Նրանք պատգամավոր են դարձել 4/4-ի շնորհիվ

Նրանք պատգամավոր են դարձել 4/4-ի շնորհիվ

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակների 4-րդ համարները, հետաքրքիր զուգադիպությամբ, ստացել են շատ ձայներ, ոմանց բախտն այնքան է ժպտացել, որ չունենալով որեւէ լծակ, որեւէ պաշտոն, որեւէ հովանավորչություն՝ պատգամավոր են դարձել։ Ոմանք սա պայմանավորում են այն հանգամանքով, որ «Իմ քայլը» դաշինքը հանդես էր գալիս 4-րդ համարի տակ, եւ շատերը, ըստ ամենայնի, ոչ միայն 4-րդ քվեաթերթիկին են իրենց նախընտրությունը տվել, այլեւ քվեաթերթիկի 4-րդ համարին։ 

Օրինակ, Երեւան քաղաքի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում այդ «երջանիկը» Գոռ Գեւորգյանն է․ զբաղեցնելով 4-րդ համարը՝ նա ռեյտինգայինների շարքում 4-րդ տեղն է զբաղեցրել՝ 5 հազար 581 ձայնով, եւ կստանա պատգամավորական մանդատ։ Ռեյտինգային ցուցակով պատգամավոր կդառնա նաեւ Արաբկիր, Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում 4-րդ համար Նիկոլայ Բաղդասարյանը, որն ավելի շատ ձայն է հավաքել՝ 9 հազարից ավելի, քան նույն տարածքում առաջադրված տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը։ Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3-ում 4-րդ բախտավոր համարի տակ հանդես եկած Հռիփսիմե Գրիգորյանը նույնպես կանցնի խորհրդարան։ Հռիփսիմեն Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարն է, 4 հազարից ավելի ձայն է հավաքել՝ հետեւում թողնելով նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։

Կենտրոն համայնքում քանի որ կատաղի պայքար էր մղվում, եւ այստեղ էին կենտրոնացվել բոլոր ուժերի ուժեղագույնները, իշխող դաշինքի 4-րդ համարի տակ հանդես եկող լրագրող Վահագն Գրիգորյանը հաջողացրել է 3 հազար 500 ձայն ստանալ։ Նա այդ ցուցանիշով չի կարող ԱԺ գործուղվել, փոխարենը մանդատ կստանա համապետական ցուցակից։

Արարատի մարզն ընդգրկող թիվ հինգ ընտրատարածքում էլ 4-րդ համար Տաթեւիկ Գասպարյանն է շահած դուրս եկել՝ 9 հազար 390 քվեով նա հետեւում է թողել անգամ պատգամավոր Հովիկ Աղազարյանին (5 հազար 759 քվե): Ի դեպ, Տաթեւիկ Գասպարյանը Ճվճվ Արոյի որդիների կողմից վրաերթի ենթարկված ոստիկանի քույրն է։

Արմավիրի մարզում «Իմ քայլի» թիմը բաժանվել էր մի քանի խմբերի, եւ մարզպետ, քաղաքապետ՝ յուրաքանչյուրն իր թեկնածուն ուներ։ Առաջադրված էին նաեւ փոխմարզպետ, Էջմիածնի երկու փոխքաղաքապետ, սակայն ռեյտինգային ցուցակի 4-րդ հորիզոնականում հանգրվանած Մարիամ Գրիգորյանը, որը չուներ նրանցից ոչ մեկի աջակցությունը, չորրորդ տեղով անցնում է խորհրդարան, ընդ որում՝ 6 հազար 161 ձայն ստացած Մարիամն ընդամենը մոտ հարյուր ձայնով է զիջում փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին։

Կոտայքի մարզից էլ 4-րդ համար Վահե Հովհաննիսյանը պատգամավոր կդառնա՝ ստացած 6 հազար 400 ձայնով։ Լոռվա մարզից՝ Արփի Դավոյանը՝ 8 հազարից ավելի ձայնով։ Վերջինս նաեւ Նիկոլ Փաշինյանի օգնականն է, Տավուշից էլ՝ մարզպետ Վահե Ղալումյանը։ Արագածոտնի մարզում Մյասնիկ Մալխասյանի որդուն, սակայն, բախտը չի ժպտացել․ նա 70-ով ավելի քիչ է ձայն հավաքել, քան անցողիկ վերջին թեկնածուն։ Ցուցակում էլ Անդրանիկ Մալխասյանը 179-րդն է։

Գեղարքունիքի մարզի թեկնածուն նույնպես՝ անհայտ Աննա Կարապետյանը, հավաքել է մոտ 3 հազար 500 ձայն, Սյունիքի 4-րդ համարն էլ խորհրդարան չի գործուղվի, բայց հավաքել է պատկառելի թվով ձայներ՝ 4 հազար 455։

Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ