Քաղաքապետարանի՝ մրցույթ չանցկացնելու հիմնավորումը

Քաղաքապետարանի՝ մրցույթ չանցկացնելու հիմնավորումը

Դեռևս դեկտեմբերի 25-ին գրել էինք, որ Երևանի նոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը քաղաքապետարանը առանց մրցույթի անցկացման վստահել է մի կազմակերպության՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Հարցրել էինք, թե ինչո՞ւ մրցույթ չի կազմակերպվել, քաղաքապետարանից պատասխանել են, որ կառավարության հավանությանն է արժանացել կազմակերպության ներկայացրած ծրագիրը, և կայացվել է մեկ անձից գնում կատարելու որոշում․

«Ընկերության կողմից ներկայացված ծրագիրը հավանության է արժանացել և ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի հ. 1458-Ա որոշման համապատասխան, մեկ անձից գնման իրականացման ձևով կազմակերպության հետ կնքվել են ԵՔ/ՄԱԾՁԲ-18/122  և ԵՔ/ՄԱԾՁԲ-18/123 ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր:

Նշված պայմանագրերի կրկնօրինակները էլեկտրոնային տարբերակով տեղադրված են Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում, որոնց «Տեխնիկական բնութագիր» և «Վճարման ժամանակացույց» հավելվածներում շարադրված է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների և դրանց արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։ 

Արդյունքում կրկին անպատասխան է մնում այն հարցը, թե ինչո՞ւ օրենքով սահմանված կարգով մրցույթ չի անցկացվել։ Չէ՞ որ տարբեր կազմակերպություններ կարող էին մասնակցել այդ մրցույթին, և կհաղթեր այն կազմակերպությունը, որը ամենամատչելի և հարմար ծառայությունները կառաջարկեր։ Փաստորեն քաղաքապետարանը կամ կառավարությունը որոշել է առանց մրցույթի գնումները կատարել մեկ անձից՝ առանց որևէ հիմնավորման։ 

Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ «Երևան» հիմնադրամից այդ միջոցառման իրականացման համար գումար չի փոխանցվել, այսինքն՝ ծախսերը վճարվել են Երևանի բյուջեից։ Ընդհանուր գումարը կազմել է 24 մլն դրամ՝ մոտ 50 հազար դոլար։