սիրաշահենք «մեծ եղբորը», որքան էլ դրսում սպասարկենք նրա շահերն ու քվեարկենք նրա հրահանգով, միեւնույն է՝ ռուսական կայսրությունը մշտապես եւ ամենուրեք առաջնորդվելու է միմիայն սեփական շահերով, եւ Հայաստանը նրա համար ծառայելու է որպես պլացդարմ, որպես ֆորպոստ, կախյալ պետություն, որը պատրաստ է միշտ կատարել իր հրահանգները՝ առանց դրա դիմաց մեծ պահանջներ ներկայացնելու։