Անդրադարձ է լինելու նաև ՀԺ-ին․ Հայկ Մարությանի խոսնակ

Անդրադարձ է լինելու նաև ՀԺ-ին․ Հայկ Մարությանի խոսնակ

Արե՞լ է արդյոք Երևանի քաղաքապետարանը մարքեթինգ և անցկացրել՝ ուսումնասիրություն, թե ո՞ր ընկերություններն ու տնտեսվարողներն են պատրաստ գալ և մտնել, և արդյոք շենքերը դատարկ չե՞ն մնա։ Այս հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, որն ասաց․ «Քաղաքապետարանը, ինչպես երեկ էլ էի նշել մեր հայտարարության մեջ, որևէ մեկին դուրս հանելու և նրա փոխարեն ուրիշներին բերելու մտադրություն չունի։ Մասնավորապես, Բուզանդի 1/3 հասցեում և առհասարակ։ Եթե այսպես ձևակերպենք, ուզում ենք վերագույքագրում իրականացնել՝ հասկանալու համար, թե այդ տարածքներն ինչպես են տնօրինվում։ Կան տարածքներ, որոնք անհատույց են, որոնք վարձակալությամբ են։ Եթե անհատույց են, ինչո՞ւ են անհատույց և արդյոք նպատակահարմա՞ր է շարունակել նույն ձևով։ Եվ խնդիրը, որը Դուք եք նշում, այլ սուբյեկտների առաջարկել գալ, չկա, և հետևաբար, մարքեթինգի խնդիր չի եղել»։

Մյուս կողմից, ինչպես նկատեց Հակոբ Կարապետյանը, հասկանալի է, որ «եթե այլոց շուկայական գներով, քաղաքի ամենակենտրոնում նման տարածքներ տրամադրվեն, քաղաքն, ամենայն հավանականությամբ,ավելի շատ մուտքեր կունենա»։ Բայց, քաղաքապետարանի մամուլի խոսնակը կրկնում է, որ լրատվամիջոցներին, ազգային փոքրամասնություններին և հասարակական այլ կազմակերպություններին հարցում հաշվի է առնվելու այս սուբյեկտների իրականացրած գործունեությունն ու դրա բնույթը։

Հարցին, թե ինչու՞ էր Երևանի քաղաքապետարանից մի պաշտոնյա հայտնել, թե խմբագրությունների և այլ իրավաբանական անձանց՝ կազմակերպությունների, ՀԿ-ներ ի կողմից Երևան համայնքին պատկանող տարածքները լքելու առաջարկը եղել է  Երևանի քաղաքապետարանի   «Իմ քայլը» խմբակցության   անդամի կողմից, Հակոբ Կարապետյանը պատասխանեց․ «Մի քիչ դժվարանում եմ մեկնաբանել չճշտված տեղեկություն, եթե ասեիք, թե ըստ Ձեր տեղեկության՝ ավագանու անդամներից ով է այդ գաղափարը գեներացնողը, բայց, ամեն դեպքում, շատ հստակ է՝ քաղաքապետարանի նախաձառնությունն է և քաղաքապետարանը խնդիր ունի ոչ ավել, ոչ պակաս, քան երեկվա տարածածս պարզաբանման մեջ է նշված»։

Հիշեցնենք, որ դրանում նախ ասվում է, որ Երևանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող գույքի առավել արդյունավետ կառավարման նպատակով օրերս ծանուցումներ է ուղարկել մի քանի տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք տարածքներ են զբաղեցնում համայնքին պատկանող շինություններում և որ քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ:

Նշված էր նաև, թե ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն՝ ստորեւ բերված փաստաթղթերում նշված «ծանուցումը ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթը ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը:

Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչյուր դեպքով կկայացվի որոշում: Հակոբ Կարապետյանն ասում է, որ չգիտի թե օրինակ՝ «Հայկական ժամանակը» որքան գումար է վճարել քաղաքապետարանին։ «Չգիտեմ, ընդամենը գիտեմ, որ ՀԺ-ն նույնպես տեղակայված է քաղաքապետարանին պատկանող շենքում և, իհարկե, այս գործընթացի շրջանակներում անպայման Բուզանդի 1/3 շենքից բացի այլ շենքերին է անդրադարձ կատարվելու և նաև շենքին, որտեղ տեղակայված է «Հայկական ժամանակը»»։