Եթե Սերժը Նիկոլի ֆոկուսը չաներ…

Եթե Սերժը Նիկոլի ֆոկուսը չաներ…

Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Հայաստանում այս թավշյա հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե Սերժ Սարգսյանը՝ որպես պաշտոնավարումն ավարտած նախագահ, իր նախորդի օրինակով, իշխանությունը փոխանցեր խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժի թեկնածուին եւ գնար վաստակած հանգստի: Մինչդեռ Սերժ Սարգսյանն արեց մի բան, որ անհասկանալի էր ոչ միայն համաշխարհային փորձի տեսանկյունից, այլեւ ենթակա չէ որեւէ տրամաբանական բացատրության: Ո՛չ քաղաքագետներն են բան հասկանում, ո՛չ տնտեսագետները, ո՛չ զինվորականները, ո՛չ իրավաբանները եւ ո՛չ էլ նույնիսկ քիմիկոսները: Մնում է կենսաբանների կարծիքն իմանալ եւ վերջնականապես ձեռք քաշել տեղի ունեցածի համար հոդաբաշխ բացատրություն գտնելու անիմաստ փնտրտուքից: Իհարկե, Սերժ Սարգսյանն անձամբ կարող է դա անել, բայց հույս չկա, թե նա մի գեղեցիկ օր կմեկնաբանի իր ցուցադրած ֆոկուսը, մանավանդ, որ հանդիսատեսների շրջանում գլուխ բարձրացրած արմանք-զարմանքին արդեն փոխարինել է զայրույթը:

Տարիներ առաջ մի հոդված էի գրել Սերժ Սարգսյանի մասին, որտեղ նշել էի, որ նա միայնակ է շախմատ խաղում՝ ինքն իր դեմ: Ոմանք դա կատակով էին ընդունել, բայց իզուր: Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ փուլում հատկապես սրվեցին իրավահաջորդի հետ կապված հարցերը: Շատերը, այդ թվում եւ Նիկոլը, պնդում էին, որ Սերժ Սարգսյանն իրավահաջորդ չի պատրաստել եւ չգիտի ում փոխանցել իշխանությունը: Նոր Սահմանադրության ընդունումն ու խորհրդարանական կառավարման անցումը, կարծես, թեթեւացրին Սերժ Սարգսյանի այդ հոգսը, եւ նա շատ արագ կատարեց քայլեր (Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը, Կարապետյանի ՀՀԿ-ացումն ու առաջին համարով ԱԺ ընտրությունների տանելը), որոնք կասկած անգամ չթողեցին, որ իրավահաջորդի հարցը տեխնիկապես լուծված է, եւ մնում է, որ ինքն ավարտի ժամկետը: Ամեն ինչ ընթանում էր ձանձրալի սցենարով՝ ՀՀԿ-ն մեծ փողերով հաղթեց 17 թվի ընտրություններում, ընդդիմությունն ընդունեց պարտությունը եւ մտավ խորհրդարան: Ամեն ինչ ՕՔ էր, ու մեկ էլ ՀՀԿ-ի «բիձեքը» սկսեցին բարբառել, թե բա՝ Սերժից լավ վարչապետ չի կարող լինել, քանզի աշխարհաքաղաքական մոմենտը դա է թելադրում:

Ճիշտ է, բոլորը հասկանում էին, որ նրանց բերանով Սերժն է խոսում, բայց ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե Սերժի ինչին էր պետք վարչապետ դառնալը:

Ֆոկուսն սկսվեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո: Հենց այդ պահից էլ քաղաքական գործընթացներն ընկղմվեցին խավարի մեջ, որից, ինչպես հետնաբեմի մթության միջից, ալե-հոպ, հայտնվեց Նիկոլ Փաշինյանն ու իր 15 հոգանոց «արշավախմբով» վերցրեց իշխանությունը, այն իշխանությունը, որից Սերժ Սարգսյանը, թվում էր, ատամներով է կառչել: Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի… Ինչպե՞ս կարող էր սխալվել 30 տարի շարունակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մարդը, որը, ի լրումն այդ ամենի, նաեւ վերջին 10 տարիների նախագահն էր: Իսկ սխալվե՞լ էր, արդյոք… Այս հարցի պատասխանն է, որ մենք չունենք: Նա պապ չէր սպանել, տերտեր չէր սպանել, ուրեմն ինչո՞ւ վերցրեց ու ինքզինքը մերժեց: Խոսքը ձերն է, հարգելի կենսաբաններ եւ աստվածաբաններ, քաղաքագետներն անզոր են այլեւս այս երեւույթը բացահայտելու հարցում:

Դեսպան, մեդիամագնատ Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսա) վերջին հայտարարությունները, որոնք իրավիճակը վերահսկողի ոճով էին արվել եւ միեւնույն ժամանակ նախընտրական խոստումներ էին հիշեցնում, պատճառ դարձան, որ քաղաքական հանրության շրջանում խոսակցություններ սկսվեն ՀՀ հաջորդ վարչապետի մասին: Կարծում եմ՝ վատ թեկնածու չէ Միքայել Մինասյանը. Վատիկանի օդ է շնչել, կիրթ է, խաղաղություն ու միասնություն է քարոզում, խոստանում է վերացնել ներքին խրամատները եւ ամուր կանգնել միակ՝ հայ-ադրբեջանական առաջնագծի խրամատում, բարելավել հարաբերությունները հարեւանների եւ գործընկեր երկրների հետ:

Այլ խոսքով՝ նա պատրաստ է Փաշինյանից 180 աստիճանով տարբեր քաղաքականություն վարել: Միքայել Մինասյանի այս գեղեցիկ հայտնությունը, սակայն, ինձ չի ոգեւորում: Ավելին ասեմ՝ Սերժի վերջին օրերին ինձ պատած արմանք-զարմանքը վերածվում է սնոտիապաշտության: Այսինքն ի՞նչ՝ Սերժն ինքզինքը մերժեց, Նիկոլին բերեց, որ հետո փեսան մերժի Նիկոլին ու դառնա վարչապե՞տ: Թե երկու օր է Նիկոլին ինչ են անում Միքայել Մինասյանի հովանավորած լրատվամիջոցները՝ ես լավ գիտեմ, թե ինչպես են անհանգիստ շարժումներ անում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները, դա էլ եմ տեսնում, թե ինչպես է խարխլվում «Իմ քայլը», նույնպես գաղտնիք չէ: Բայց ո՞վ կարող է բացատրել, թե ինչու է ասֆալտին փռող, պատերին ծեփող էն տղեն այսպես տրվել դրայվի ու ոչինչ չի ձեռնարկում իր տակից փախչող աթոռը պահելու համար: Այդպես էլ Սերժի դեմ քրեական գործ չհարուցեց: Չասենք՝ վախեցավ, բայց ամեն դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Մի՞թե իսկապես պատճառն այն է, որ շախմատում չի կարելի սեփական արքային մատ հայտարարել:

Կարող եք ասել՝ ահա եւ շղթան փակվեց, էլ ի՞նչ կարիք կա կենսաբաններին դիմելու: Բայց սպասեք մի րոպե. այդ դեպքում Քոչարյանի գո՞րծն ինչ մեղքս էր, Քոչարյա՞նն էր խանգարում: Ո՞ւմ, Սերժի՞ն: Չէ, եղբայր, ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ վերջին մեկուկես տարում մեզ մոտ քաղաքական պրոցեսներ են ընթացել: Դուք ավելի լավ է հաշվեք, թե որքան նստեց ՀՀ բյուջեի վրա Նիկոլ Փաշինյանն իր ապարատով, եւ ինչ գումարներ կտնտեսեինք, եթե Սերժ Սարգսյանը Նիկոլի ֆոկուսը չաներ: Ու չմոռանանք, որ այդ ֆոկուսն անելու ժամանակ Քոչարյանն առանձնապես չէր էլ տենչում վարչապետ դառնալ: Մարդուն իր գործերից կտրեցին բերեցին, սուտ մեղադրանքներ ներկայացրեցին, որ ի՞նչ անեն՝ ֆոկո՞ւս։